Orange-ի ցանցը Հայաստանում շարունակում է մնալ շարժական ինտերնետի որակի առաջատարը


Orange-ի ցանցը Հայաստանում շարունակում է մնալ շարժական ինտերնետի որակի առաջատարը

  • 05-09-2013 17:32:19   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Օրանժ Արմենիայի 3G+ ցանցն արդեն երկրորդ անգամ ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանում՝ ըստ գերմանական «P3 Communications» անկախ միջազգային խորհրդատվական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների: Միջազգային չափանիշներին համապատասխան իրականացված ուսումնասիրության ընթացքում գնահատվել են մի շարք պարամետրեր, ինչպես մուտքը ստատիկ վեբ կայքեր՝ ներառյալ YouTube-ի գլխավոր էջ, տեսանյութերի դիտումն ինտերնետով, էլեկտրոնային հաղորդագրությունների առաքումն ու ստացումը, ֆայլերի վերբեռնումն ու ներբեռնումը, տրված հրամանին համակարգի արձագանքին սպասման ժամանակը և վեբ կայքեր մուտք գործելու համար պահանջվող ժամանակը: Բոլոր փորձարկումներն իրականացվել են շուկայում առկա USB մոդեմներով ու սմարթֆոններով և հատուկ ծրագրերով:
 
Այս տարի Հայաստանում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ վերը նշված բոլոր պարամետրերով Օրանժ Արմենիա ընկերությունը Հայաստանում առաջարկում է ինտերնետի լավագույն արագություն և որակ:
 
«2012-2013թթ. ընթացքում մենք ավելացրել ենք մեր ցանցի թողունակությունը մինչև 42Մբ/վ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում և մինչև 21Մբ/վ մյուս բոլոր քաղաքներում և գյուղերում: Ուրախ եմ նշել, որ մեր ցանցը շարունակում է մնալ որակի առաջատարը Հայաստանում և նախորդ տարի դեկտեմբերին «P3 Communications» ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների համեմատությամբ նույնիսկ բարելավել է իր աշխատանքային արդյունավետությունը: Մեզ համար ուրախալի է տեսնել, որ ցանցի որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներն իրենց արդյունքն են տալիս: Բացի այդ, վերջին ամիսների ընթացքում Օրանժ Արմենիան ծածկույթ է ապահովել մի շարք նոր գյուղերում, որոնցից` Լոռու մարզի Անտառամուտ և Կաճաճկուտ և Սյունիքի մարզի Գեղանուշ և Գոմարան գյուղերն առաջին անգամ են հասանելիություն ունենում հեռահաղորդակցության ծառայություններին», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
 
Հայաստանում փորձարկումներն իրականացվել են 2013թ. հունիսի 15-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում Երևան, Գյումրի, Վանաձոր և Էջմիածին քաղաքներում՝ հաշվի առնելով, որ բնակչության խտությամբ պայմանավորված՝ նշված քաղաքներում է գեներացվում տրաֆիկի մոտ 80%-ը: Փորձարկումներն իրականացվել են նշված քաղաքների կենտրոններում, գործարար ու առևտրային շրջաններում և արվարձաններում: Փորձարկումների շուրջ 19%-ն իրականացվել է շարժման մեջ:  
 
Ուսումնասիրությունն իրականացվել է Orange Խմբի պատվերով, միջազգային առաջատար «P3 Communications» անկախ խորհրդատվական ընկերության կողմից: Այս ուսումնասիրությունը հեռահաղորդակցության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շարունակական արշավի մի մասն է կազմում, որը շեշտը դնում է Orange-ի եվրոպական շուկաներում 3G ցանցով շարժական ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորների ցանցերի որակի վրա, և թույլ է տալիս համեմատել շարժական կապի 26 օպերատորների ցանցերի ուսումնասիրությունների արդյունքները:    
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ