Ադրբեջանում իսլամիստներին հալածում են


Ադրբեջանում իսլամիստներին հալածում են

  • 20-01-2011 14:22:23   | Ադրբեջան  |  Վերլուծություն
Ադրբեջանում Իսլամիստական կուսակցության ակտիվիստների ձերբակալությունները սկսվել են այն ժամանակ, երբ նրանց առաջնորդը երկրի նախագահին չարագործ է անվանել: Ադրբեջանի Իսլամիստական կուսակցության մի շարք ակտիվիստներ են ձերբակալվել, երբ նրանց առաջնորդը համեմատել է նախագահ Իլհամ Ալիեւին շիաների պատմության մեջ ամենաատելի անձնավորություններից մեկի հետ: Հունվարի 7-ին ձերբակալվել են Ադրբեջանի Իսլամիստական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովը, նրա տեղակալ Վագիֆ Աբդուլլաեւը, վարորդ Միրհուսեյն Քազիմովը եւ կուսակցության ակտիվիստ Էլչին Հասանովը: Ներքին գործերի նախարարության եւ գլխավոր դատախազության հայտարարությունների համաձայն` նրանք կասկածվում են ահաբեկչական հարձակումներ ծրագրելու մեջ: Իսլամիստական կուսակցության անդամներին 10-15 օրվա ազատազրկման են դատապարտել` ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար: Սակայն այսքանով ձերբակալությունները չեն ավարտվել: Հունվարի 10-ին բանտարկվել են աստվածաբան Զուլֆուգար Միքայիլզադեն եւ ,Ազգային բարոյական արժեքներե կազմակերպության նախագահ Մեհդի Մամեդովը, ինչպես նաեւ` Իսլամիստական կուսակցության մի շարք այլ ակտիվիստներ: Հունվարի 11-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը եւ գլխավոր դատախազությունը հայտարարել են, որ Սամեդովի ձերբակալված երկու զարմիկների տներում ոստիկանությունը ձեռքի նռնակներ եւ փամփուշտներ է հայտնաբերել: Վերլուծաբանների կարծիքով`այս ձերբակալությունների պատճառը հունվարի 2-ին տեղի ունեցած Սամեդովի ելույթն է եղել: YouTube-ում լայնորեն շրջանառվող տեսահոլովակներում Սամեդովը քննադատում էր դպրոցներում աշակերտուհիների` հիջաբ կրելու վերաբերյալ արգելքը, պաշտոնական օղակներում տարածված կոռուպցիան եւ խոսքի ազատության սահմանափակումները: Այնուամենայնիվ, Սամեդովի ելույթի ամենավիճահարույցը մասը վերաբերում էր երկրի նախագահին: Իսլամիստական կուսակցության առաջնորդը 2003-ին նախագահի պաշտոնը հորից ժառանգած Իլհամ Ալիեւին համեմատել էր Եզիդ իբն Մուավիայի հետ, ում ղեկավարած ուժերը ժամանակին սպանել էին Մուհամմեդ մարգարեի թոռ Հուսեյնին`ինչի արդյունքում մահմեդականները բաժանվեցին սուննիների եւ շիաների: ,Իլհամ Ալիեւը կուռքի է վերածել իր հորը եւ ստիպում է ժողովրդին պաշտել նրան: Սակայն Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը մահմեդական է եւ պետք է պայքար սկսի այս անգութ ռեժիմի դեմ` վերջ տալով Եզիդին հիշեցնող այս մարդու իշխանությանըե, - հայտարարել էր Սամեդովը: Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը կազմում են շիաները, ինչպես եւ հարեւան Իրանում: Վերլուծաբանների խոսքերով` անցյալ տարվա ընտրությունների ժամանակ իշխանությունները համարյա ոչնչացրել էին աշխարհիկ ընդդիմությանը, երբ այն ներկայացնող երկու գլխավոր կուսակցություններին չէր հաջողվել անցնել խորհրդարան, իսկ այժմ ուշադրությունը սեւեռել են իսլամիստական ուժերի վրա: ,2010 թվականի ընտրությունների ժամանակ տեղ գտած կեղծումների հետեւանքով` ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չկարողացավ մուտք գործել խորհրդարան: Եթե իշխանությունները նպատակադրվել են ոչնչացնել քաղաքակիրթ, աշխարհիկ ընդդիմությունը, ապա պետք է պատրաստ լինեն դրա փոխարեն կրոնական կամ էթնիկական քաղաքական ուժերի ի հայտ գալունե, - կարծիք է հայտնել ,Ատլասե հետազոտական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն: Սամեդովն ակտիվ գործունեություն է իրականացնում քաղաքական ասպարեզում 1993 թվականից: 1996-97 թթ. նա սովորել է շիաների գլխավոր կրոնական կենտրոնում, որը գտնվում է իրանական Քոմ քաղաքում, իսկ 2007 թվականից գլխավորում է Ադրբեջանի Իսլամիստական կուսակցությունը: Ձերբակալված իսլամիստական բոլոր ակտիվիստները գտնվում են Բաքվի բանտում, մինչդեռ Սամեդովի ձերբակալության վայրն իշխանությունները գաղտնի են պահում: Ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էհսան Զահիդովը մերժել է մեկնաբանություններ տալ Սամեդովի գտնվելու վայրի, ինչպես նաեւ` նրան սպառնող կտտանքների մասին ենթադրությունների վերաբերյալ: Ադրբեջանի պաշտոնական մահմեդական կառույցը, որը մոտ է իշխանություններին, հայտարարություն է տարածել` բացեիբաց մեղադրելով Սամեդովին: ,Մովսում Սամեդովի մեկնաբանությունները… բողոքի ալիք են բարձրացրել երկրի հավատացյալների շրջանում: Այս մեկնաբանություններն ուղղված են ժողովրդի եւ պետության դեմ եւ նպատակադրված են հասարակական լարվածություն ստեղծել: Հավատացյալները չեն հանդուրժի այն դիտողությունները, որոնք ուղղված են ընդդեմ Իլհամ Ալիեւի, ով հետեւել է մեծն Հեյդար Ալիեւի օրինակին` լուսավորելով ադրբեջանական պետությունը եւ ժողովրդին իր գիտակցական ողջ կյանքի ընթացքումե, - նշվում է հայտարարության մեջ: Հայտնի քաղաքագետ եւ Բաքվի Լրագրության դպրոցի տնօրեն Զարդուշտ Ալիզադեն ձերբակալված իսլամիստներին քաղաքական բանտարկյալներ է համարում: ,Ժողովրդին հնարավոր չէ խաբել. այս մարդիկ ահաբեկիչներ չեն: Նրանք ձերբակալվել են Մովսում Սամեդովի կտրուկ մեկնաբանությունների պատճառով: Իշխանությունները ցանկանում են ահաբեկել ընդդիմության կողմնակիցներին, ովքեր քննադատաբար են վերաբերվում իրենց քայլերինե, - ասում է նա: Սակայն ոմանց կարծիքով` Իսլամիստական կուսակցությունը նպատակ ունի վերջ տալ Ադրբեջանի` որպես աշխարհիկ պետության գոյությանը: ,Ադրբեջանի Իսլամիստական կուսակցությունը եւ նրա անդամները կիսում են Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետները: Կուսակցության գլխավոր նպատակն է` Ադրբեջանն Իրանի նման պետություն դարձնելը: Ոչ բոլորն են ընդունում այն փաստը, որ երկրում հզոր իսլամիստական ընդդիմություն է ձեւավորվել, որը հանդես է գալիս ոչ միայն Ալիեւի ռեժիմի, այլ նաեւ բոլոր արեւմտյան արժեքների դեմե, - նշում է Շահինօղլուն: Իդրակ Աբբասով, ,Ayna-Zerkaloե թերթի թղթակից Կովկասյան լրատու # 574
Նոյյան տապան  -   Վերլուծություն