Կրթական համակարգում կոռուպցիայի դեմ միջոցառումները կուղեկցվեն միջազգային կառույցների հետ համագործակցությամբ<br />


Կրթական համակարգում կոռուպցիայի դեմ միջոցառումները կուղեկցվեն միջազգային կառույցների հետ համագործակցությամբ

  • 19-01-2011 19:14:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 19-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինայի հետ: Հանդիպման նպատակը կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների համալիր ծրագրի համատեքստում բարձրագույն ուսումնական հաստատությունների հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացում համագործակցության հնարավոր եզրերի հստակեցումն էր: Ֆ.Վեզինան տեղեկացրել է, որ ծրագիրը նախատեսում է կազմակերպել կոնֆերանս-սեմինար միջազգային փորձագետների մասնակցությամբ, որի ընթացքում կներկայացվեն կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարում միջազգային սկզբունքները եւ փորձը, անդրադարձ կկատարվի հայաստանյան խնդիրներին եւ կքննարկվեն հակակոռուպցիոն միջոցառումներում հասարակության հնարավորինս լայն շրջանակների ընդգրկման խնդիրները: Կ.Հարությունյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներում հասարակական կազմակերպությունների եւ ուսանողների ներգրավվածության կարեւորությունը: Նա նշել է, որ բուհերի կառավարման խորհուրդները հաստատելու են հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրեր, ինչպես նաեւ ընդունելու եւ հրապարակելու են տվյալ ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները: Ֆ.Վեզինան պատրաստակամություն է արտահայտել այդ գործընթացներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն