Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` ՀՀ կառավարության և «Oracle» ընկերության միջև


Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` ՀՀ կառավարության և «Oracle» ընկերության միջև

  • 13-09-2013 11:37:04   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան «Oracle» ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանի գլխավորած պատվիրակությանը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորոտը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է: Այս բնագավառում տարեկան արձանագրվում է 15-20 տոկոս տնտեսական աճ: Ողջունում ենք «Oracle»-ի հետ ձևավորվելիք համագործակցությունը և վստահ ենք, որ երկկողմ փոխգործակցությունը նոր թափ կհաղորդի մեր երկրում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը»,- ասել է վարչապետը:
Զրուցակիցները քննարկել են հայկական կողմի և ամերիկյան ընկերության միջև նորարարության, գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների ոլորտում երկարաժամկետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաև ՀՀ շուկայում «Oracle»-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցեր: 
Ալեն Բլանը վստահություն է հայտնել, որ ամերիկյան ընկերության մուտքը հայկական շուկա հաջողությամբ կիրականացվի, ինչն իր հերթին կխթանի նորարական տարբեր ծրագրերի իրականացմանը: 
Այնուհետև ՀՀ վարչապետի ներկայությամբ ՀՀ կառավարության և «Oracle» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և «Oracle» ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանը: 
Հուշագրով նախատեսվում է աջակցություն Հայաստանում ՏՏ հմտությունների զարգացմանը` «Oracle»-ի կրթական ծրագրի շրջանակներում, պետական մարմիններում «Oracle»-ի լուծումների կիրառման գնահատում և ընդլայնում, ՀՀ-ում ամերիկյան ընկերության գերազանցության կենտրոնի հիմնում և այլն:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, հայկական կողմի և «Oracle»-ի միջև համագործակցության պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2012թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ամերիկյան ընկերության ղեկավարների միջև Ֆրանկֆուրտում կայացած հանդիպման ժամանակ:

                                                                   ***
«Oracle» ընկերությունը հիմնադրվել է 1977թ. ԱՄՆ-ում: Ընկերությունն ունի ավելի քան 390 հազար գնորդ, իսկ ծրագրերը ներկայացված են աշխարհի ավելի քան 145 երկրներում:

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play