Փոխվարչապետն ընդունել է գերմանական պատվիրակությանը


Փոխվարչապետն ընդունել է գերմանական պատվիրակությանը

  • 18-09-2013 18:19:20   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ  փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր  ընդունեց Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ  զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման բանկի (KfW) եւ Գերմանական միջազգային  համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել` գնահատելու գերմանական կողմի աջակցությամբ իրականացված ծրագրերի ընթացքը, շահագրգիռ կառույցների հետ  քննարկելու համագործակցության նոր ծրագրի առաջնահերթությունները: 
Հանդիպմանը քննարկվեցին համագործակցության  հեռանկարային ուղղություններին, ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ առաջիկայում նախատեսվելիք  հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների առաջնահերթություններին վերաբերող հարցեր:
«Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվում են մի շարք  հաջողված ծրագրեր: Կառանձնացնեի մարզերում ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման ծրագրերը, որոնք միտված են նոր որակի համայնքների ձեւավորմանը»,-նշեց Ա. Գեւորգյանը` բարձր գնահատելով Գերմանիայի  կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերի  արդյունավետությունը: 
Ա. Գեւորգյանը գոհունակություն հայտնեց, որ  KfW-ն  պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել կոշտ կենցաղային աղբի վերամշակման, կառավարման  համակարգում իրականացված աշխատանքների  եւ ջրօպերատոր ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող ավելի քան 500 համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառավարման  բարելավման հարցերում:  Նա նաեւ արդյունավետ համարեց GIZ-ի աջակցությամբ իրականացվող «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում»  եւ «Հողերի  էրոզիայի վերահսկողության ինտեգրացված միջոցառումներ Հարավային Կովկասում» ծրագրերը:
Հասարակայնության հետ կապերի բաժնից նշում են, որ փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարության համար շարունակում  են  առաջնահերթ  մնալ  համագործակցության նախանշված ուղղությունները:
Գերմանական պատվիրակության ներկայացուցիչները եւս գոհունակություն հայտնեցին ծրագրերի ընթացքից եւ շնորհակալություն հայտնեցին ծրագրերի իրականացման նկատմամբ հետեւողականություն ցուցաբերելու համար: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play