Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ


Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ

  • 26-09-2013 05:09:00   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Վերջին ժամանակահատվածում մեծացել է հայկական լրատվամիջոցների և հանրության հետաքրքրությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակի հանդեպ, ինչն, առաջին հերթին, պայմանավորված է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մի շարք մասշտաբային պայմանագրերի (որոնց շուրջ բանակցությունները վարվում էին դեռ 2011 թվականից) իրագործման մասին տեղեկատվությամբ։ Թեև ՍՌՏ (սպառազինություններ և ռազմական տեխնիկա) արդիական տեսակների մատակարարումը մի երկրի, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի և ՀԱՊԿ անդամի հավանական ռազմական հակառակորդն է, քաղաքական բարոյականության հետ շաղկապվող բավական ինքնատիպ երևույթ է, բայց բնորոշ է Հարավային Կովկասում Ռուսաստանի վարած ռազմատեխնիկական քաղաքականությանը։ Մոսկվան հայ-ադրբեջանա-ռուսական ռազմաքաղաքական եռանկյունում իրեն այդպես է պահում ահա արդեն ավելի քան երկու տասնամյակ։
 
Վերջին անգամ Հայաստանում նմանատիպ բուռն արձագանք էր առաջացրել Մոսկվայի կողմից Բաքվին 2011-2012թթ. ժամանակակից С-300ПМУ-2 զենիթահրթիռային «Ֆավորիտ» համալիրների և Ми-35М հարվածային ուղղաթիռների վաճառքը։ Սակայն այս անգամ արձագանքը Հայաստանի ներսում անհամեմատ ավելի բուռն էր։ Կամ հայ հանրության ընկալումներում մատակարարվող սպառազինությունների տեսականին չափից ավելի տպավորիչ էր, կամ էլ նման քայլերի հաճախականությունն է էլ ավելի մեծ վրդովմունք առաջացնում Հայաստանում և սփյուռքի հայ համայնքներում։ Բայց այս ամենն այնքան էլ կարևոր չէ...
 
Կարևոր է մեկ այլ բան, այն, ինչը չեն ցանկանում նկատել հանրային շրջանակներում ինչպես Հայաստանում, որտեղ դեր է խաղում խոցված հպարտությունը, այնպես էլ Ադրբեջանում, որտեղ չեն ուզում ընդունել իրենց աննպատակ «սիզիփոսյան աշխատանքն» իրենց արյուն-քրտինքով վաստակած նավթադոլարներով ձեռք բերած սպառազինությունների մրցավազքում։ Չէ՞ որ, ըստ էության, ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, տեղի չի ունենում և հազիվ թե տեղի ունենա տեսանելի ապագայում։ Գուցե միայն այն է տեղի ունեցել, որ Ադրբեջանն այժմ ծախսել (կամ դեռ ծախսելու է) հավելյալ 1, թե 3 մլրդ նավթադոլար՝ ի հավելումն արդեն ծախսած 15-20 մլրդ-ի, բայց կրկին՝ առանց ռազմական հաշվեկշռի որևէ էական փոփոխության ղարաբաղյան հակամարտության գոտում։
 
Ռուսաստանն ինչպես վաճառել, այնպես էլ շարունակում է սպառազինություն և ռազմատեխնիկա վաճառել Ադրբեջանին շուկայական գներով՝ դրա հետ մեկտեղ կոմպենսացնելով ռազմական հավասարակշռությունը ղարաբաղյան հակամարտության գոտում արտոնյալ հիմունքներով, իսկ հաճախ էլ՝ ձրի արդիական սպառազինությունների մատակարարումներ կատարելով հայկական բանակին։ Թող որ այդ տեխնիկան մի կես սերնդով զիջի ամենաարդիական այն սպառազինություններին (օրինակ, Ադրբեջանի գնած Т-90С տանկերն իրականում այդ նույն «հին ու բարի» Т-72 տանկի ավելի արդիականացված տեսակն են), որոնք Ադրբեջանը գնում է շուկայական գներով, բայց սպառազինությունների բոլոր տեսակները, որ ստանում է Հայաստանը, կարելի է արդիականացնել և կոմպենսացնել այդ հարաբերակցությունը։ Մյուս կողմից, որակական գերազանցությունը կարելի է կոմպենսացնել նաև քանակականով։
 
Այլ խոսքով, եթե Ադրբեջանին մատակարարվի մոտ 200 Т-90 տանկ (հայտարարված է 94 տանկից բաղկացած մեկ գնդային համախմբի մատակարարման պայմանագրի և նույնքան տանկերի օպցիոնի մասին), ապա դա նշանակում է, որ Հայաստանը կստանա, առնվազն, նախկին մոդելների 300 հատ Т-72 տանկ։ Դրանք կարդիականացվեն՝ հաշվի առնելով տեղանքի ռելիեֆն ու այն խնդիրները, որոնք կանգնած են հայկական և ղարաբաղյան բանակների առջև, և կարող են կոմպենսացնել որակական այս տարբերությունը։ Նույնը կլինի նաև ՍՌՏ այլ տեսակների պարագայում։ Արդյունքում՝ այնպիսի իրավիճակ է ստացվում, երբ Ադրբեջանը, փաստորեն, իր իսկ փողերով ֆինանսավորում է նաև հայկական բանակի վերազինումը։
 
Ցավոք, հոդվածի ծավալը հնարավորություն չի ընձեռում հիմնավորելու այն պնդումը, որ ուժերի իրական ռազմաքաղաքական հավասարակշռությունը ղարաբաղյան հակամարտության գոտում էապես չի խախտվում որոշ թվերով։ Պարզապես սահմանափակվենք փաստելով, որ Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանի վերազինման զուգահեռ գործընթացի հաշվառմամբ՝ ռուսական և հայկական կողմերը սկսել են ռազմատեխնիկական հավասարակշռության պահպանման աշխատանքը նախքան Ադրբեջանին նոր սպառազինությունների մատակարարումը։ Գյումրու ռուսական ռազմակայանի վերազինումը փաստորեն ավարտվել է այս տարվա սկզբին։ Բնականաբար, ռազմական ամբողջ տեխնիկան այդ ռազմակայանից (գրեթե դիվիզիոնային մակարդակի), չգիտես ինչու, չի ուղարկվել ինչ-որ տեղ Սիբիր՝ ժանգոտելու, և հասկանալի է, թե որտեղ է այն այժմ գտնվում։
 
Բայց սա միակ մեխանիզմը չէ, որի միջոցով Ռուսաստանն ապահովում է ռազմատեխնիկական հավասարակշռությունը Հայաստանի հետ։ Այդ մատակարարումների ծավալները, մասշտաբները, տեսականին «Պոլիշինելի գաղտնիք» են միայն երեք միլիոն հայերի և վեց միլիոն ադրբեջանցիների համար։ Ավելին, վերջերս Ռուսաստանից մատակարարված Т-90С տանկերի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (РСЗО), БМП-3-ի, ТОС-1А «Солнцепек»-ի ցուցադրման հետ գրեթե միաժամանակ Երևանում էին ՀԱՊԿ և ՌԴ Անվտանգության խորհրդի ներկայացուցչական պատվիրակությունները՝ քննարկելու համար Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական հետագա համագործակցության, Հայաստանի տարածքում բազմապրոֆիլ օդուժի ձևավորման, 102-րդ ռազմակայանի հետագա վերազինման և այլ հարցեր։ Այնպես որ՝ ուժերի հավասարակշռությունը ներկայում իսկապես չի փոխվում, մանավանդ որ ադրբեջանա-ռուսական պայմանագրերում հայտարարված սպառազինությունների ծավալները, մասնավորապես՝ Т-90С տանկերը և БМП-3-ները, հիմնականում դեռ պետք է արտադրվեն ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում, և դրա համար դեռ մեկ-երկու տարի պետք կգա։
 
Վերջին հաշվով, որքան էլ որ տարօրինակ հնչի, ստեղծվում է մի իրավիճակ, երբ գրեթե բոլորը «երջանիկ» են։ Ադրբեջանն իր համար բավական թանկ հաճույք է գնում, ինչն ադրբեջանական իշխանությունները ոչ պակաս հաճույքով ցուցադրեցին 2013թ. հունիսի 26-ի զորահանդեսին (աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին)։ Ադրբեջանական հասարակության մի մասը երջանիկ է, որ տեսնում է այդ տեխնիկան զորահանդեսի ժամանակ և շարունակում է հավատալ իր ղեկավարության շարունակվող հավաստիացումներին, թե շուտով (ինչպես արվում է գրեթե երկու տասնամյակ և այսուհետ ևս բավական երկար կշարունակվի) Ադրբեջանն սկսելու է Ղարաբաղի ազատագրման գործողությունը։ Իր հերթին, Ռուսաստանը (հատկապես հանձին բավական կոռումպացված ռազմարդյունաբերական համալիրի) նույնպես երջանիկ է, որովհետև միլիարդավոր դոլարներ է ստացել երկնքից ընկած պատվիրատուից։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ հրապարակավ դժգոհություն է արտահայտել, վերջնարդյունքում նույնպես գոհ կմնա, քանի որ այս բազմաքայլ և, միևնույն ժամանակ, կանխատեսելի գործողության արդյունքում հնարավորություն կստանա վերազինելու իր տանկային և հրանոթային համակազմը, արդիականացնելու այլ տեսակի սպառազինություններն ու ռազմական տեխնիկան։
 
Եվ վերջապես, Հայաստանի արևմտյան գործընկերները նույնպես երջանիկ են, որովհետև այս պատմության արդյունքում Հայաստանի հանրությունում և քաղաքական ուժերի շրջանում հակառուսական տրամադրությունները սաստկանում են։ Բայց առավել երջանիկ են Հայաստանի այն կազմակերպություններն ու քաղաքական ուժերը, որոնք գիտակցված (կամ էլ ոչ այնքան) ձևով իրականացնում և փաստարկում են հակառուսական քաղաքականություն, որովհետև դրա արդյունքում իրենց գործունեության համար էլ ավելի պարարտ հող են ստանում։
 
Կարո՞ղ էր արդյոք Ռուսաստանը չանել սա՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերությունը։ Հավանաբար կարող էր, բայց, մյուս կողմից, երբ, օրինակ, Հայաստանի համար բավականաչափ բարեկամական Ուկրաինան, կամ, ասենք, Իսրայելը սպառազինությունների գրեթե երկու միլիարդանոց մատակարարումներ իրականացրին Ադրբեջանին, Ռուսաստանն այդ ժամանակ իրեն պարտավորված կամ հարկադրված չզգաց ՍՌՏ ինչ-որ մատակարարումներ անել Հայաստանին, որոնցով պետք է հավասարակշռեր սպառազինությունների՝ Ադրբեջանին արվող միլիարդանոց հոսքը։ Այս պարագայում իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը և՛ պարտավոր է, և՛ ստիպված նման «հավասարակշռող» մատակարարումներ անել Հայաստանին։ Բայց այս ամենից զատ, չէ՞ որ գլխավորը ոչ թե այս ամենի տեխնիկական մեխանիզմներն են, այլ քաղաքական բաղադրիչը։
 
Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը պարզապես շահագրգռված չէ մարտական գործողությունների վերսկսմամբ, այդ թվում ելնելով այն բանից, որ այդ դեպքում ստիպված է լինելու ինչ-որ կերպ արձագանքել։ Պարզ է, որ Մոսկվայում բացարձակապես չեն ուզում մասնակցել մարտական որևէ գործողության Ղարաբաղում կամ նրա շուրջ, բայց հասկանալի է նաև, որ կան ինչ-որ քաղաքական պարտավորություններ (ինչպես երկկողմանի, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում), որոնց չկատարումը նույնպես ունի իր քաղաքական և ռազմավարական գինը։ Հետևաբար, Մոսկվան շարունակելու է անել այն, ինչ արել է նախորդ երկու տասնամյակում. պահել հավասարակշռությունը՝ դրանով իսկ թույլ չտալով, որ մարտական գործողությունները վերսկսվեն, և չստեղծելով մի իրավիճակ, երբ Ռուսաստանի մատակարարած այդ նույն սպառազինությունն օգտագործվի այդ թվում և ռուսական բանակի դեմ՝ լինի Հայաստանի տարածքում, թե հարակից որևէ այլ շրջանում՝ համապատասխան անվտանգության ոլորտում երկկողմանի և բազմակողմանի պարտավորությունների իր միակ ռազմաքաղաքական դաշնակցի հանդեպ։
 
Ի դեպ, Ռուսաստանն իր դաշնակիցների ու նրանց հակառակորդների հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում վարվող այս քաղաքականությամբ ամենևին էլ բացառություն չի կազմում։ Հիշենք այն քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ վարում էր ԱՄՆ-ը Հունաստանի և Թուրքիայի, Եգիպտոսի և Իսրայելի հանդեպ։
 
Նշենք ևս մեկ բավական հետաքրքիր փաստ։ «Վիքիլիքսի» գաղտնազերծված հեռագրերից մեկի (2009թ.) համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արևմտյան դիվանագետների հետ զրույցի ժամանակ, երբ խոսքը վերաբերել է Իսրայելի հետ ռազմատեխնիկական համագործակցության աշխուժացման և ՀՕՊ համակարգերի մատակարարման մասին, պատասխանելով այն հարցին, թե ինչու են իրենք փորձում անել դա, երբ արդեն Ռուսաստանից գնել են С-300 զենիթահրթիռային համալիրներ, ասել է, որ Բաքվում վստահ չեն, թե «եթե բան պատահի»՝ С-300 համակարգերն արդյունավետորեն կօգտագործվեն։ «Վիքիլիքսի» հեռագրում հիշատակվում է, որ Ալիևը դա պատճառաբանել է նրանով, որ արդիական բարձրտեխնոլոգիական էլեկտրոնային համակարգերը կարող են համապատասխան ձևով վերահսկվել մատակարարողի կողմից։ Չենք կարող հարյուր տոկոսանոց վստահությամբ պնդել, թե հենց այսպես է ասվել կամ ոչ (սա միայն հղում է «Վիքիլիքսի» հեռագրին), բայց տեղեկությունը բավական հատկանշական է...
 
Ընդ որում՝ պետք է հատկապես ընդգծել, որ մեր ներկայացրած իրավիճակն ամենևին էլ չի նշանակում, թե այն պետք է մեկնաբանել որպես «արտաքուստ հանգստության ներքո սեփական անհաջողությունը թաքցնելու» փորձ։ Բնական է, որ ռազմաքաղաքական հարաբերությունների ավելի կոշտ համակարգում իրավիճակը բավական տրամաբանական է։ Կարելի է տարբեր գնահատականներ տալ Մոսկվայի գործողություններին (էթիկայի իմաստով), բայց այն, որ նրա «ռազմատեխնիկական վարքագծի» այս բազմաքայլ կառույցը կատարում է իր դերը տարածաշրջանում կայունության պահպանման գործում՝ փաստ է։ Այն, որ դա համապատասխան արձագանք է առաջացնում Հայաստանում, նույնպես միանշանակ և բավական զգայուն փաստ է, և հարկ չկա, որ Ռուսաստանում որևէ մեկը խուսափի դրանից։ Դա այն է, ինչի շուրջ Մոսկվայում պետք է մտածեն, քանի որ, չնայած տարածաշրջանում նման մատակարարումները հավասարակշռելու Ռուսաստանի փորձերի բերված սխեմային, ակնհայտ է, որ այս պատմությունն անհետևանք չի անցնի Հայաստանի ներսում Ռուսաստանի հանրային ընկալման համար։
 
Կարող են լինել նաև որոշակի ռազմաստրատեգիական հետևանքներ, ինչին Ռուսաստանը ստիպված կլինի, եթե գա «Х ժամը», արձագանքել համապատասխան ձևով։ Որպեսզի հետո հանկարծ չզարմանա, թե ինչու ռուսական ռազմավարական Ту-23М3 ռմբակոծիչները կխփվեն հենց ռուսական արտադրության «Բուկ» զենիթահրթիռային համալիրներով (ինչպես եղավ 2008թ. օգոստոսին), եթե հանգամանքների որոշակի բերումով Ռուսաստանը ներքաշվի մի հակամարտության մեջ, որը շատ բանով պայմանավորված կլինի իր սեփական քաղաքական վրիպումներով...
 
Սերգեյ Մինասյան 
Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, պ.գ.թ.
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play