ՄԱԿ-ի նոր անկյուն` Գյումրու Կենտրոնական գրադարանում


ՄԱԿ-ի նոր անկյուն` Գյումրու Կենտրոնական գրադարանում

  • 09-10-2013 15:41:52   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

Գյումրի, հոկտեմբերի 9, 2013թ. – ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է կարևորել երիտասարդության հնարավորությունների ընդլայնումը մարզերում, և այդ կապակցությամբ այսօր ՄԱԿ-ի մի նոր անկյուն բացվեց Գյումրի քաղաքում: Այժմ ուսանողները, գիտահետազոտական աշխատանք կատարողները,  պաշտոնական անձինք և լրագրողերը ավելի մեծ հնարավորություն կունենան ծանոթանալու ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության հետ՝ օգտագործելով նվիրվաբերված ՄԱԿ-ի 2000 միավոր հրատարակությունները:
ՄԱԿ-ի անկյունը բացվեց Գյումրու քաղաքապետարանի Մկրտիչ Արմենի անվան Կենտրոնական գրադանում` Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) ջանքերով: Անկյունը կլրացնի ՄԱԿ-ի կողմից Գյումրու այլ գրադարաններին ցուցաբերվող աջակցությանը:
Ի հավելումն դրան՝ շրջիկ գրադարան-ավտոբուսի միջոցով ՄԱԿ ՀՏՎ կողմից ավելի քան 2,500 միավոր գրականություն բաշխվեց Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում, ԳՊՄԻ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: ՄԱԿ-ի աշխատակիցները կայցելեն ՄԱԿ-ի անկյուններ՝ բոլոր հետաքրքրված անձանց հետ քննարկելու ՄԱԿ-ի հետ կապված տարբեր հարցեր:
ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը և հասարակության հետ երկխոսությունը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում: Քանի որ Գյումրու քաղաքացիները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են, մենք աջակցեցինք Գյումրիում ՄԱԿ-ի անկյուն բացելու գաղափարին, որպեսզի դուք անմիջական հնարավորություն ունենաք օգտվելու ՄԱԿ-ի վերաբերյալ գրականությունից: Դուք մեր վստահելի գործընկերներն եք ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության և անվտանգության, մարդկային կայուն զարգացման առաջ մղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել ձեզ՝ ձեր գիտելիքների հետագա բարելավման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»:
Արտուշ Մկրտչյանը, Կենտրոնական գրադարանի տնօրենը, ողջունեց համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ նշելով, որ նմանօրինակ համատեղ ձեռնարկումները ուսանողներին և հասարակությանը հնարավորություն կտան ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում և դառնալու իրենց երկրի իրազեկ և ակտիվ քաղաքացիներ:
4 ՄԱԿ-ի անկյուններ արդեն կան Հայ-Ռուսական  (Սլավոնական համալսարանում), Խաչատուր Աբովյանի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, և  երեքը՝ Երևանից դուրս՝ Իջևան, Ստեփանավան և Դիլիջան քաղաքներում: ՄԱԿ-ի երկու ավանդապահ գրադարանները գործում են Երևանի պետական համալսարանում և Հայաստանի Ազգային գրադարանում:
 
 
ՄԱԿ-ի մասին ընդհանուր տեղեկությունների համար՝  www.un.org
ՄԱԿ-ի հայաստանյան գործունեության մասին՝ www.un.am
ՄԱԿ-ի գրադարանների մասին տեղեկությունների համար՝ http://www.un.org/depts/dhl
 
Նոյյան տապան  -   Հասարակություն