«Ինչու՞ փորձել մութ սենյակում սև կատու փնտրել, երբ «սև կատուները» վաղուց լքել են սենյակը...». Նաիրա Կարապետյան


«Ինչու՞ փորձել մութ սենյակում սև կատու փնտրել, երբ «սև կատուները» վաղուց լքել են սենյակը...». Նաիրա Կարապետյան

  • 10-10-2013 14:07:57   | Հայաստան  |  Վերլուծություն
Որևէ երկրի արտաքին քաղաքականությունը մեծամասամբ տվյալ երկրի դիվանագետների և ի պաշտոնե արտաքին քաղաքականությանն առնչվող անձանց գործունեության ոլորտն է: Եվ երբ արտաքին քաղաքականությունից սկսում են խոսել ոչ թե դիվանագետներն, այլ այդ ոլորտից նույնիսկ չնչին գաղափար չունեցող «ՀՐԱՊԱՐԱԿախոսները», թղթին հանձնածը, այն էլ խմբագրականը, ստացվում է ոչ թե հոդված կամ վերլուծություն, այլ սևով սպիտակի վրա արված խզբզանք: 
Երբ վերոնշյալ «ոչ դիվանագետները» սկսում են գրել ասենք հայ-թուրքական հարաբերություններում մեր դիվանագիտության «խայտառակ ձախողման» և «մինչֆուտբոլային մակարդակում» չգտնվելու մասին, ապա անմիջապես հակադարձելու և ճշմարտությունը նրանց համար (եթե, իհարկե, չգիտեն) երևան հանելու ցանկություն է լինում: Այո, իսկապես, հայ-թուրքական հարաբերություններն այսօր հեռու են «մինչֆուտբոլային մակարդակից»:  
Հաճախակի արևմտամետ բարքերից բարձրաձայնող այս անձանց հետ խոսենք Արևմուտքից արված հայտարարություններից: Հայ-թուրքական գործընթացի սկսվելուց և դրա «խայտառակ ձախողումից» հաշված ամիսներ անց` 2010թ. հուլիսի 4-ին, պաշտոնական այցով Երևանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարում է. «Այժմ գնդակը հակառակորդի կողմում է, և հասել է գործելու նրանց ժամանակը: Մենք հիացած ենք Հայաստանի նախագահի քաղաքականությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և տպավորված ենք Երևանի ապրիլյան որոշմամբ, որ հայկական կողմը ետ չի կանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից` չնայած հակառակ կողմի ձեռնարկած խոչընդոտներին: Միացյալ նահանգները կոչ են արել Թուրքիային նույնպես ջանքեր գործադրել` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»: 
Դրանից շուրջ 2 տարի անց` 2012թ. հունիսի 4-ին կրկին Երևանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղարը նույնությամբ կրկնեց իր խոսքերը` նշելով, որ «մինչև հիմա գնդակը Թուրքիայի դաշտում է»: Նույն  միտքն ի դեպ, տարբեր ժամանակներում արտահայտել են օտարերկրացի ու հայաստանցի շատ քաղաքական գործիչներ:
Այսինքն, ողջ միջազգային հանրությունն ականատես եղավ, որ հենց թուրքական կողմը ձախողեց այս գործընթացը` հետ կանգնելով պայմանավորվածություններից և առաջ քաշելով նախապայմաններ: Բոլորը տեսան, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության միակ պատասխանատուն Թուրքիան է: Հայաստանն առաջին անգամ Թուրքիայի հետ խոսեց հավասարը հավասարի հետ և դիվանագիտական ճակատում կատարեց մի քայլ, որն ստիպեց “փորձառու” թուրքական դիվանագիտությանը մի քանի քայլ հետ կատարել: Բոլորը տեսան, որ նախկինում վարած թուրքական քարոզչությունը, թե Հայաստանի պահանջների պատճառով հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի գրանցվում, փուչ է և չնայած Հայաստանի մեկնած ձեռքին, Թուրքիան է հետ կանգնում պայմանավորվածություններից, մեծ Թուրքիան փոքրոգիություն է դրսևրում:
Ինչ վերաբերում է Եվրամիության հետ տարվող բանակցություններին, ապա դրանք մշտապես եղել են հնարավորինս բաց և թափանցիկ բոլորի համար, ու երկրի բարձրագույն ղեկավարությունն անընդհատ հայտարարել է, որ դրանք որևէ կերպ չեն կարող ազդել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերությունների վրա: Դա ըմբռնել ու դրա մասին հայտարարել են նաև Եվրամիության պաշտոնյաները: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդում օրեր առաջ ունեցած իր ելույթում շեշտեց, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը եղել է բացառապես հայկական կողմինը, և Ռուսաստանի կողմից գործադրված ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Հայաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի ԵՄ հետ ունենա հնարավորինս խորը համագործակցություն, անկախ նրանից, թե դա ինչպիսի անուն կունենա, ինչ պայմանագիր կքնվի: Սակայն այս ոլորտը համարել որպես ձախողված կարող է միայն այնպիսի մեկը, ով բացարձակապես չի պատկերացնում, թե ինչ ասել է դիվանագիտական գործընթացը: Ցանկացած նման գործընթաց որոշակի  նպատակ է հետապնդում: Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը երկրի անվտանգության և բարեկեցության բարձրացումն է: Այս համատեքստում այն մարդիկ, ովքեր գտնում են, որ ամեն գնով պետք է պահպանել ԵՄ հետ ասոցացման գործընթացը, լրացուցիչ մեկնաբանություններ և հստակ ապացույցներ պետք է ներկայացնեն, թե այն որչափ համեմատական է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական և տնտեսական համագործակցությանը: 
Խոսելով Հայաստանի ներկայիս արտգործնախարարի կողմից տարվող արտաքին քաղաքական ուղղության մասին` կարելի է փաստել, որ Նալբանդյանն, այո, կարող է դառնալ ամենաերկարատև պաշտոնավարող ԱԳ նախարարը, քանզի կշռադատված և առանց մարտավարական ու լեզվական սայթաքումների արտաքին քաղաքականություն է վարում: Նրա պաշտոնավարումը նշանավորվեց աշխարհի տարբեր մասերում գտնվող պետությունների հետ համագործակցության շեշտակի զարգացման ընթացքում հիշարժան է հատկապես Արևելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի ունեցած հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու գործընթացը: 
Վերջին 4 տարիներին Հայաստանը տասից ավելի նոր դեսպանություններ բացեց: 
Հենց այս ժամանակաշրջանում սկսվեց Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, գործի դրվեցին ճանաչմանսը հասնելու նոր մեխանիզմներ՝ պատգամավորական խմբերի ստեղծումը։  Ղարաբաղի հարցում Նալբանդյանի օրոք միջազգային հանրությունը` ի դեմս համանախագահ երկրների, հստակորեն արձանագրեց ինքնորոշման իրավունքը` որպես խնդրի կարգավորման անքակտելի և հիմնարար սկզբունք: Այս դիրքորոշումն իր արտացոլումը գտավ Լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի համատեղ հայտարարություններում: Ցանկալի չէ հիշել միջազգային հանրության կողմից մեր անկախությանը հաջորդած հայտարարությունները, բանաձևերն այս հարցում:
Միևնույն է, սակայն, փաստերի խեղաթյուրումը և ամենն իրենց ցանկացած լույսի ներքո ներկայացնելու «հրապարակախոսների» ձգտումը շարունակվում է: Դրա պատճառները նույնպես կարելի է առանձին ախտորոշել և «բուժում» սահմանել:  
Եթե կա թերթի էջեր լցնելու և «հաց վաստակելու» խնդիր, դա կարելի է ըմբռնել: Սակայն այդ դեպքում հարկավոր է դիմել ամենատարբեր ոլորտների իրական մասնագետների, որոնք մեր երկրում քիչ չեն, և նրանցից բոլորովին անվճար ստանալ տարատեսակ հարցերին առնչվող բավական խելամիտ վերլուծություններ ու զետեղել դրանք սեփական թերթի էջերում:
Իսկ եթե նմանատիպ գործունեությամբ լուրջ նպատակներ չեն հետապնդվում, և նպատակը կամ պատվերն ուղղակի ցեխ շպրտելն է, ապա հեշտությամբ կարելի է գտնել սեփական պրոֆիլին առավել հարմար ու առավել բարձր վարձատրվող աշխատանք: Ինչու՞, ուրեմն, խաղալ մարդկանց և ամբողջ գերատեսչությունների պատվի հետ: Ինչու՞ փորձել մութ սենյակում սև կատու փնտրել, երբ «սև կատուները» վաղուց լքել են սենյակը...  
 
Աժ պատգամավոր Նաիրա Կարապետյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play