Ըստ Արծվիկ Մինասյանի, «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի լրամշակված նախագիծը պետք է բացասական դիրքորոշման արժանանա


Ըստ Արծվիկ Մինասյանի, «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի լրամշակված նախագիծը պետք է բացասական դիրքորոշման արժանանա

  • 21-06-2011 18:11:12   | Հայաստան  |  Հասարակություն
Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի նախագիծը եւ դրանից բխող մի շարք գործող օրենքներում լրացումների եւ փոփոխությունների փաթեթը: Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում են աղբահանության եւ սանիտարական մաքրման սկզբունքները, աղբահանության վճարի հաշվարկման կարգը եւ դրույքաչափերը, վճարողների շրջանակը, նրանց իրավունքները եւ պարտականությունները, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու համար: Հիշեցնենք, որ կառավարությունն երկրորդ անգամ է ներկայացնում այս ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնություն: Նախորդի ընդունումն երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ի 2010թ.-ի դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում տապալվեր էր` քվեարկությանն անհրաժեշտ թվով պատգամավորների չմասնակցելու պատճառով: Հիմնական ընդդիմախոսները` ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները, քվեարկությունը բոյկոտել էին: Վերջինն այս արտահերթ նստաշրջանի աշխատանքներին չի մասնակցում, շարունակելով ԱԺ նիստերի` փետրվարի 28-ից սկսած բոյկոտը: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ թեեւ նախորդ նախագծի համեմատ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ներկայիս օրինագիծը կրել է փոփոխություններ, այդ թվում էապես նվազել են աղբահանության վճարի դրույքաչափերը, այդուհանդերձ «կան սկզբունքային հարցեր, որոնց այս նախաձեռնությունը նույնպես չի պատասխանում»: Ըստ դաշնակցական պատգամավորի, այն, ըստ էության, միայն վճարի մասին է, այն էլ` պարտադրվող վճարի, միայն վճարման առնչությամբ քաղաքացիների ու աղբ հավաքող օպերատորի եւ համայնքի միջեւ առաջացած հարաբերության մասին է: Ա.Մինասյանն ընդգծեց, որ բացակայում է աղբահանության եւ սանիտարական մաքրման հայեցակարգը` սկսած աղբի հավաքումից եւ վերջացրած դրա վերամշակմամբ: «Այս նախագիծը նույնպես պետք է բացասական դիրքորոշման արժանանա, ինչպես սրան նախորդող նախագիծը»,-ասաց նա:
Նոյյան տապան  -   Հասարակություն