Շնչառական թերապիայի նորագույն մեթոդ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և BirthLink-ի համագործակցության շնորհիվ


Շնչառական թերապիայի նորագույն մեթոդ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և BirthLink-ի համագործակցության շնորհիվ

  • 04-11-2013 17:35:20   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Կազմակերպվել է համատեղ սեմինար` նեոնատալ խնամքի ժամանակակից սարքերն ու սարքավորումները մասնագետներին ներկայացնելու համար
Մոտ 50 միլիոն դրամ արժողությամբ նեոնատալ ինտենսիվ խնամքի սարքավորումներ՝ նորածնային 9 բաժանմունքներին
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվել էր հատուկ սեմինար` Հայաստանի 9 բուժհաստատությունների նեոնատոլոգների համար: Սեմինարի նպատակը բուժանձնակազմին հատուկ նեոնատալ խնամքի սարքավորումների և սարքերի օգտագործման հմտություններ և գիտելիքներ հաղորդելն էր: Ի դեպ, նորագույն այս մեթոդը դեռևս չի կիրառվում եվրոպական մի շարք և հետխորհրդային տարածաշրջանի երկրներում: Շնչառական այս սարքավորումներն անհրաժեշտ են թե նախքան ծնունդը, և թե ծնվելուց հետո բարդությունների դեպքում մանուկների կյանքը փրկելու համար: 
Սեմինարին մասնակցել են Վեդիի, Սիսիանի, Գյումրիի, Կապանի ծննդատների, ինչպես նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, Նոր Նորքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատների և համապատասխան բաժանմունքների մասնագետները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և բրիտանական BirthLink ՀԿ-ի համագործակցության արդյունքում նշված մարզերում և մայրաքաղաքում գործող ծննդատներն ու բաժանմունքները համալրվել են հետևյալ սարքերով և սարքավորումներով.
1) անմիջապես ծննդից հետո ջերմության ապահովման և վերակենդանացման՝ արտացոլող ջերմապահովման սարք,
2) պղպջակային CPAP,
3) քթային ճանապարհով բարձր հոսքով շնչառական համակարգեր,
4) հեղուկների երակային ներարկման պոմպ,
5) պուլսօքսիմետր,
6) թթվածնային թերապիայի սարք: 
Ծննդատներին և ծննդօգնության բաժանմունքներին տրամադրվել են նշված սարքավորումների և սարքերի տարբեր կոմպլեկտներ՝ կախված տվյալ բուժհաստատության կարիքներից: 
Այս ծրագրի ներդրման բազմաթիվ դրական արդյունքները դեռ կգնահատվեն մոտակա տարիների ընթացքում: Այսպես օրինակ, շնչառական թերապիայի ոչ ինվազիվ մեթոդների ներմուծումը CPAP-ի տեսքով ամբողջությամբ փոխել է անհասների թոքային հիվանդությունների բուժման մոտեցումները: Նոր մեթոդները և ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս խուսափել այնպիսի վտանգավոր և թանկարժեք մեթոդներից, ինչպիսիք են ինտուբացիան և թոքերի արհեստական օդափոխումը, որոնք շատ լավ հայտնի է, որ կարող են ոչ միայն թոքերի վնասման պատճառ դառնալ, այլ նաև բացասական ազդեցություն ունենալ նորածինների հետագա հոգեշարժողական զարգացման վրա: 
«Արդեն վեց տարի մենք իրականացնում ենք այս նախագիծը, և դրա փորձարարական իրականացումը ցույց տվեց, որ նորածնային հասակում մահացության դեպքերի ցուցանիշը նվազել է: Birthlink-ի հետ համագործակցության արդյունքում մենք կարողացել ենք սարքավորումներ տրամադրել տարբեր մարզերի և Երևանի ծննդատներին, ինչպես նաև դասընթացներ կազմակերպել բուժաշխատողների համար: Արդեն իսկ ակնհայտ է, որ նախաձեռնությունը չափազանց կարևոր է՝ տարբեր բարդություններից և հիվանդություններից մանուկների կյանքը փրկելու առումով: Մենք չենք կարող մնալ դիտորդի դերում, երբ նորածինների կյանքը շարունակում է վտանգված մնալ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
Նորածնային մահացությանը վերաբերող համաշխարհային վիճակագրությունը խոսուն փաստ է առ այն, որ նեոնատալ խնամքի ծրագիր իրականացնելն անհրաժեշտություն է:  Այսպես՝ կյանքի առաջին տարվա ընթացքում մահանում է ավելի քան 4 միլիոն երեխա: Մահացության դեպքերի երեք քառորդը գրանցվում է կյանքի առաջին շաբաթվա ընթացքում, իսկ ավելի քան մեկ միլիոնը՝ առաջին օրվա ընթացքում: 
Տրամադրված սարքավորումները նախատեսված են ծնվելուց հետո առողջական խնդիրներ ունեցող և ցածր քաշով նորածինների կենսաապահովման համար, ինչը հնարավորություն է տալիս կայունացնելու նրանց վիճակը` նախքան Երևանի կամ մարզկենտրոնի բուժհաստատություններ նրանց տեղափոխելը: Նաև հնարավոր կլինի հասնել նրան, որ շատ դեպքերում երեխային տեղափոխելու կարիք չառաջանա: Ծրագրի շնորհիվ բուժհաստատություններն արդեն բավարար թվով անհրաժեշտ սարքավորումներ և գիտելիքներ ունեն` մահվան գրանցվող ցուցանիշը զգալիորեն կրճատելու համար:
Ընդհանուր առմամբ՝ այս տարի բուժհաստատություններին տրամադրվել են մոտ 50 միլիոն դրամ արժողությամբ նեոնատալ ինտենսիվ խնամքի սարքեր և սարքավորումներ: 
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ