Իրավիճակը տարածաշրջանում «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի տեսանկյունով


Իրավիճակը տարածաշրջանում «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի տեսանկյունով

  • 28-11-2013 11:06:08   | Հայաստան  |  Հայտարարություններ

 
«ՈՉ ՈՔ ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԶԱՐԳԱՑՆԻ»,-

«ՈՉ ՈՔ ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԶԱՐԳԱՑՆԻ»,-

«ГА» հարցերին պատասխանելով՝ փաստում է «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

- Պրն Հարությունյան, ինչպիսի՞ն է իրավիճակը տարածաշրջանում փորձագետի տեսանկյունով։

- Տարածաշրջանը, կարելի է ասել, բավական կրիտիկական ժամանակաշրջան է ապրում։ Ակնհայտ է, որ տեղի է ունենում մի ինչ-որ բեկում, որտեղ կարևոր դեր է խաղում Վրաստանը։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։ Փաստ է, որ այսօր Ադրբեջանը գտնվում է ԱՄՆ, Եվրոպայի (գլխավորապես անգլո-սաքսերի), Իսրայելի և հայտնի չափով՝ Ռուսաստանի շահերի տեսադաշտում։ Ադրբեջանի աշխարհաքաղաքական կշիռն աճել է Իրանի հետ նրա հարևանության համատեքստում, որի շուրջ, չնայած ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների բարելավման ի հայտ եկած նշաններին, բավական լարված իրավիճակը պահպանվում է։ Ինչ վերաբերում է հենց Ադրբեջանին, ապա հստակ նկատվում է Թուրքիայի հետ նրա ինտեգրման միտումը, չնայած զուտ իրավիճակային-մարտավարական բնույթի որոշ հակասություններին։ Վրաստանը մինչև վերջերս հանդես էր գալիս որպես մի երկիր, որը զուտ արևմտյան կողմնորոշում ուներ, բայց Մ.Սաակաշվիլու հեռանալուց հետո ի հայտ եկան նոր միտումներ, որոնք վկայում են այն մասին, որ վրացիները դեմ չեն Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն։ Ինչպես երևում է, վրացական նոր ղեկավարությունը սկսել է ըմբռնել, որ այսօրվա դրությամբ Վրաստանում տեղի է ունենում «սպիտակ օկուպացիա» Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Եվ այդ նպատակին հասնելու համար հսկայական միջոցներ են ծախսվում։ Մենք ադրբեջանցիներին միայն օպտիկական նշանոցի միջով ենք տեսնում, իսկ վրացիներն ամեն օր «վայելում» են նրանց էքսպանսիայի պտուղները խանութների, ապրանքների, ծառայությունների գովազդի միջոցով։

- Այսինքն ՝ խոսքը տնտեսական էքսպանսիայի մասի՞ն է...

- Տնտեսապես Վրաստանը պարզապես զավթված է ադրբեջանցիների և թուրքերի կողմից։ Բայց բանը միայն տնտեսությունը չէ։ Վրաստանում բացվում են թուրքական դպրոցներ, համալսարաններ, այսինքն՝ զավթումը տեղի է ունենում և՛ կրթության, և՛ ժողովրդագրության մակարդակով։ Եթե մինչև հիմա թվով երկրորդ ազգային փոքրամասնությունը (թեև այս արտահայտությունն այնքան էլ տեղին չէ Վրաստանում ապրող հայերի վերաբերյալ) հայերն էին, ապա այսօր հայերը երրորդ տեղում են, իսկ երկրորդն զբաղեցնում են ադրբեջանցիները։ Դա տեղի է ունեցել վերջին 10 և ավելի տարիների ընթացքում, գերազանցապես Մ.Սաակաշվիլու իշխանության գտնվելու տարիներին, որն Արևմուտքի հետ ինտեգրման ջատագովն էր։ Իսկ իրականում Վրաստանի ինտեգրումը տեղի ունեցավ ոչ թե Արևմուտքի, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

- Մի՞թե վրացիները չէին հասկանում, թե ինչ է կատարվում։

- Կարծում եմ՝ հասկանում էին, հաշվի առնելով այն փաստը, որ հեղաշրջումը գիտակցության մեջ, այնուամենայնիվ, տեղի էր ունեցել։ Շատ փորձագետներ նաև ավելի վաղ էին հասկանում դա, բայց խուսափում էին հրապարակավ արտահայտվել, գնալ մեյնսթրիմին հակառակ։ Իսկ այսօր նրանք ավելի բաց արտահայտվելու հնարավորություն ունեն։ Վերն ասվածի, մասնավորապես՝ խորացող ադրբեջանա-թուրքական դաշինքի (որն ավելի ճիշտ կլիներ միավորում անվանել) համատեքստում Վրաստանն այսօր ավելի քան հետաքրքրված է Հայաստանով։ Առայսօր ընդունված էր այն կարծիքը, թե ավելի շատ մենք ենք հետաքրքրված վրացիներով, քան նրանք՝ մեզնով, որովհետև Հայաստանի համար, շրջափակման պայմաններում, Վրաստանը նշանակում էր ճանապարհներ, հաղորդակցություններ, կապ Ռուսաստանի հետ և այլն։ Բայց այսօր տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանի համար առանց Հայաստանի շատ դժվար կլինի լուծել «սպիտակ օկուպացիայի» խնդիրը։ Մեր փորձը և խորհուրդները Վրաստանին հարկավոր են...

- Որպեսզի կանգնեցնեն ադրբեջանա-թուրքական էքսպանսիա՞ն։

- Այո, որպեսզի թույլ չտան նրանց չափից ավելի մեծ ազդեցությունը և կասեցնեն այն սցենարը, որն առայսօր հաջողությամբ իրականացնում էին ադրբեջանցիներն ու թուրքերը Վրաստանում։ Այնուհետև... Տարածաշրջանային ասպարեզում պակաս կարևոր չէ Հայաստանի գործոնը, որն իր ռազմավարական ընտրությունը կատարել է հօգուտ Մաքսային միության, հօգուտ եվրասիական ինտեգրացիայի։ Ես կարծում եմ, որ ընտրությունը ճիշտ է։ Ավելին, դա միակ ճիշտ որոշումն է։ Այլ սցենարի զարգացման պարագայում կասկածի տակ կդրվեր մեր անվտանգությունը։ Մեր բանակը հիմնականում զինված է ռուսական զենքով, ռուսներն են պաշտպանում մեր սահմանները, տրամադրում ռազմական տեխնիկա ընդունելի գներով։ Եվ տնտեսական առումով էլ է ընտրությունը ճիշտ։ Անկեղծ ասած՝ «ճիշտ է»-ն այնքան էլ ճշգրիտ սահմանում չէ։ Եթե մենք չմտնեինք Մաքսային միություն, շատ շուտով Հայաստանում տնտեսական անկում տեղի կունենար։ Միայն էներգակիրների գների կրկնակի բարձրացումը կարող էր կոլապսի պատճառ դառնալ։

- Եվրոպացի փորձագետները նման մանրուքների մասին լռում են։ Եթե նրանց լսելու լինենք, ապա Եվրոպայի հետ ասոցիատիվ համաձայնագիրը Հայաստանի համար տնտեսական դրախտ տանող ճանապարհ է բացելու...

- Բանն այն է, որ եվրոպացիների բոլոր հետազոտությունները սույն թեմայի վերաբերյալ արված են առանց այս կամ այն երկրի ռեակցիան հաշվի առնելու այն դեպքում, եթե Հայաստանը ստորագրեր Եվրամիության հետ ասոցիատիվ համաձայնագիրը։ Ինչպե՞ս իրեն կպահի Հայաստանի հանդեպ այն երկիրը, որը չի մասնակցում ասոցիատիվ համաձայնագրին։ Բայց չէ՞ որ բնական է տնտեսական հարաբերությունների փոփոխություններ սպասել, եթե հայտարարում ես, որ այլ համակարգ ես անցնում։ Ինչպես Եվրամիությունն է Մաքսային միությունն ընկալում որպես այլ համակարգ, այնպես էլ Մաքսային միությունը եվրոպական ինտեգրումը գնահատում է՝ ելնելով իր շահերից։ Ամեն ինչ օրինաչափ է և տրամաբանական։

- Դուք անտեղի ե՞ք համարում խոսակցությունները Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման մասին։

- Դե, դա պարզապես լուրջ չէ։ Իմ կարծիքով՝ մեզ վրա հսկայական ճնշում կար Արևմուտքի կողմից։ Եկեք հիշենք. երբ Հայաստանի նախագահը Լեհաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասում էր այն մասին, որ Հայաստանը պատրաստ է փոխգործակցել ինչպես Եվրամիության, այնպես էլ Մաքսային միության հետ, պատասխանը տրվեց հետևյալ ոգով. այդպես չի լինի, հարկավոր է վճռել՝ «կամ-կամ»։ Ռուսաստանի նախագահի կողմից հարցը երբեք այդպես չի դրվել։ Իսկ ահա, լեհ նախագահն ակնհայտորեն փորձում էր ճնշում բանեցնել։ Հայաստանը չտրվեց Արևմուտքի ճնշմանը, և ճիշտ արեց։ Սերժ Սարգսյանի հնչեցրած որոշումը խելամիտ է թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական և թե՛ քաղաքակրթական առումներով։ Մենք ռուսների հետ ենք ահա արդեն երկու հարյուրամյակ։ Առայժմ այն, ինչ կոչվում է Հայաստան, անդրկովկասյան ուղղությամբ Ռուսաստանի առաջխաղացման արգասիքն է, ինչը համընկել է մեր ազգային-ազատագրական պայքարի հետ՝ սկսած Դավիթ Բեկից։ Այս երկու գործընթացների արդյունքում առաջ եկավ սկզբում Էրիվանի նահանգը, հետո Առաջին հանրապետությունը և այլն։ Ամեն ինչ տեղի ունեցավ շահերի համընկնման արդյունքում։ Այո, Ռուսաստանն ունեցել է և ունի մեծ շահեր մեր երկրում, տարածաշրջանում։ Եվ շատ լավ է, որ դրանք կան։ Եվրամիության շահերը ես այնքան էլ չեմ պատկերացնում, ի տարբերություն ռուսական պետության շահերի։

- Մի՞թե ամեն բան այդքան հարթ է։

- Բնա՛վ։ Կան, իհարկե, նաև շահերի չհամընկնման եզրեր։ Բայց իդեալական դաշնակիցներ չեն լինում։ Մեզ տվյալ իրավիճակում հարկավոր է ակտիվ լինել մեր դիրքորոշումները պաշտպանելիս։ Ցավոք, մենք ամեն ինչին չափից ավելի հեշտ ենք համաձայնում՝ հաստատելով, որ ապրիորի համաձայն ենք և՛ նրան, ինչ առաջարկում է մեզ Եվրամիությունը, և՛ նրան, ինչ առաջարկում է Ռուսաստանը։ Այնինչ, ապագա պայմանագրերի յուրաքանչյուր կետի վրա հարկավոր է լրջորեն աշխատել՝ հասկանալով և առաջ տանելով սեփական շահերը։ Օրինակ, տնտեսական առումով, մասնավորապես՝ հայրենական մի շարք ապրանքների արտահանման և ներմուծման համատեքստում, ամեն բան չէ, որ մեզ համար շահեկան է։ «Նորավանքը» մասնակցել է ծավալուն մի փաստաթղթի ստեղծմանը. խոսքը Մաքսային միությանը Հայաստանի միանալու դրական և բացասական կողմերի լուրջ վերլուծության մասին է։ Դե ինչ, կա և՛ լավը, և՛ վատը, բայց դա նորմալ է։ Ոչ մի տեղ մենք միանգամից դրախտային պայմաններում չենք հայտնվում։ Ամեն ինչ կախված է մեզնից։ Պարզապես կան ըստ էության կրիտիկական սցենարներ, երբ արդեն ընտրությունն ինքը կարող է անշրջելի և կանխատեսելի հետևանքների հանգեցնել։ Եթե մենք Մաքսային միություն չմտնեինք, մենք, կրկնում եմ, մեծ խնդիրներ կունենայինք տնտեսությունում՝ էներգակիրների, պաշտպանությունում՝ բանակի մատակարարման հետ կապված։ Իսկ թե ինչ կստացվի կատարված խելամիտ քայլից՝ կախված է միայն մեզնից։ Ի վերջո, ոչ ոք մեր փոխարեն չի զարգացնելու Հայաստանը՝ ոչ Եվրամիությունը, ոչ Մաքսային միությունը, ոչ Ռուսաստանը, ոչ ուրիշ որևէ մեկը...

- Իսկ ի՞նչ կասեք հայկական հասարակության մեջ առկա պառակտման մասին։ Երկու ճամբար՝ ռուսամետներ և եվրոպամետներ, և ոչ մի կոնսենսուս...

- Ես դա համարում եմ փոթորիկ մի բաժակ ջրում։ Մենք այլ կազմակերպությունների հետ համատեղ սոցհարցում ենք անցկացրել, որի արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է Մաքսային միությանը միանալուն։ Եվ այդ մեծամասնությունը թվերով, ըստ տարբեր կետերի, 60-80% է կազմում։ Իսկ պառակտումը նկատելի է էլիտայի մի մասի մոտեցումներում, ինչն ինքնըստինքյան, իհարկե, արժանի է ուշադրության, բայց բնակչության, ժողովրդի կամարտահայտման հետ կապ չունի։ Բայց գիտե՞ք ինչն է վատ։ Եթե Մաքսային միությանը միանալու կողմնակիցներն իրենց տեսակետը հիմնավորում են, գիտակցում լավն ու վատը և միանգամայն լոյալ են Եվրոպայի հանդեպ, ապա եվրոպամետներն առհասարակ թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի հանդեպ և ինչ-որ քարանձավային պատկերացումներ ունեն այդ երկրի մասին, դեմոնացնում են նրա կերպարը, ինչն իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի։

- Ես կասեի՝ ոչ այնքան քարանձավային պատկերացումներ Ռուսաստանի մասին, որքան պատկերացումներ Ռուսաստանի մասին՝ որպես քարանձավայինի...

- Դա էլ է ճիշտ։ Ի դեպ, նույնը կարելի է նկատել նաև թունդ եվրատյացների պարագայում, որոնք հաճախ Եվրոպան պատկերացնում են զուտ ողբերգական երանգներով։ Ինչո՞ւ ընկնել ծայրահեղության մեջ։ Չէ՞ որ խոսքն, ըստ էության, քաղաքակրթության կենտրոնների մասին է, ինչ-որ տեղ՝ նույնիսկ նույն քաղաքակրթության մասին։ Իրավիճակի դրամատիկացումը բխում է ավելի շատ անձնական, ֆինանսական, հնարավոր է՝ կարիերային հավակնություններից, այլ ոչ թե իրականությունից։ Ի դեպ, եվրոպամետների մեջ, Ռուսաստանի հանդեպ լիակատար թշնամանքի հետ միասին, կարելի է տեսնել ուղղակի մոլեգին երկրպագություն ամեն եվրոպականի հանդեպ։ Հնարավոր է՝ այդպիսին է գրանտների տրամաբանությունը, բայց ինչի՞ են պետք նման շեղումները, երբ դրվում է սեփական երկրի ապագայի հարցը։ Իհարկե, այժմ հիստերիկան փոքր-ինչ մարել է, շատերն են հասկացել, որ հարկավոր է ավելի լավ աշխատել, այլ ոչ թե բղավել։ Կրկնում եմ, իմ խորին համոզմամբ, մենք ոչինչ փակ աչքերով չպետք է անենք՝ պարզապես «կողմ» քվեարկելով, ոչ եվրոպացիների, ոչ ամերիկացիների, ոչ ռուսների, ոչ էլ ուրիշ որևէ մեկի հետ։

- Տարածաշրջանում ի՞նչ սցենարներ են առավել հավանական մոտ ապագայում։ Եվ արդյո՞ք կարելի է տեղաշարժեր սպասել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում։

- Գալիք տարին բանակցությունների համար, կարծում եմ, արգասաբեր կլինի։ Չեմ կարող բացառել բանակցությունների կառուցողական ելքը, մի ինչ-որ ճեղքում։ Ի դեպ, դրան շատ բանով կարող է նպաստել հենց Հայաստանի միանալը Մաքսային միությանը։ Դա հնչեցված կոնկրետ ընտրություն է և կոնկրետ աջակցություն Ռուսաստանին։ Ամենայն հավանականությամբ, կառուցողական հունով կզարգանան հարաբերությունները Վրաստանի հետ, և մենք կարող ենք օգտակար լինել Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում...

Զրույցը վարեց Զարա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play