Մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հաշվետվությունը


Մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հաշվետվությունը

  • 10-12-2013 16:14:14   | Վրաստան  |  Իրավունք
 
Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հենց այդ օրվան է վերագրվում Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հաշվետվությունը Վրաստանում մարդու իրավունքների վիճակի մասին: Ի տարբերություն ամենամյա հաշվետվությանը Խորհրդարանին` օմբուդսմենի միջանկյալ հաշվետվությունն ավելի կարճ է: Նրանում ներկայացված են բոլոր այն հիմնական միտումները մարդու իրավունքների բնագավառում, որոնք գրանցվել են այս տարվա ընթացքում:
 
Ներկայացված հաշվետվության մեջ երկու նախադասությամբ ներկայացված է ազգային փոքրամասնությունների հարցը. «Դիտարկվում է քաղաքացիական ինտեգրման ցածր մակարդակ: Ազգային փոքրամասնությունները լիարժեքորեն ընդգրկված չեն երկրի քաղաքական, մշակութային և հասարակական կյանքի մեջ», -ասված է Մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հաշվետվության մեջ:
 
Մարդու իրավունքների պաշտպանը նաև պատասխանեց «Միություն» լրատվական կենտրոնի հարցին.
 
Վրաստանում արմատավորված է այնպիսի կարծիք, որ «Տարածքային կամ Փոքրամասնությունների լեզուների մասին» Եվոական խարտիայի վավերացումը անվիճելիորեն սպառնալիք է ներկայացնում երկրի շահերի համար: Չի՞ պատրաստվում արդյոք Մարդու իրավունքների պաշտպանն ուշադրություն դարձնել այդ հարցին և խնդիրն արտացոլել իր ամենամյա հաշվետվության մեջ:
 
«Խնդիրը նրանում է, որ բնակչության մեծամասնությունը բացարձակ չի տիրապետում այդ խարտիայի տեղեկություններին, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ի՞նչ է պահանջում, ինչպե՞ս է տեղի ունենում նրա իրականացումը տարբեր երկրներում և այլն: Շատ երկրներում վավերացումն իրականացվում է որոշակի ամրագրումներով, որոնք էլ իրենց հերթին նախօրոք պատրաստվում են և դառնում լայն քննարկման նյութ: Վրաստանում նման քննարկում դեռևս չի եղել: Հենց այդ գործընթացն էլ պետք է սկսվի երկրում: Պետք է հասարակությանը բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ խարտիան, ի՞նչ վտանգներ է պարունակում, եթե ընդհանրապես ինչ-որ վտանգներ պարունակում է: Եվ միայն այդ ամենից հետո մենք կարող ենք լրջորեն խոսել փաստաթղթի վավերացման մասին: Քանի դեռ չի սկսվել քննարկումը, ես կարծում եմ, որ վաղ է վավերացման մասին խոսել»:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play