Ամանորին ընդառաջ երեխաները հյուրընկալվեցին «Հեքիաթային տնակում»


Ամանորին ընդառաջ երեխաները հյուրընկալվեցին «Հեքիաթային տնակում»

  • 24-12-2013 18:27:46   | Հայաստան  |  Մանկական էջ

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունն այսօր Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ  երեխաների համար կազմակերպել էր  տոնական ուրախ միջոցառում: Մասնակիցները 4-12 տարեկան երեխաներն էին, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է Ծառայությունը։
Արդեն ավանդույթի վերածվող միջոցառումը կազմակերպվում է «Հեքիաթային տնակում», որը ԴԱՀԿ ծառայությունն ստեղծել է երեխաների տեսակցության կազմակերպման նպատակով: Ծառայությունում հյուրընկալված փոքրիկներին է ներկայացվել զվարթ շոու ծրագիր հեքիաթների հերոսների մասնակցությամբ, իսկ այնուհետ նրանք նվերներ են ստացել ԴԱՀԿ ծառայության կողմից: 
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության գնդապետ Լիաննա Սիմոնյանը շնորհավորել է երեխաներին գալիք տոների առթիվ և նշել. 
«Սիրելի' երեխաներ, հարգելի ծնողներ,
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այսօր մենք կրկին հանդիպել ենք Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության «Հեքիաթային տնակում», և ուրախ եմ, որ մեր հանդիպումներն արդեն գեղեցիկ ավանդույթ են դառնում:  Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի անունից շնորհավորել ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան  տոների առթիվ, ցանկանալ՝ առողջություն, երջանկություն և անամպ երկինք: Թող գալիք տարին ձեզ համար լինի հաջողությունների և ձեռքբերումների տարի»:
Այնուհետև լրագրողների հետ ճեպազրույցում  ԴԱՀԿ անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Ասատրյանը նշել է. 
«Այս միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել ԴԱՀԿ ծառայությունում, և անցկացվում է այն երեխաների համար, որոնք այս կամ այն հարցով կապված են ծառայության հետ։ Այս կերպ մենք փորձում ենք լուսավոր և ուրախ պահեր ստեղծել նրանց համար, քանի որ այս երեխաները արդեն իսկ ունեն ընտանեկան խնդիրներ։ Բացի այդ, այս միջոցառումն առիթ է հանդիսանում, որ հոգեբանական կապ ստեղծվի երեխաների և Ծառայության աշխատակիցների հետ, որպեսզի երեխաները, ի դեմս հարկադիր կատարողի, տեսնեն իրենց հենարանին, իրենց բարեկամին, այն մարդուն, ով կարող է նպաստել իրենց խնդիրների լուծմանը։ Եվ այս միջոցառումները տալիս են իրենց արդյունքները»:
Հիշեցնենք, որ Ծառայության՝ ալիմենտներին վերաբերող գործառույթներից են բռնագանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: 2013 թվականի վիճակագրության համաձայն՝ ընթացք է տրվել 1163 կատարողական վարույթի, որից 1051-ն ալիմենտի բռնագանձման /դրանից մարզային բաժիններում՝  655 ալիմենտի բռնագանձման վարույթ/, բռնագանձված գումարը ՝ 380 մլն 677 հազ. 966 ՀՀ դրամ  /որից մարզային բաժիններում՝  240 մլն 143 հազ. 633 ՀՀ դրամ/, 103-ը` երեխաների տեսակցության կազմակերպման /որից մարզային բաժիններում՝ 41 վարույթ/  և 9-ը` երեխաների հանձնման վարույթներ են /որից մարզային բաժիններում՝ 5 վարույթ/։ Ընդհանուր առմամբ, Հարկադիր կատարման ծառայությունը աշխատանք է տանում շուրջ 2600 երեխայի հետ:
 
 
Նոյյան տապան  -   Մանկական էջ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play