Մենք չենք նկատում, որ հարավում ունենք հզոր մի հարևան, ով պատրաստ է մեզ հետ սեղան նստել հավասարը հավասարի սկզբունքներով
28-12-2013 11:59:12 | Իրան | Վերլուծություն
Հասարակության մեջ չեն դադարում արդիական մնալ Արևելք, թե Արևմուտք քննարկումները ու բանավեճերը: Իհարկե, ավելի շատ այս պահին քննադատում են ՄՄ-ը, սակայն, եթե Հայաստանը գնար դեպի Եվրոպա, ապա թիրախը կլիներ հենց Եվրոպան: Եվ ամենացավալին այս հարցում այն է, որ չենք գիտակցում մի հասարակ բան` Հայաստանը ընտրի ՄՄ-ը, թե ԵՄ-ը, միևնույնն է` կորցնում է իր ինքնիշխանությունը, քանի որ այս կառույցներից ոչ մեկը չի պատրաստվում համագործակցել Հայաստանի հետ հավասարը հավասարի սկզբունքով: Երկու կողմերն էլ պատրաստ են հոշոտել մեր հայրենիքը` հանուն իրենց նյութապաշտական պետական շահերի: Ո՞րն է նման պարագայում այլընտրանքը` Կովկասյան ֆեդերացիա՞ն` ոչ. դա բանական չի կարող լինել այսօր Ադրբեջանի հետ անկանխատեսելի հարաբերությունների պատճառով:
Մենք չենք նկատում, որ հարավում ունենք հզոր մի հարևան, ով ունի խնդիրներ և չունի դաշնակիցներ, ով պատրաստ է մեզ հետ սեղան նստել հավասարը հավասարի սկզբունքներով: Իրանը դեռևս մեկուսացված է, նրան չեն աջակցում անգամ նրա մահմեդական եղբայրները և իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ Իրանը անգամ քրիստոնյա պետության հետ շատ սերտ դաշինքներ ունենա: Դրա լավագույն թեկնածուն հենց Հայաստանն է` հաշվի առնելով հայ-իրանական պատմական, գենետիկ և անգամ արժեհամակարգային նմանությունները:
Իսկ վերջերս Իրանի Դեսպանի արած հայտարարությունը այն մասին, որ Իրանը կարող է ավելի ցածր գնով գազ վաճառել Հայաստանին, քաղաքական մեսիջ էր, որից սակայն չօգտվեցինք: Իրանը մեզ ձեռք մեկնեց և մենք արհամարեցինք այն` հաշվի չառնելով այն, որ դա կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել:
Երբ ակնհայտ դարձավ, որ Ուկրաինան Ռուսաստանի ճնշման տակ հրաժարվեց Եվրոպական ասոցացիայից և շարժվեց դեպի Մաքսային Միություն, նախագահ Յանուկովիչը Չինաստանի հետ սկսեց բանակցություններ վարել էլեկտրաէներգիայի և գազի նոր աղբյուրներ ձեռք բերելու նպատակով, որով նա ապացուցեց իր հայրենամետ քաղաքականությունը, որը ի սպառ բացակայում է Հայաստանի նախագահ` Սերժ Սարգսյանի դեպքում:
Այո, այնպիսի երկրներ ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը կամ էլ Իրանը այն պոտենցյալ ուժերն են, որոնք չեն ցանկանում ինչ-որ այլ ուժերի ազդեցության տակ ապրել: Պետք է սկսել հարաբերություններ հաստատել նման երկրների հետ, քանի որ 21-րդ դարը նրանցն է լինելու: