Ջավախքցի ուսանողը ուսում ստանալուց հետո չի ցանկանում աշխատել իր ծննդավայրում


Ջավախքցի ուսանողը ուսում ստանալուց հետո չի ցանկանում աշխատել իր ծննդավայրում

  • 14-01-2014 15:44:55   | Վրաստան  |  Վերլուծություն

«Ուղեղի արտահոսք» Ջավախքից
 
 
 
Ջավախքի երիտասարդները բուհերում են սովորում Երևանում, Թբիլիսիում և այլ
քաղաքներում, մեծամասնությունը չի ցանկանում վերադառնալ հայրենիք: Համաձայն
ոչ պաշտոնական տվյալների հայաստանյան բուհերում ուսանում են մոտավոր
2500-3000 ջավախքցիներ: Եթե նախկինում ջավախքցիների մեծամասնությունը
նախընտրում էր բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, ապա վերջին 3
տարիներին պատկերն մի քիչ փոխվել է: Վրաստանի կառավարության հատուկ որոշման
արդյունքում, Վրաստանի ոչ վրացալեզու դիմորդների համար քննական առանձին
պայմաններ են ստեղծվել (1-4 ծրագիրը), դիմորդները կարող են ընդունվել
հանձնելով քննությունը մայրենի լեզվով: Ընդունվելու դեպքում մի տարի
ինտենսիվ սովորում են վրացերեն հետո նոր անցնում են բուհական ծրագրի:
Չնայած սրան կրկին քիչ չեն այն շրջանավարտները, ովքեր նախապատվությունը
տալիս են հայկական բուհերին: Անկախ այն հանգամանքից ջավախքցի ուսանողը
Երևանում է բարձրագույն կրթություն ստանում, թե Թբիլիսիում, միևնույն է չի
ցանկանում վերադառնալ և աշխատել իր ծննդավայրում:
 
Նարինեն հենց սկզբից էլ չի սիրել իր մասնագիտությունը և մանկուց երազել է
բժշկուհի դառնալ: «Դպրոցս ավարտեցի և խնդիրներ առաջացան: Չցանկացա այդ
մասնագիտությամբ սովորել և եղբայրս ընտրեց իմ մասնագիտությունը
(ծրագրավորող), մտածելով որ կսիրեմ և կկարողանամ հետագայում առաջ գնալ,
բայց...»:
 
Նարինեն ընտանիքի հետ արդեն 3 տարի է տեղափոխվել է Երևան ապրելու համար:
«Ինձ թվում է, էլ երբեք էլ բնակվելու համար Ջավախք չեմ վերադառնա, այսինքն
մենակ հանգստանալու համար կգամ: Որովհետև Ջավախքում ապրելը դժվար է»:
 
Հարցին , որտե՞ղ է հեշտ ապրել Նարինեն պատասխանեց. «Այնտեղ, որտեղ
կկարողանաս քո ջանքերով արդյունքի հասնել: Իմ պարագայում ես կկարողանամ
Հայաստանում արդյունքի հասնել, քանի որ Ջավախքում արդեն վրացիներն են
իշխում: Իմ շրջապատում շատ ջավախքցիներ կան, նրանք ևս չեն ուզում հետ գնալ:
Վրացիների մոտ ստացվում է Ջավախքը հայաթափել»:
 
Երևանի պետական համալսարանում 2013-2014 ուսումնական տարում կրթություն են
ստանում 215 ուսանող Վրաստանից, որոնցից մոտավոր 180 Ջավախքից են:
 
Անի Նահատակյանը այն հազվադեպ մարդկանցից է, որ բարձրագույն կրթությունը
ուզում է օգտագործել հենց Ջավախքի համար: Նա սովորում է Երևանի պետական
համալսարանի լրագրության բաժնում: Եվ ինչ էլ լինի չի մնալու Երևանում:
«Երկընտրանք չի կարող լինել, որովհետև հենց սկզբից եկել եմ վերադառնալու
միտումով: Ընտրել եմ լրագրողի մասնագիտությունը որովհետև ինձ համար
հետաքրքիր է: Ինչպես նաև ընտրել եմ նրա համար, որ լրագրող նշանակում է
լինել «լուսավորող»: Ճիշտն ասած 1-ին և 2-րդ կուրսում սկսել էի հիասթափվել,
հանդիպելով լրագրության իրական դժվարությունների հետ, սակայն հետո հասկացա,
որ նման փոքր խնդիրներից պետք է սկսել առաջ գնալ...»,- ասաց նա:
 
Աշոտը սովորում է Երևանի տնտեսագիտական համալսարանում և մեր հարցերին կարճ
պատասխանեց. «Ուզում եմ մնալ Երևանում, կախված է նրանից թե արդյոք լավ
աշխատանք կգտնեմ մինչև համալսարանն ավարտեմ»:
Երևանի մանկավարժական համալսարանում Ջավախքից 233 ուսանող է սովորում,
որից 181 բակալավր, 18 մագիստրոս, 34 հեռակա, 1 ասպիրանտ: Իսկ մնացած
Վրաստանից 211, որից 171 բակալավր, 17 մագիստրոս, 23 հեռակա և
նախապատրաստականում 4 ջավախքցի և 2 վրաստանցի:
 
Մարգարյան Լուսինեն որրոշել է, անպայման վերադառնալու է հայրենի գյուղ.
«Ես անպայման վերադառնալու եմ և մեր գյուղի դպրոցում դասավանդելու եմ իմ
մասնագիտությամբ: Ինչքան էլ գրավիչ լինի քաղաքը, միևնույն է չի կարելի
փոխել ծննդավայրի հետ»: Լուսինեն սովորում է Երևանի պետական մանկավարժական
համալսարանում, մասնագիտությամբ կենսաբան է:
Ջավախք չեն ուզում վերադառնալ նաև թբիլիսյան բուհերի ուսանողները: Հարցման
ենթարկված 5 ուսանողից 3-ը չի ցանկանում հետ գալ:
 
Աննան մասնագիտությամբ իրավաբան է. «4-րդ տարին է Թբիլիսիում եմ, ինձ շատ
է դուր գալիս այս քաղաքը: Թբիլիսին ինձ շատ բան է տվել, լավ ընկերներ,
կրթական լայն հնարավորություններ և ամենակարևորը վրացերենի իմացություն:
Շնորհիվ նրան, որ վրացերեն արդեն լավ գիտեմ ինձ աշխատանք են առաջարկել:
Հավանաբար կմնամ Թբիլիսիում, քանի որ ես այստեղ կարող եմ իսկապես առաջ
գնալ»:
 
Ուսանողները դեռ պլանավորում են իրենց կյանքը, սակայն չգիտեն թե ինչ կլինի
վաղը իրենց հետ: Մեր զրուցակիցներից Արտակ Մելքոնյանը արդեն ընտրել է հետ
չվերադառնալու ճանապարհը և հաստատվել է Երևանում:
 
Նա բուհն ավարտելուց հետո աշխատում է Երևանում: Աշխատանքի պատճառով
գիտական գործունեությամբ չի զբաղվում: «Անկեղծ ասած մասնագիտությունս
ընտրել եմ շատ պատահական: Հիմա փոշմանել եմ, բայց մաթեմատիկան շատ բան է
տվել գիտական ոլորտում: Մագիստրատուրան ավարտելուց հետո, որոշել էի դիմել
ասպիրանտուրա, քանի որ գիտական գործեր ունեմ անավարտ: Հետագայում
չընդունվեցի ասպիրանտուրա ու առաջարկ ստացա աշխատելու: Քանի որ
ասպիրանտուրա ընդունվելու պլաններս դեռևս առկա էին որոշեցի աշխատեմ ու
միաժամանակ զբաղվեմ գիտական գործունեությամբ»,- պատմեց Արտակը:
 
Ջավախք չի վերադարձել քանի որ աշխատանքի տեղավորվելու ակնկալիք չուներ:
«Բարձր պաշտոնի չեմ ձգտում քանի որ, ղեկավարման ապարատում որպես այդպիսին
փորձ չունեմ, բայց Ջավախք վերադառնալու ցանկությունս կապված է ոչ թե
պաշտոնի հետ այլ աշխատաք ունենալու հետ: Այ օրինակ եթե Ջավախքում զարգացնեն
ենթակառուցվածքներն ու այն դիտարկեն ոչ թե գյուղատնտեսական համայնք այլ
հիմնեն ասենք ինժիներական կամ ծրագրավորման ինստիտուտ, սիրով կվերադառնամ
իմ մասնագիտական գիտելիքներս ներդնելու, այն զարգացնելու ու նույն
կառույցներում դասավանդելու համար»: Միաժամանակ հավելեց, որ «չեմ ուզում
ստացած կրթությունս վատնել դպրոցում դասավանդելու համար: Դա միակ աշխատանքն
է ինչ կա հիմա Ջավախքում, այն դեպքում երբ դպրոցները լցվել են դիպլոմով
դասատուներով»,- եզրափակեց Արտակ Մելքոնյանը:
 
Սեփական կադրեր չունենալու պատճառով Ջավախքում ավելանում է դրսից եկած
աշխատողների թիվը, թե ջավախքցի ուսանողների համար հեռանկար չկա
ծննդավայրում՝ որն է ավելի մեծ հիմնախնդիր հարցը մնում է հռետորական:
 
Աղունիկ Այվազյան
http://armenian-community.ge/News/312
Նոյյան տապան  -   Վերլուծություն