Տեղեկատվական պատերազմը, որպես կանոն, առհասարակ պատերազմի բաղկացուցիչ մասն է.Սերգեյ Ռաստորգուև


Տեղեկատվական պատերազմը, որպես կանոն, առհասարակ պատերազմի բաղկացուցիչ մասն է.Սերգեյ Ռաստորգուև

  • 25-01-2014 12:55:46   | Ռուսաստան  |  Վերլուծություն

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Տեղեկատվական պատերազմները մղվում են վաղուց։ Բայց կան հիմքեր ենթադրելու, որ հենց դրանք են որոշում 21-րդ հարյուրամյակի դեմքը՝ դառնալով նրա այցեքարտը։ Ասվածի հերթական հաստատումն են տիեզերական մասշտաբի տեղեկատվական մարտերը, որ մեր աչքերի առջև ծավալվում են Սիրիայի շուրջ։

Տեղեկատվական պատերազմների արդիական թեմային է նվիրված մեր զրույցը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրների ինստիտուտի վերլուծաբան Սերգեյ Ռաստորգուևի հետ։

«Լիտերատուրնայա գազետա»-ի հյուրը ոլորտի խոշոր հայրենական մասնագետ է, «Տեղեկատվական պատերազմի փիլիսոփայությունը» («Философия информационной войны»), «Ողջ աշխարհի կառավարումը» («Управление Вселенной»), «Իշխանության ընտրությունները՝ որպես տեղեկատվական էքսպանսիայի ձև» («Выборы во власть как форма информационной экспансии»), «Տեղեկատվական պատերազմի ֆորմալ տեսության ներածություն» («Введение в формальную теорию информационной войны») գրքերի հեղինակ։

- Սերգեյ Պավլովիչ, ովքե՞ր և ի՞նչ նպատակով են վարում տեղեկատվական պատերազմները։

- Դրանք վարվում են այն նույն նպատակով, ինչ և սովորական պատերազմները։ Նպատակը՝ այն ռեսուրսներն ու մասնագետներն են, որոնք բաժին են հասնում հաղթողին։ Տեղեկատվական պատերազմը պետությունների պայքարն է՝ տեղեկատվական զենքի, ասել է թե՝ հարահոսի (կոնվեյերի) վրա դրված տեղեկատվական տեխնոլոգիայի և տեխնիկական միջոցների կիրառմամբ։ Դրանք թույլ են տալիս առաջ բերել անհրաժեշտ տեսարաններ, գաղափարներ, տարածել և ներդնել դրանք մարդկանց ականջներում, աչքերում, սրտերում։

- Որոշ վերլուծաբաններ տեղեկատվական պատերազմներ և իմաստային պատերազմներ տարբերակում են կատարում։ Բացատրում են այսպես. «Առաջին դեպքում մենք փոխում ենք միայն տեղեկատվությունը, երկրորդում՝ ինտերպրետացիայի ենք ենթարկում գիտելիքները, պատկերացումները, ինչը ոչ հեշտ և երկարատև ջանքեր է պահանջում։ Դա, մասնավորապես, կապված է այն բանի հետ, որ գործիքանու առումով իմաստային պատերազմներն իրենց գաղափարներն առաջ են մղում ոչ թե ուղղակի, այլ ֆոնային ռեժիմով... Ուստի, իմաստային գործողությունները կարող են շարունակվել նաև տեղեկատվական գոտեմարտերի բացակայության պայմաններում։ Օրինակ, այսօր ավելի հաճախ է նկատվում անցում մարտավարական տեղեկատվական գործողություններից ազդեցության ռազմավարության և նախագծերի»։ Դուք համաձա՞յն եք նման տարբերակմանը։

- Ես փորձում եմ միշտ հավատարիմ մնալ դասական պատկերացումներին։ «Տեղեկատվական» եզրը բնորոշում է զենքի գերակայությունը։ Քիմիական պատերազմը՝ պատերազմ է քիմիական զենքով։ Եվ այդ ամենը՝ մի պատերազմի շրջանակներում, որն աշխարհի երկրների մեծամասնության բառարաններում սահմանվում է որպես պետությունների զինված պայքար։ Տեղեկատվական պատերազմը, որպես կանոն, առհասարակ պատերազմի բաղկացուցիչ մասն է հանդիսանում։ Այո, երբեմն լինում է նաև այսպես կոչված զուտ տեղեկատվական պատերազմ, երբ ոչ մի այլ սպառազինություն, տեղեկատվականից բացի, չի կիրառվում։ Այդ ժամանակ մենք խոսում ենք միայն տեղեկատվական պատերազմի մասին։

Ինչ վերաբերում է «իմաստային պատերազմ» եզրին, ապա այն ինձ համար անհասկանալի է։ Իմաստներն, իմ կարծիքով, զենք չեն։ Իմաստները աշխարհայացքի հիմքն են, որը ներառում է բազմաթիվ նպատակային դրույթներ՝ աշխարհի և ինքդ քո հանդեպ հարաբերությունների մշակված համակարգով։ Իմաստներ կրողներին այս կամ այն տեղեկատվության համառ պարտադրումն էլ հենց հանգեցնում է դրանց իմաստների մոդիֆիկացմանը՝ երբեմն նրանց կյանքը զրկելով իմաստից։

Համաձայն չեմ նաև այն մտքին, թե միայն այսօր են նկատվում ազդեցության նախագծեր։ Ընդհակառակը, դրանք միշտ են եղել։ Մի՞թե այդ նույն հզոր կրոնական դավանանքներն ազդեցության նախագծեր չեն։ Պարզապես այն խնդիրները, որոնց վրա առաջ տասնյակ տարիներ էին ծախսվում, այսօր լուծվում են մեկ-երկու տարում։ Եվ սա՝ այն պատճառով, որ միջավայրն է փոխվել։ Մենք ապրում ենք տեղեկատվական դարաշրջանում, որին բնորոշ է այն, որ մարդու և մարդու միջև տեխնիկական միջոց է կանգնած։

Ընդ որում՝ ցանկացած ռազմավարություն ներառել և ներառում է բազմաթիվ փոխկապված մարտավարական տեղեկատվական գործողություններ։ Գուցե, դրանց ֆոնին միշտ չէ, որ տեսանելի է գլոբալ նպատակը... Բայց այդպես էլ պետք է լինի։ Այլապես, այդ ի՞նչ գործողություն է, որը բոլորին է հասկանալի, անգամ զոհին։

- Բայց մի՞թե տեղեկատվական պատերազմները չեն վարվում մարդու, առաջին հերթին՝ հասարակության էլիտայի վարքն ագրեսորին հարկավոր ուղղությամբ վերածրագրավորելու նպատակով։

- Նպատակը ռեսուրսներն են։ Իսկ էլիտան գործիք է, բանալու նման, որը պետք է բացի դեպի այդ ռեսուրսները տանող մուտքը։ Կարևորագույն գործոն է էլիտայում ազդեցության անհրաժեշտ քանակությամբ գործակալների առկայությունը, որոնք ագրեսորի կողմից հատուկ ձևավորվում են այն մարդկանցից, որոնք ստրկական եսասիրական աշխարհայացք ունեն։ Նման մարդիկ դուրս են բերվում հանգուցային դիրքեր, որոնցից հնարավոր է առավելագույն տեղեկատվական ներգործություն սպասել։ Այդ դիրքերը՝ որպես կարևոր բարձունքներ, գտնվում են իշխանության ոլորտում և ԶԼՄ-ում։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վլադիմիր Ալեքսանդրովիչ Ռազումնին,պերեստրոյկայի շրջանում աշխատելով ԶԼՄ-ում, հետազոտել է այս խնդիրը և պատմել, թե ինչպես են նման գործակալներին ներդնում լրատվամիջոցներում։ Այն ժամանակ դա արվում էր վերևի կարգադրությամբ։ Եվ թե հետո ինչ էր տեղի ունենում այդ լրատվամիջոցների հետ՝ մենք տեսել ենք մեր աչքերով։ Դրանք պարզապես մյուս կողմն էին անցնում։

- Արդյո՞ք այսպես կոչված ակտուալ թոք-շոուները և ամեն տեսակ հեռուստաբանավեճերն իրենց էությամբ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ են։

- Եթե դրանք կապված են ընդհանուր նպատակով, ապա՝ այո։

- Ռուս մեծ մտածող Ալեքսանդր Զինովևը պնդում էր, որ մեդիայի խնդիրն արևմտյան հասարակությունում «մարդկանց ուղեղը մինչև վերջ «լցնելն» է, որպեսզի տեղ չմնա որևէ այլ բանի համար, և որպեսզի «ուղեղը շարժելու» ամեն ցանկություն վերանա։ Մարդկանց գիտակցությունում այնպիսի քաոս սերմանել, որ մարդիկ չկարողանան կարգավորել այն խելամիտ կերպով։ Ուղեղները լցնել շաբլոններով, կլիշեներով, դատարկ բաներով, վարքագծի նմուշներով, գայթակղություններով»։ Կոշտ է ասված, բայց արդյո՞ք ճիշտ է ասված։

- Ճի՛շտ է ասված։

- Բայց եթե ճիշտ է, ապա արդյո՞ք տեղեկատվական քաղաքականությունը ժողովրդին հիմարացնելու (оболванивание- Զինովևի եզրն է) նպատակով՝ քաղաքացիական տեղեկատվական պատերազմ չէ ժողովրդի դեմ։ Թե՞ տեղեկատվական պատերազմները տեղի են ունենում միայն պետությունների միջև։

- Լինում են պատերազմներ պետությունների միջև, լինում են նաև քաղաքացիական պատերազմներ։ Բայց երբ խոսում ենք քաղաքացիական պատերազմների մասին, ապա դրանք վարվում են սրա-նրա միջև։ Օրինակ, սպիտակների ու կարմիրների, կարմիրների ու կանաչների։ Այսօր տեղեկատվական քաղաքացիական պատերազմների առկայության մասին խոսելը, հավանաբար, տերմինաբանորեն ճիշտ չէ, որովհետև իշխանությունը զինված տեղեկատվական հակառակորդ չունի։ Ինչպես Արևմուտքի երկրները չունեն այդ հակառակորդը, այնպես էլ մենք։ Կա միայն դասական կառավարում, որն իրականացնում է իշխանությունը, այդ թվում և տեղեկատվական մեթոդներով, «մարդկանց ուղեղը մինչև վերջ «լցնելով»։

- Մեր աչքերի առջև ծավալվում է տեղեկատվական պատերազմ Սիրիայի շուրջ։ Դրա վարման ձևի մեջ ձեզ համար կա՞ ինչ-որ նոր, աнսովոր, հատուկ ուշադրության արժանի մի բան։

Եթե խոսենք այդ պատերազմի սցենարի մասին, ապա այն դասական է։ Առաջին սերիայում ներշնչվում է, որ Х երկրում ղեկավարը բռնակալ է և չարագործ։ Երկրորդ սերիայում ցույց է տրվում, թե ինչպես են Х երկրում զոհվում մարդիկ, նրանց անմարդկայնորեն թունավորում են քիմիական զենքով։ Ո՞վ կարող է անել դա։ Երրորդ սերիայում եզրակացություն է արվում. միայն չարագործներն են ի վիճակի անել դա։ Իսկ ովքե՞ր են չարագործները։ Պատասխան՝ նայիր առաջին սերիան և անմիջապես միջոցներ ձեռնարկիր։

Սիրիայում սցենարը գրեթե այնպիսին է, ինչպես Լիբիայում։ Լիբիայում ավազակները վախենում էին լիբիական ավիացիայից, դրա համար էլ ՆԱՏՕ-ն նախապես վերացրեց այն։ Ինչ վերաբերում է Սիրիային, ապա այստեղ Իսրայելն է վախենում սիրիական քիմիական զենքից, դրա համար էլ որոշում է ընդունվել, որպեսզի Սիրիան վերացնի իր զենքը՝ մինչև իր վրա հարձակվելը։ Իսկ նրա վրա հարձակվելու պատճառ, միևնույն է, հետո կմտածեն։

- Դուք կարծում եք, թե ամերիկացիների հարձակումը Սիրիայի վրա անխուսափելի՞ է։

- Բարդ սոցիալական համակարգերի համար որևէ անխուսափելի բան չի լինում։ Անգամ մահն առայժմ անխուսափելի է միայն առանձին վերցրած մարդու, բայց ոչ՝ հասարակության, ժողովրդի կամ երկրի համար։ Միշտ կարող է այնպիսի բան տեղի ունենալ, ինչը կստիպի աշխարհին շտապ զբաղվել որևէ այլ բանով։ Ցավոք, Սիրիայի պարագայում, ինչպես եղավ Լիբիայի դեպքում, դատելով արված քայլերից, գործընթացները զարգանում են հենց ագրեսիայի ուղղությամբ։

- 90-ական թթ. տեղեկատվական պատերազմներում ակտիվ դեր ունեին հայրենական զանգվածային լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորվում էին արտասահմանից։ Իսկ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Այսօր իրավիճակը ռուսաստանյան ԶԼՄ-ում ա՞յլ է։

- Իրավիճակը փոքր-ինչ այլ է։ Իրավիճակը փոխվեց՝ շնորհիվ 20.07.2012 № 121-ФЗ՝ «Օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող ոչառևտրային կազմակերպությունների գործունեության կարգավորման մասով Ռուսաստանի Դաշնության առանձին օրենսդրական փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու մասին» դաշնային օրենքի։ Այս օրենքը պարտավորեցնում է ոչառևտրային կազմակերպություններին պետական գրանցման դաշնային մարմնին տեղեկացնել օտարերկրյա աղբյուրներից ստացված դրամական միջոցների և այլ գույքի ծավալի և դրանց փաստացի կիրառման մասին։

Նաև շնորհիվ ՌԴ Քր.օր. 128.1 (Զրպարտություն) հոդվածի, որտեղ ասվում է հետևյալը. «Հրապարակային ելույթում պարունակվող, ստեղծագործությունում կամ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակավ դրսևորվող զրպարտությունը պատժվում է մեկ միլիոն ռուբլի տուգանքով կամ դատապարտյալի մեկ տարվա աշխատավարձի կամ այլ եկամտի չափով, կամ երկու հարյուր քառասուն ժամվա պարտադիր աշխատանքներով»։

Սա շատ կարևոր հոդված է։ Որովհետև ԽՍՀՄ տեղեկատվական ոչնչացումը հիմնականում հենվում էր զրպարտության վրա, ինչի համար հանկարծ դադարեցին պատժել։ Ինչքան զրպարտություն ասես, որ չարվեց։ Հասկանալու համար, թե ինչպես էր իրականացվում մարդկանց գիտակցության վերածրագրավորումը ստի հիման վրա՝ խորհուրդ եմ տալիս կարդալ Սերգեյ Գեորգիևիչ Կարա-Մուրզայի «Գիտակցության մանիպուլյացիա» գիրքը։

- Ձեր ելույթներում, նշելով, որ «տեղեկատվությունը, ինչպես ջուրը, անցք կգտնի», դուք ընդգծում եք, որ եթե տեղեկատվական պատերազմում պաշտպանական մարտավարություն որդեգրվի, պարտությունն անխուսափելի կլինի։ Տեղեկատվական պատերազմը պատմական «ճակատում», հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների վերաբերյալ, շարունակվում է վաղուց, և դրա վերջը չի երևում։ Սեպտեմբերին լրացավ Մյունխենյան դավադրության 75 տարին, որը կարևոր էր պատերազմի սանձազերծման ճանապարհին։ Ռուսաստանում այդ «փառապանծ» օրն անցավ գրեթե աննկատ։ Քանի որ մեր լրատվամիջոցները և պաշտոնական քարոզչությունն իրենց թույլ են տալիս անտեսել նման հոբելյանները, կասկած է առաջանում՝ արդյո՞ք սա Արևմուտքի հետ զիջախաղ չէ, ինչպես պերեստրոյկայիժամանակ էր։

- Մի կողմից՝ դա նշանակում է հետևել որոշակի գծի։ Մյուս կողմից՝ «փառապանծ» օրերը նկատելու համար հարկավոր են համապատասխան դիտորդներ, այսինքն՝ դրա համար պատասխանատու գերատեսչություններ և գրագետ մարդիկ դրանցում։ Մյունխենյան դավադրության առումով՝ դա վկայում է այն մասին, որ տեղեկատվական հակամարտության համար պատասխանատու նման մարմիններ մեր երկրում այսօր, ինչպեսև նախկինում, չկան։ Իսկ եթե ինչ-որ տեղ կան էլ, ապա դրանք ղեկավարում են ոչ «մեր» մարդիկ։

- Որքանո՞վ են այսօր վտանգավոր տեղեկատվական պատերազմները։

- Տեղեկատվական պատերազմները գործում են մեր բոլորի դեմ, ընդհանրապես մարդկության դեմ, անկախ այն բանից՝ բարիկադի որ կողմում է գտնվում մեզանից որևէ մեկը։ Տեղեկատվական պատերազմները խարխլում են այն հիմքը, որի վրա կանգնած է մարդկային քաղաքականությունը։

Մի ժամանակ պնդում էին, թե կեցությունն է որոշում գիտակցությունը։ Այսօր հարահոսի դրված գիտակցության կերպարները շատերին դատապարտում են ողորմելի կեցության։ Մոդելները ցնծում են՝ որոշելով էմպիրիկ աշխարհի սուբյեկտների վարքը։ Արդի մոդելները հեշտությամբ փոխում են պատմությունը։ Հաղթեց ԽՍՀՄ-ը նացիստական Գերմանիային, և ամբողջ աշխարհը դատապարտեց Սմոլենսկի և Կատինի մոտ լեհ սպաներին ոչնչացրած ֆաշիստական ռեժիմը։ ՆԱՏՕ-ն հաղթանակ տարավ Խորհրդային Միության հանդեպ սառը պատերազմում, և ռուսական Պետական դուման դատապարտեց ԽՍՀՄ-ին իբր այդ նույն լեհերին գնդակահարելու համար։

Այս կամ այն փաստին հավատալը հենվում է այն մարդկանց հանդեպ ձևավորված վերաբերմունքի վրա, ովքեր ունեցել կամ կարող էին ունենալ գոնե ինչ-որ առնչություն այդ փաստի հետ։ Եթե հաջողվեց ապացուցել, որ բոլոր հնարավոր վկաներն անուղղելի հանցագործներ են, ապա հավատալ կարելի է միայն այն բանին, որ նրանք են հիմնականում իրականացրել հանցագործությունները։ Պետական դումային, թերևս, այս հարցում այսպիսի խնդիր է առաջադրվել՝ «կեղտով պատել» Խորհրդային Միությունը՝ ոչ մի բանի առջև կանգ չառնելով։ Եվ դուման կատարեց այդ խնդիրը։

- Ստալինը և ԽՍՀՄ մյուս ղեկավարները կատարում էին հանցագործություններ, բայց ինչո՞ւ նրանք պետք է պատասխան տան նացիստների հանցագործությունների համար։ Միևնույն ժամանակ, դրանք Ստալինի վզին փաթաթելով, որը վաղուց մեռած է, դրանք փաստորեն փաթաթեցին Ռուսաստանի վզին...

- Անգամ եթե Ստալինն ու մյուս ղեկավարները ոչ մի հանցագործություն չկատարեին էլ, նրանց դատապարտումը, միևնույն է, տեղի կունենար, որպեսզի պլանաչափորեն ստեղծվեր ահավոր թշնամու կերպարը, որին ոչնչացնելու համար ցանկացած միջոց հարմար է։ Սա տեղեկատվական գործողության պարտադիր մասն է, որը ոչ ոք չեղյալ չի համարել։ Ստալինին՝ ԽՍՀՄ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարին, ֆաշիզմը հաղթողին հրեշ դարձնելը, Խորհրդային Միությունը դեմոնացնելն անհրաժեշտ է ոչ թե հանուն դեմոնացման, այլ հանուն ներկայի և ապագայի։ Կատարված իրադարձությունները մոռացվում են, վկաները՝ մահանում, արխիվները՝ փոխվում։ Այս պայմաններում պատմությունը, ինչպես և ամեն մի կրոն, ձևավորվում է՝ հենվելով հավատի վրա։

Թե ինչ կլինի հետո՝ պարզ է։ Օրինակ, կատարվել է իրադարձությունը՝ ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունը։ Ո՞վ է այն դահիճը, որ տվել է հրամանը։ Չարագործ կոմունիստնե՞րը, թե՞ ազատասեր դեմոկրատները։ Պատասխանը պարզ է և ապացույցներ չի պահանջում։ Քանզի միայն չարագործներն են ի վիճակի նման բան անել։

Այսօր՝ տեղեկատվական դարաշրջանում, ավելի դյուրին է դարձել կեղծումներ անելը՝ համապատասխան ծրագրային ապահովման կիրառմամբ։ Ինտերնետի շնորհիվ դրանք տարածելը հեշտից էլ հեշտ է դարձել։ Պատահական չէ, որ հենց ինտերնետում է այսօր «տեղավորվել» կեղծումների պատրաստման և տարածման հիմնական կենտրոնը։

Եթե հանկարծ, հետագա հակամարտության ընթացքում, Միացյալ Նահանգները փլուզվի՝ մասնատվելով բազմաթիվ փոքր պետությունների, ապա «ողջ մնացածները» կհավատան, որ երկվորյակ աշտարակների ոչնչացումն իրականում ամերիկյան հատուկ ծառայությունների սադրանքն էր (այնպես, ինչպես նացիստներն այրեցին ռեյխստագը 1933թ.), և հին աշխարհակարգի դեմ արյունալի արշավ սկսելու ազդանշան հանդիսացավ։

Մարդը ցանկանում է, հավատում, մտածում և գործում։ Եվ եթե կեցության իրողությունը տարբերվում է նրա մոդելային կառույցներից, ապա մեկ այլ մարդ՝ ռեսուրսներ ունեցող, շտկում է արդեն ոչ թե մոդելը, այլ հենց այդ կեցության իրողությունը։ Սա է հենց տեղեկատվական պատերազմների ամենաահավոր վտանգը։

Եթե նոր աշխարհակարգի «ուռճացվող» մոդելի համար պետք լինի ամրապնդվել հարկավոր նորություններով, ապա հանուն դրանց գործի կարող է դրվել նաև միջուկային զենքը։

- Ինչի՞ց պետք է զգուշանա Ռուսաստանն առաջիկայում, ինչի՞ն պետք է պատրաստ լինենք մենք։

- Միշտ պետք է պատրաստ լինել վատագույնին, բայց լավագույնի հույս ունենալ։

Վատագույնը կարող է այսպիսին լինել։ Օրինակ, ազգային հողի վրա ընդվզել են ինչ-որ քաղաքի բնակիչներն ու փակել ավտոմայրուղին։ Եվ այստեղ հանկարծ ինչ-որ մեկն այդ քաղաքին հարվածում է տակտիկական միջուկային զենքով։ Ո՞վ։ Իհարկե՝ չարագործները։ Իսկ ովքե՞ր են չարագործները։ Չարագործը սեփական կառավարությունն է, որը միջուկային զենք ունի։ Բայց եթե այդպես է, ուրեմն ողջ համաշխարհային ընկերակցությունը պետք է անհապաղ պատասխան միջոցներ կիրառի և միջուկային զինաթափում կամ էլ պատերազմ պահանջի։ Անհրաժեշտ ապացույցներն ակնթարթորեն կսարքվեն։ Իսկ այդ ընթացքում, երբ պարզվի ճշմարտությունը, գործն արդեն արված կլինի, և ճշմարտությունը կփոխեն...

- Չենք ուզում հավատալ, թե նման բան կարող է տեղի ունենալ։

Զրուցեց Օլեգ ՆԱԶԱՐՈՎԸ 

Նոյյան տապան  -   Վերլուծություն