Աբդուլլահ Օջալանի նամակը հայ ժողովրդին (ամբողջական)


 

Աբդուլլահ Օջալանի նամակը հայ ժողովրդին (ամբողջական)

  • 30-01-2014 19:34:50   | Թուրքիա  |  Քաղաքական

Այսօր Պոլսի ԱԿՈՍ շաբաթաթերթում տպագրվել է  Աբդուլլահ Օջալանի նամակը ուղղված հայ ժողովրդին: Ձեզ ենք ներկայացնում նամակի ամբողջական տեքստի հայերեն թարգմանությունը թուրքերեն բնագրից:
 
«Առերեսման կոչ
 
Միջագետքի եւ Անատոլիայի բնիկ ժողովուրդների միջև հարյուրամյակներ շարունակ առկա հասարակական փոխհարաբերությունները վերջին երեք հարյուրամյակների ընթացքում մեծ վայրիվերումների մեջ են գտնվում: Հատկապես արդի կապիտալիզմի և դրա տաճարը հանդիսացող ժամանակակից ազգային պետությունների տարածած թույնի պատճառով այս հողերը գրեթե  վերածվել են ժողովուրդների ու մշակույթների գերեզմանոցի: Միակուռ ազգ ստեղծելու նախագծերը Եվրոպայից Աֆրիկա, Ասիայից Ավստրալիա և այնտեղից մինչև Ամերիկա ընկած տարածքներում բոլոր մարդկային արժեքները ստորադասել են իրենց, հազարամյակների պատմություն ունեցող մշակութային ժառանգություններն ու արժեքները սրբել տարել են երկրի երեսից: Մարդկության և քաղաքակրթության բնօրրանն ու մեր հայրենիքը հանդիսացող այս հողերն էլ այս աղետից իրենց հասանելիք բաժինը և դեռ մի բան էլ ավելին ստացել են: Մեր ժողովուրդների միջև դաշույնի պես խրված ցեղապաշտական-ազգայնական հոսանքները այս աղետի գաղափարախոսական հենքն են հանդիսանում: Տասնյակ լեզուներ ու մշակույթներ այս հրդեհի մեջ այրվել ու մոխրացել են` չպահպանվելով նույնիսկ որպես պատմական հիշողության նմուշներ: Բազում ժողովուրդներ ցեղասպանության պես ծանր անմարդկային հանցագործությունների պատճառով վերացվել են ու նրանց հետ ճնշումների արդյունքում վերացել են նաև բազում հավատքներ ու մշակույթներ: Վերջին հարյուրամյակում տեղի ունեցած աղետները մարդկության գլխին եկած ամենամեծ աղետներն են: Պատմության ընթացքում բազում պատերազմներ եւ բախումներ են եղել, սակայն երբեք այսօրվա պես մարդկությունը ու բնություն ոչնչացնելուն ուղղված, ու այդ նախաձեռնության մեջ նմանատիպ հաջողություններ արձանագրած կողմնորոշում դեռ չէր եղել:
 
Ահավասիկ հայ ժողովրդի դեմ ուղղված և անցած հարյուրամյակում իրականացված ցեղասպանության ծրագիրը այս զազրելի քաղաքականության ամենադաժան օրինակներից է: Հայ ժողովրդի հետ իրականացված ու նրան այս վիճակի մեջ նետած իրողությունը տիպիկ ցեղասպանություն է: Ի հեճուկս այս ցեղասպանության Հայ ժողովուրդի`իր ողբերգությամբ հանդերձ այսօրվան հասնելը մի  մեծ հրաշք է: Այս հրաշքը անկասկած տառապյալ հայ ժողովրդի մեծ ջանքերի ու պայքարի արդյունքում է իրականություն դարձել:
 
Մեր օրերում հայ ժողովրդի ապրած պատմական իրողության հետ ամբողջ աշխարհի առերեսումը և նրա հետ միասին սգալու պատրաստակամությունը անհրաժեշտություն է: Թուրքիայի Հանրապետության կողմից այս հասուն գիտակցմամբ հարցին մոտենալն ու այս դառը պատմության հետ առերեսվելը անխուսափելի է:
 
Ինչ վերաբերում է հայ ժողովրդին, ապա իմ խոնարհ խորհուրդն այն է, որ ցեղապաշտական-ազգայնական թակարդները չընկնելով, մեր ժողովուրդներին հարյուրամյակներ շարունակ կռվեցնել կամեցող միջազգային ուժերի և լոբիների շողոքորթ նպատակներից հեռու մնալով իրենց պայքարը թող շարունակեն: Քուրդ ժողովրդի ազատագրական պայքարը և հայ ժողովրդի ցավերի ապաքինումը, որպես հավասար իրավունքներով օժտված հայրենակիցներ այս հողերի վրա կենաց պայքարի շրջանակներում իրար է միախառնված: Ժողովրդավարությամբ թագադրված Հանրապետությունը պետք է լինի իր անցյալի հետ առերեսված, նաև տարբեր ինքնություններին ազատորեն ապրելու հնարավորություն ընձեռնած մի պետություն: 
 
Մենք, այս տեսանկյունից նայելով, կարող ենք ասել, որ պայքարում ենք ոչ միայն քուրդ ժողովրդի այլև այս տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների եւ հավատքների ազատության համար:
 
Այս պատճառով է,որ Քրդական հարցի հանգուցալուծմանը չհասնելու համար ներքին եւ արտաքին հակաժողովրդավարական ուժերը բոլոր ժամանակներում մեր առջև խնդիրներ ու արգելքներ են հարուցել: Խաղաղության ճանապարհները փորձարկելու ժամանակ մշտապես մեծ պրովոկացիաներով գործընթացները կասեցրել են: Այս ուժերի հիմնական ապավենը փողը, կապիտալն ու ազգայնականությունն է: Որպես գործիք էլ օգտագործվել են մեծ լոբիներն ու վերջին շրջանում էլ համայնքանման կառույցները: Ուստի այս հողերի վրա ապրող բոլոր բնիկ ժողովուրդները այս հողերի տերերն են և չկա մի բան, որ չկարողանան կիսել իրար մեջ: Քուրդ, թուրք, արաբ, պարսիկ, հայ, որ ազգից ուզում է լինի, եղբայրական հավասարության իրավունքի հիման վրա իրավահավասարություն պետք է տիրի: Ժողովուրդների միջև թշնամանքը որպես մեր մշակույթի մի մաս չպետք է ընդունվի ու ընկալվի: Պետք է արգելք հանդիսանանք մեզնից հետո եկող սերունդների վրա այդ թշնամանքը տարածելուն:  Դա էլ միայն արդարության վրա հիմնված ու այդ հինքի վրա կառուցված պատմական խաղաղության միջոցով հնարավոր կդառնա: Ուստի 2013 թվականին Նեվրուզի տոնին սկիզբ դրված գործընթացը միայն այս հասկացությամբ զարգանալու դեպքում մնայուն կլինի և կիմաստավորվի:
 
Ժողովուրդների իրական բարեկամ և հայ ժողովրդի քաջ զավակ Հրանտ Դինքը հենց այս կեղտոտ մտածողության ներկայացուցիչների կողմից սպանվելիս վերը նկարագրված նպատակին ծառայելու պատճառով սպանվեց: Այդ նպատակով սպանված վերջին հայն էլ նա է ահավասիկ:
 
Դժվար պայմաններին հակառակ իմ կողմից շարունակվող խաղաղության որոնումները ոչ մի ժողովրդին ի վնաս ու հակառակ չեն եղել ու չեն լինելու: Երեսունից ավել տարիներ շարունակվող մեր պայքարի ամեն դրվագի մեջ այդ ճշմարտությունը առկա է:  Մենք բոլոր ժողովուրդների իրավունքների համար աննահանջ պայքար մղելիս մեր պայքարը իմաստազրկելու համար  ողջ էությամբ զբաղվող բոլոր խորքային, ակնհայտ ու զուգահեռ ուժերի, լոբիների և համայնքատիպ կառույցների նկատմամբ կոչ եմ անում զգոն լինել և օբյեկտիվ մոտենալ խնդիրներին:
 
Մեր քաղաքական-բարոյական կեցվածքը մինչև այսօր օգնել է մեզ չշեղվելով մեր ճանապարհից առաջ ընթանալ և այսուհետ էլ նույն հեռատեսությամբ հանուն բոլոր ժողովորդների իմ պայքարը թող ոչ մեկի մոտ կասկած չհարուցի:
 
Այս իրողությամբ էլ մեկ անգամ ևս սիրելի Հրանտ Դինքին հարգանքով հիշատակում  և ի դեմս հայ ժողովրդի` մեր բոլոր ժողովուրդներին ողջույններս եմ հղում:
Աբդուլլահ Օջալան, Իմրալը բանտ»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական