Սովորում ենք ապրել այլ կանոններով...


Սովորում ենք ապրել այլ կանոններով...

  • 15-02-2014 19:31:09   | Գերմանիա  |  Վերլուծություն
Հինավուրց երգ
«Պետք է արիաբար խմել բաժակը մինչև տակը: Հայ լինելը հեշտ չէ: Ո'վ է իմանում, նախախնամության ձեռքի մեջ ինչպիսի գաղտնի զենք ենք և մոլորակի վրա ինչպիսի ստվերներ ենք կոչված լուսավորելու»: 
Կոստան Զարյան
 
Գրողի վերոհիշյալ տողերը կարդալուց հետո նա անգամներ, իր մտորումների, իր միանձնության պահերին, խորհում էր այդ մասին: Իրականում նա միշտ էլ մտածել է, խորհել է, ցանկացել է հասկանալ կատարվածը. Ինչո՞ւ է նա այստեղ, ինչպես եղավ, որ նա լքեց հայրենիքը, հարազատությունը, մարտական ընկերներին, ընտանիքը: Ի՞նչ կարող է նրան տալ այս օտար երկիրը, օտար հասարակությունը, ազգը, ժողովուրդը, պաշտոնյան, մարդը, որ հայրենին թողնելով, եկավ կանգնեց օտար երկրի ապաստանություն գրանցող գրասենյակի առաջ: Հետո՝ աննպատակ օրեր, մութ օրեր, մտածում էր փախչել, քանի ուշ չէ, ետ դառնալ: Մարտի էր մասնակցել, հաղթանակներ էր տարել, զոհված ընկերներ էր թողել այնտեղ և այդ ամենը ինչի՞ համար, որ այսօր գա, նվաստացած՝ որպես անհայրենիք, կանգնի հերթի իր ճաշաբաժինը ստանալու, նոր տուն տեղը կիսի ինչ որ մութ անձանց հետ, հետո...
 
Էլ ի՞նչ հետո, մինչ ժողովուրդը շունչ կքաշեր, մինչ իրենք ուշքի կգային, դարձյալ ինչ որ, նախախնամություն դասավորությամբ, թե ինչ որ անհայտ ուժերի կարգադրությամբ, ինչ որ անձեր հասցրին հրաման արձակել, մինչ այստեղ և ոչ ավել... հաղթանակը՝ հաղթանակ, բայց խաղաղության պտուղները վայել են միմիայն ընտրյալներին, «կոմանդոսներին», «առաջնորդներին», փոքր ու մեծ «իշխաններին», «գեներալներին»: Մարդկային Օրինաչափությունները, առանձնահատկությունները, թեկուզև նախախնամությունը, ի- սկզբանե այդպես են ծրագրել և հիմք դրել և վերջ...
Հետո՞...
Հետո, առաջինը՝ ազատ անկախ Հայաստանի հանրապետության առաջին նախագահը հազիվ հասցրեց բազմել նախագահական բազմոցին, շունչը կտրվել էր դասեր սերտելուց, դասեր տալուց, լեկցիաներ կարդալուց: Այլևս վերջ, ամեն ինչ իր համար լուծված է, իսկ  իշխանությունը՝ քաղցր, հոգեպարար թմրություն բերող, խելք ու միտք բթացնող թմրանյութ է, պետք է կարողանալ հանգստությամբ ըմբոշխնել, վայելել այն: Իր պարտականությունը չէ նայել, թե ի՞նչ է կատարվում շուրջը, թե ով ինչ է անում, թե ով ինչպես է իշխանություն բանեցնում...
Օտար երկրները նրանց հոգին հանեցին դեմոկրատիայի իրենց պահանջով: Առեք ձեզ շուկայական գների ազատություն, տնտեսական անարխիա ու մեզ հանգիստ թողեք: Չգիտե՞ք, հայը հենց այն գլխից դեմոկրատ է եղել, հիմա էլ նա մեզ հանգիստ է թողնելու, մեր գործը անենք: Եսայիկը Բուլգարիա պետք է գնա, իր վաստակած հանգիստը վայելելու: Վանոն ինչ որ տեղ գործուղվի, իր՝ «Չալոն մնաց զարմացած» երգը ավարտելու: Իսկ այն մեկը թող քանդի հինը, որի ամեն ինչ ստեղծածը՝ տգեղ է, անօգուտ, վնասաբեր: Հենց ի սկզբանե խելացի են եղել խոզի ականջներ ստացած թագավորն ու Գրիգոր ավերիչ- խավարիչը, որոնք հրամայել են նախ քանդել հինը, այո, հենց այդպես, եթե չքանդե՞ս հինը, ապա ինչպե՞ս և որտե՞ղ պետք է կառուցես նորը, եթե դուռը չփակե՞ս, ապա ինչպե՞ս պետք է բացե՞ս այն: Եթե չխավարեցնե՞ս, ապա որտեղ պետք է վառե՞ս լույսը: Եթե չխափանե՞ս, ապա ինչպես կարող ես զարկ տալ նորը: Այո, այո այդպես, այս սկզբումքները եղել են մեր իշխանավորների առաքինությունը, իսկ ճշմարտությունը, եղել է նրանց սեփական ավանակը, ուզել են նրան կապել են գոմում, առատ խոտի ախոռին, ուզել են, ծանր բեռնել են նրան, ուզել են, նրան հենց այնպես ավանակի տեղ են դրել և լռեցրել...
 
Այո, ուզել են, այդպես են արել, եթե չեն ուզել, ապա չեն արել...
 
Այնտեղ՝ Հայրենի Երևանում երբեմն իրեն թվում էր, թե ինքը ավելորդ մի տարր է, ինչ որ գլուխը կորցրած և աննպատակ, դես- դեն նետվող մարդկանց բազմության մեջ ու մինչ կհասկանար, թե ինչ է կատարվում, տարիներ անցան, ձանձրույթը, անելանելիության, անզորության զգացումը նրան առել էին իրենց ճիրաների մեջ և խեղդում էին...
 
Բայց որ առաջինը խելացի է եղել, դա անվիճելի է: Նա ոչինչ չի ուզել: Որովհետև այդ դեպքում նա չէր կարող սխալներ թույլ տալ: Բայց որ նա համարձակ է եղել, դա էլ չի կարելի ուրանալ: Նա մեն-մենակ հյուր է գնացել մոլային, նրան Շուշիի ազատագրումը հաղորդելու, և այդ այն դեպքում, որ այս անգամ հայոց սպարապետը կռվի դաշտում լինելու պատճառով, իր հետ չէր, որպեսզի հարկ եղած պարագայում, հայրենի հող շաղ տար իր ոտքերի տակ: Հայոց արգանդը ծնեց նրան և նրա ՀՀՇ ընկերներին, որպեսզի նրանք հայ ժողովրդի տառապանքը իր գագաթնակետին հասցնելով, նրան նորանոր հրաշագործությունների մղեն, լավ իմանալով, որ հրաշքներ ծնվում են միմիայն տառապանքների գնով...
 
Բայց առաջինը ստիպված թողեց ասպարեզը, որովհետև այս անգամ խելագար՝ փոթորիկը շուրջպար էր բռնել ինքն իր հետ, այս անգամ արդեն որերորդ անգամ ճշմարտությունը բռնաբարվեց, պետականությունը գլխատվեց, այն էլ օրը ցերեկով, բոլորի՝ ապշած, քարացած հայացքների առաջ...
 
Եվ ով անեծք, այս անգամ որտեղից- որտեղ իր «խարոշի» տղաների հետ Լույս աշխարհ եկավ երկրորդը և հրամայեց.  
 
Լռեցնել... 
Վերացնել...
 
Եթե միայն այդպես կարելի է լռեցնել նրանց..., 
թող սովորեն քամուց, նմանվեն նրան, եթե դիմադրության են հանդիպում, ապա պետք է փոխեն իրենց ուղին և փախչեն, 
այո՝
փախչե՜ն, 
փախչեն հեռուն...
 
որքան հեռու, այնքան իրենց համար լավ: Խփե'ք ամբոխներին խելագար, քոքը պետք է արմատից կտրել, սաղմը չթողնել սաղմնավորվի: Իմացե'ք, դա մեր հաստատ որոշումն է, մենք խրատներ չենք տալիս, ոչ էլ մեկի հետ խոսել ենք ցանկանում: Հարցը մեզ համար պարզ է, պետք է պարզ լինի նաև բոլորի համար: Հայը սովոր չէ հլու հնազանդ ապրել, գլուխը ծռել յուրայինի առաջ: Անկախ Հայրենիք ունենալը սրանց համար մի անհասկանալի, անծանոթ թեորիա է, ու դեռ երազում են ու երազում: Նրանց համար էլ է դա հանելուկ, թե ինչու իրենք կարող են միմիայն օտարության մեջ, կամ օտարի իշխանության պարագայում արարել...
 
Թե ինչպես եղավ, ինքն էլ չհասկացավ, այս անգամ նա հայտնվեց, բանտում, քրեականների, գողերի, մարդասպաների մեջ: Այս մեկը անողնաշար առաջինը չէր, լավ էր սերտել բաքվի դասերը: 
 
Ինչպես դարասկզբին շատերը, նաև այսօր, նա հայ ժողովրդի կյանքում եղած շատ հանգամանքներ հասկանալ ու մարսել չի կարողանում և ստիպված, նաև անզորության զգացմումքից նվաստացած, երբեմն ցանկանում է դրանք վերագրել նախախնամության քմահաճույքից կախված: Իրոք, անհասկանալի և առեղծվածային է եղել ամեն ինչ, իսկ ինչո՞ւ է այդ ամենը այդպես և այդպես էլ շարունակվում է: Ու նա փիլիսոփայում է՝ «երևի մենք, երևի մեզանից յուրաքանչյուրը պետք է նախ իր ներսը նայի, և այնտեղ որոնի, թե սխալը որտեղ է, թե ինչպես կարելի է այն ուղղել...
Արահվիրքների շարանը երկար է և ասես անվերջանալի: Դարասկիզբին թշնամին բզկտեց հայ ժողովրդի մարմինը, այնուայմենայնիվ նա դիմացավ, նույնիսկ հաղթանակ տարավ, որպեսզի հետո բզկտվի յուրայիների ձեռքում, բայց նա գոյատևեց ևս մի դար, և ի- հեճուկս չարի ու չարակամների, մինչև հերթական ամպրոպը, դարձյալ հաղթանակներ տարավ, շտկեց մեջքը, ոտքի կանգնեց, բազմացավ, արարեց, կառուցեց: Բայց ասես օրինաչափությունը խախտված կլիներ, եթե դա այդպես շարունակվեր և դեպի լավը գնար, ո'չ, դարավերջին դարձյալ հանգամանքները նրան լինել չլինելու շեմին հասցրին: Բայց օ՜հ զարմանք, նա որերորդ անգամ, այն էլ դարձյալ լինել չլինելու պահին հաղթանակեց, և... 
 
Եվ, ինքը որ այդ հաղթողներից մեկն էր հայտնվեց օտար երկրի ապաստանյալների  հանրակացարանում, քնեց արաբների, աֆղանների, աֆրիկացիների, չեչենների հետ: Նրանց հետ ճաշի նստեց, լսեց նրանց երեխա- զինվոր  սահմռկեցուցիչ պատմությունները և կորցրեց հավատը մարդու նկատմամբ, ապրելու նկատմամբ, մոռացավ իր լինելը: Եվ փորձեց հասկանալ, ճանաչել մարդուն, նախ ճանաչել իրեն: Դա հեշտ չէր...
 
Հապա երրորդը՞: Ազնվությունը պահանջում է ասել, որ նա որպես պետկան այր, իր սեփական ժողովրդի անունից խոսելով, խոստումներ է շռայլում միջազգային ատյաններում, դե, մի քիչ ազնվական դառնալով, կարելի է նաև այդ ժեստն անել, չի կարելի մոռանալ այդ.
 «Մենք սովորում ենք:
Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը:
Սովորում և մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, և պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին:
Մենք հանդուժողականություն ենք սովորում և երկխոսության մշակույթ ձևավորում:
Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարևորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել:
Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը և չենք ամաչում առողջ քննադատությանն ականջալուր լինելով փոխել մեր իսկ կայացրած որոշումները:
Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով:
 Ո՛ղջ հասարակությամբ ենք սովորում»:
Այո, ճիշտ այդպես, հասարակությունը սովորում է լռել, խոնարհվել, տանել: Հայ երիտասարդը սովորում է, որ իր երկրում ոչինչ դեպի լավը չի փոխվի, սովորում է կորցնել հավատը՝ իր հայրենիքում դրական ապագայի փոփոխության նկատմամբ և սովորում է՝ իր ապագան կառուցել այնտեղ, որտեղ նա սովորում է, որ կարելի է նաև, մարդավայել ապրել և աշխատել: Իսկ երրորդի գեղեցիկ խոսքերը միայն դրսեցիների համար են ասվում, ոչ յուրայիների, վերջիները պետք է գիտակցեն, որ հայ ազնվականությունը նոր է սովորում այլ կանոներով ապրել և աշխատել, իրեն հատուկ կանոներով: Այն կանոններով, որ Փարավոններից մինչև օրս առաջնորդվում են նրանք՝ աշխարհի մեծամեծները, ազնվականները: Իրենք նոր են, իրենց մեղքը չէ, որ նոր պետք է դա սովորեն, չպետք է անտեսել դա, դա ոչ ոքի համար պետք չէ գաղտնիք լինի: Իրենք գիտեն, որ հայը համբերատար է, հայը ընդունակ է ամեն ինչ սովորելու, այդ էլ կսովորի, ժամանակ է պետք: Չի կարելի պախարակել նրան: Իսկ ինքը կսովորի իր տղաներին կարգի հրավիրել: Գեներալ Մանվելին խոսել կսովորեցնի, իր լավ տղաներին կսովորեցնի, այն ինչ նրանք դեռ չեն հասցրել սովորել, այն է՝ իշխանավայել աշխատել ու ապրել, իշխանավայել կեցվածք ընդունել: Հայ ժողովուրդը դարեր շարունակ տառապել է օտարների իշխանության տակ, որովհետև չի ունեցել սեփական իշխաններ: Ինչո՞ւ է այդ բացարձակ «աքսիոման» մոռացության տրվում: Ուրեմն չի կարելի նրան պախարակել,  չէ որ նրա հարաբերությունը իր լավ տղաների հետ հենց այդ սկզբունքի հիման վրա է կառուցվել, այո, չի կարելի պախարակել նրա լավ տղաների «շափ- շնոհրքը»: Դեհ արժանի են նրանք, նրանցից շատերը ազատագրել են Արցախը: Գեներալ Մանվելը իզուր գեներալ չի կոչվել, նա արժանի է Փարիզների, Լոնդոնների նման քաղաքների քաղաքապետ լինել: Ի՞նչ է Էջմիածինը, եկեղեցիների ու մի քանի «մաֆիոզների» ու աստծո փեշերը քրքրող մի քանի  կղերականների՝ աղքատիկ մի գյուղաքաղաք: Վերջում տակը ոչինչ չի մնում: Կափարիչը վերցնես, նոր միայն կաթսայի դատարկությունը կտեսնես: Ամենուր դա այդպես է, իսկ շատերը դա հասկանալ, կամ ընդունել չեն կարողանում, կամ չեն ցանկանում և ավելին են պահանջում...: Դե, ոչինչից ինչպես բաժին հանես նաև ժողովրդին, դա անհնար է:
 
Նրա ապաստանության դիմումը մերժվեց փախստականների հարցերը կարգավորող պետական հիմնարկի կողմից, փաստաբանը առաջարկում էր դատարան դիմել: Իր փաստերը հիմնավոր են, ինքը Հայաստանում քաղբանտարկյալ է եղել, թեև այնտեղ պետության կողմից նրան այդպես չեն որակել և ոչ էլ դատել և ոչ էլ ինքը դա փաստել կարող է: Վերադառնա՞լ: Որտե՞ղ: Հայրենի՞ք...
 
Հայտնեց, որ վերադառնալ է ցանկանում, ամեն ինչը ձևակերպեց, սակայն անցավ ընդհատակ, այս անգամ ապաստան գտավ մութ անձանց՝ ռումինացիների մոտ, գիշերեց նրանց բարաքներում, նրանց հետ օրական տասը ժամ աշխատում էր շինարարության վրա, խոստացել էին օրական քսան ևրո, ինչ որ ստանում էր, խնայում էր մինչև վերջին սենտը, ուղարկում կնոջը: Բայց գիտեր, որ այդպես երկար շարունակել չի կարող, գիտեր, որ բռնվելու վտանգ կար, որ այդպես շարունակելու դեպքում առողջությունը քայքավելու է, որ տանը երեխաները իրեն են սպասում, որ չորս տարեկան երեխան ամեն օր աթոռի վրա կանգնած, ժամեր պատուհանից դուրս է նայում, որպեսզի տեսնի, թե պապան երբ է տուն գալիս...  
 
Գիտեր, որ չգիտեր, թե ինչպես է այլևս շարունակվելու, եթե նախախնամությունը այդպես է ցանկանում, ապա նա պետք է իր դառը բաժակը մինչև վերջ խմի, բայց ինչո՞ւ է նախախնամությունը ցանկանում, որ իր երեխաները որբ մնան, ժողովուրդը որբ մնա, թափառի, ծեծի օտարների դռները, սուպերմարկետներում գողության գնա, հանցագործության ճանապարհը ընտրի...
 
Երևանում ամիսներ աշխատեց, ամսից- ամիս կես ռոճիկ ստացավ, հանդուկն էր, պատերազմ տեսած, սպառնաց դատով ու դատաստանով, դուրս վռնդվեց, օրեր գնաց եկավ, մնացած աշխատավարձը չստացավ, փորձեց՝ օրենքով: Օրենքի մարդիկ նրան մարդի տեղ չդրին, բացի այդ, ծիծաղեցին, տուն գնաց, ամոթով, գլխիկոր: Չորս տարեկան Երեխան պատուհանից տեսավ նրան, լացեց, մամային ասաց, որ պապային էլի փող չեն տվել, գլխիկոր է տուն գալիս: Լսեց, համբերության բաժակը լցվեց: Փախավ, գնաց իրեն վնասի, ազատվի... Ոչ, ճանապարհին ասաց ինքն իրեն. -պատերազմում հաղթանակած տուն վերադարձողը, իրավունք չունի իր երեխաներին որբ թողնել: Աշխատատեղ գնաց, այս անգամ հաղթանակած և գլուխը բարձր բռնած տուն վերադառնսլու հաստատուն մտադրությամբ: Նրան դուրս վռնդելու փորձեր արին, չդիմացավ, Համբերությունը հատեց, չցանկացավ դարձյալ գլխիկոր տուն գնալ, երեխային էր մեղքանում: Գործատիրոջը ծեծեց, խեղդում էր, սպանելու մտադրությամբ, բայց հիշեց՝ ոչ միայն նրա, նաև իր երեխաներն են որբ մնալու, թողեց, բայց տուն չգնաց, չուզեց երեխային հիասթափեցնել, փախավ... 
Հետո լսեց, որ ոստիկաններ են եկել տանը, իրեն կալանավորելու համար... 
Լսեց, որ երեխան մյուս երեխաների մոտ հպարտացել է, թե իր պապան շատ ուժեղ է, գործատիրոջը մի լավ ծեծել է...
 
Ռուսաստանում գործերը դասավորվելու վրա էր, կանոնավոր ամսական էր ուղարկում կնոջը, մտադիր էր ընտանիքը այնտեղ տեղափոխել, սակայն մի օր փողոցում պատահական, երիտասարդ ֆաշիստների զոհն էր դառնալու, որոնք կովկասցիների որսի էին դուրս եկել, նրան փրկեց՝ տարեց ռուս կինը, փողոցում իր մարմնով ծածկելով նրան և իր վրա ընդունելով նրանց զինվորական կոշիկների հարվածը: Ոստիկանությունը նրան մեղադրեց պրովոկացիայի մեջ և վտարելու որոշում ընդունեց... Դարձյալ փախավ, այս անգամ Լեհաստան, հետո Գերմանիա...
 
...Հետո ռումինացիների, բուլգարացիների և այլոց հետ ամիսներ աշխատեցին ռումինացի միջնորդների մոտ, բայց աշխատավարձի մի մասը չստացան, բացի այդ ստիպվեցին, ազատել նաև բարաքները: Նոր սևագործ բանվորներ պետք է գային: Այս անգամ նա վստահեց օրենքի գործադիր մարմիններին: Իր բախտակիցների հետ որոշեցին հանդուկն քայլի դիմել: Մի համարձակ թղթակցի ուշադրությունը հրավիրեցին Եվրոպայի սրտում մեր ժամանակների ստրկատիրության պրակտիկայի վրա: Նրա նկարահանման և հեռոստացույցով հաղորդման շնորհիվ, օրենքը նրանց պաշտպան կանգնեց, դատարան դիմեցին: Իրենց էլ էր դատ հասնում, ապօրինի էին աշխատել, բայց դատարանը նրա և մի քանիսի վատառողջության պատճառով, մեղմեց նրանց նկատմամբ օրենքի կետերի կիրառումը: Նրանք մնալու, բուժվելու և աշխատելու իրավունք ստացան: Նա հասավ իր նպատակին, եթե տուն պիտի վերադառնար, ապա պիտի վերադառնար հաղթանակած և գլուխը բարձր պահած: Պատուհանի առաջ սպասող երեխան պետք է այդպես տեսներ իր պապային...
 
Սամվել Հովասափյան
Բեռլին, 2014
 
  
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play