Արագ հարստանալու ֆանտաստիկ գաղափարի հեղինակը հայ է


Արագ հարստանալու ֆանտաստիկ գաղափարի հեղինակը հայ է

  • 17-02-2014 16:00:22   | ԱՄՆ  |  Իրավունք

Լոս-Անջելեսի LA Payroll ընկերության հայազգի սեփականատեր Թեւոս Գրիգորյանը մեղմ ասած` տհաճ անակնկալ է մատուցել Հարավային Կալիֆոռնիայով սփռված իր բազմաթիվ պատվիրատուներին:

Այս ընկերությունը մեծ ու փոքր բիզնեսներից եկամտահարկեր է գանձում եւ դրանք փոխանցում IRS-ին: Վերջինս ԱՄՆ-ի գանձապետական վարչության  բյուրոյի գործակալություն է, որ զբաղվում է տարեկան ներքին եկամուտների  եւ հարկերի հավաքագրման խնդիրներով: Տարեկան հարկերի հաշվառումն ու վճարումը շատ կազմակերպությունների համար իսկական գլխացավանք է, քանի որ մասնագիտական որոշակի գիտելիքներ ու հմտություններ է պահանջում:

Շատերն այդ գլխացավանքից ազատվելու համար այս գործը պատվիրում են LA Payroll-ի նման մասնավոր ընկերությունների: Եվ հայտնի չէ ինչպես, այս ընկերության հայազգի սեփականատերի գլխում իր հաճախորդների հարկային գումարներով արագ հարստանալու ֆանտաստիկ գաղափարն է ծնվել: Հարկային գումարները IRS-ին փոխանցելու  փոխարեն նա իր գրպանն է դրել դրանք եւ մեկնել անհայտ ուղղությամբ: 56-ամյա արկածախնդիրը, իր աշխատողների վկայությամբ, անձամբ է զբաղվել հարկերի հաշվառման խնդիրներով:

 Ինչպես նշում է LA Times-ը, ընկերության հաճախորդներն այս մասին առաջին ահազանգն ստացել են, երբ IRS-ը նրանց հարկերի ուշացող վճարումների մասին նախազգուշական նամակներ է ուղարկել: Հենց այդ ընթացքում ընկերության սեփականատերը մեկնել է հանգստանալու: Մինչ այդ, իր իսկ եղբոր վկայությամբ, նա չափազանց ուրախ ծննդյան տոներ է անցկացել հարազատների միջավայրում:

Նրա յուրացրած գումարի չափը, ընկերության նախկին մենեջերի գնահատմամբ, հասնում է 4 մլն-ի:

LA Payroll-ի գրասենյակն այժմ փակ է, իսկ շվարած, զայրացած ու կողոպտված հաճախորդներն արդարություն են որոնում: Խնդիրն այն է, որ LA Payroll-ի նման ընկերությունների գործունեությունը նահանգային կամ ֆեդերալ հաստատությունների կողմից այնքան էլ խիստ կանոնակարգման չի ենթարկվում, ինչպես նրանք դա իրականացնում են ֆինանսական այլ հաստատությունների դեպքում եւ նման կարգի խադավանքներից տուժածները կորցրածը ետ բերելու ավելի նվազ շանսեր ունեն,- հայտնում է «Հետք«-ը: 

 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play