Այսօր «Կենգուրու 2014»-ի օրն է


Այսօր «Կենգուրու 2014»-ի օրն է

  • 27-03-2014 12:48:42   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Այսօր Հայաստանի և Արցախի ավելի քան 44 200 աշակերտ կմասնակցի «Կենգուրու 2014» միջազգային մաթեմատիկական մրցույթին:
 
Արդեն 6-րդ տարին է, ինչ «Այբ» կրթական հիմնադրամը  Հայաստանում կազմակերպում և անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական  մրցույթը՝ «Կենգուրուն»:  Ի դեպ՝  աշակերտների մասնակցության այս տարվա ցուցանիշն ամենաբարձրն է նախորդ հինգ տարիների համեմատ։
 
Մասնակիցների լրացրած պատասխանի թերթիկները ստուգվելու են «Այբ» հիմնադրամում` հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ: Ինչպես միշտ, յուրաքանչյուր դպրոց մայիսի առաջին կեսին ստանալու է ամփոփ հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին: Նույն ամսվա երկրորդ կեսին նախատեսվում են մրցանակաբաշխություններ Հայաստանի բոլոր մարզերում և Ստեփանակերտում:
 
Համաձայն «Kangaroo sans Frontieres» միջազգային ասոցիացիայի կանոնների` «Կենգուրուի» խնդիրներն ու ճիշտ պատասխանները հրապարակվում են մասնակից երկրների կայքերում՝ մրցույթից մեկ ամիս անց: Մեր երկրում դրանք կհրապարակվեն 2014 թ.ապրիլի 28-ին, մրցույթի www.kangaroo.am կայքէջում:
 
Մանրամասների համար այցելեք www.kangaroo.am կայքը:
 
Հայաստանում և Արցախում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:
 
Մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո:
 
Մրցույթի կազմակերպման գործընկեր` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ:
 
Ինֆորմացիոն հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ