Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երիտասարդները համախմբվում են մեկ գաղափարի շուրջ


Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երիտասարդները համախմբվում են մեկ գաղափարի շուրջ

  • 28-03-2014 09:09:56   | Հայաստան  |  Հասարակություն

Աշխարհի երեք քաղաքներում՝ Երևանում, Դոնի-Ռոստովում և Փարիզում բնակվող  մի խումբ հայ երիտասարդներ, որոնք ներգրավված են ամենատարբեր քաղաքացիական նախաձեռնությունների մեջ,  «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում կայացած հեռուստակամուրջի միջոցով հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ եւ մշակել հետագա համագործակցության ուղիերը:   
 
Հանդիպմանը մասնակցում էին Համահայկական բնապահպանական ճակատի, «Հայկական վերածնունդ» շարժման, «Պահապան» ասոցիացիայի, «ՖԱՖ» ֆուտբոլի երկրպագուների միավորման, «Զեյթուն» հայրենակցական միության անդամները Երևանից, Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի ներկայացուցիչները Դոնի Ռոստովից և Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը Փարիզից: Բոլորին մեկ վայրում հավաքել էր Հայաստանի ներկայով ու ապագայով մտագոհ լինելու հանգամանքը: 
 
Մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը ծանոթացան միմյանց հետ և յուրաքանչյուր նախաձեռնության նպատակներին ու գործունեությանը: Այդ առիթով եղան տարբեր առաջարկներ: Անուշավան Շահնազարյանը՝ «Անտիտապոռ» նախաձեռնությունից, կիսվեց իր գաղափարով՝ բնապահպանների մասին պատմող ֆիլմ նկարահանելու վերաբերյալ: Բնապահպանական ճակատի ներկայացուցիչներն իրենց հերթին առաջարկեցին Ռուսաստանի տարբեր քաղաքներում կազմակերպել իրենց նկարահանած «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական-փաստագրական ֆիլմը: «Օջախ» երիտասարդական միության ղեկավար Կարեն Պրազյանը պատրաստակամություն հայտնեց կազմակերպելու բնապահպանական ֆիլմի ցուցադրությունը Դոնի Ռոստովում և տարածել Ռուսաստանի այլ քաղաքներում: Իսկ Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար Սաթենիկ Ալեքսանյանը նշեց, որ ներկայիս կարևորագույն խնդիրներից են հայապահպանությունը, լեզվի և ինքնության պահպանման հարցերը: «Հայկական վերածնունդ» Լոս Անջելես նախաձեռնության անդամ Սյուզաննա Պետրոսյանը կիսվեց Հայաստանում ապրելու և բնապահպանական շարժմանն աջակցելու իր փորձով՝ Դոնի-Ռոստովի երիտասարդներին առաջարկելով ընդլայնել համագործակցության շրջանակը: ՖԱՖ-ի անդամները կարեւորեցին սպորտային միջոցառումների ժամանակ տեղի հայ համայնքների հետ ուժերը միավորելու և ֆուտբոլային խաղերի ժամանակ Հայաստանի հավաքականին երկրպագելու և հայրենասիրական ոգին բարձրացնելու անհրաժեշտությունը:
 
Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի Երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Սահգերդյանցը խոսեց շխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներին համախմբելու և միասին համակարգված աշխատելու մասին, ինչի նպատակով առաջարկվեց ձևավորել համակարգող խումբ, որը կզբաղվի Արևմտյան Հայաստանի երիտասարդական խորհրդարանի ստեղծման հարցերով:
 
Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց օգնելու երիտասարդներին կապեր հաստատել Ֆրանսիայում և այլուր ապրող հայերի հետ և աջակցել տարաբնույթ ծրագրերի իրականացմանը:
 
Հավանաբար, այս տարի նրա ղեկավարությամբ Հայաստանում կանցկացվեն ճանաչողական արշավներ, որոնք կօգնեն երիտասարդներին հոգեպես և ֆիզիկապես մարզվել, դառնալ ավելի հայրենաճանաչ:
 
Հանդիպման մասնակիցները գոհ էին արդյունքներից: Հանդիպման նպատակն էր աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երիտասարդներին համախմբել մեկ ընդհանուր գաղափարի՝ հայրենանպաստ գործունեություն ծավալելու շուրջ:
 
Աննա Աղլամազյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն