Էրեբունին ամփոփում է 10-րդ Թանգարանների գիշերը արգելոց-թանգարանում


Էրեբունին ամփոփում է 10-րդ Թանգարանների գիշերը արգելոց-թանգարանում

  • 19-05-2014 12:51:30   | Հայաստան  |  Մշակույթ

2014թ. մայիսի 17-ի ժամը 18:00-ից <<Էրեբունի>> արգելոց-թանգարանը 10-րդ անգամ միացավ Եվրոպային` մինչև կեսգիշեր ընդունելով հազարավոր այցելուների:  Հոբելյանական 10-րդ Գիշերվա համար 5 միջոցառումներից մշակված ծրագիրը միաժամանակ մեկ սցենարի մեջ էր, որը կրում էր ԻԿՕՄ-ի կողմից 2014-ի համար հայտարարված  <<Հավաքածուները ստեղծում են կապեր>> խորագիրը` հասցեագրված  ամենատարբեր հետաքրքրություններ և տարիքային խմբերի պատկանող  այցելուների: Ինչպեսև նախորդ տարի, թանգարանի այցելուների կողքին էր Երևանի քաղաքապետարանը, ում աջակցությամբ ժամը 19:00-ից մինչ կեսգիշեր գործեց  Հանրապետության հրապարակ-Էրեբունի թանգարան անվճար երթուղին` խրախուսելով և դյուրինացնելով, մասնավորապես երևանցիների, այցելությունը  մայրաքաղաքի բնօրրան: Ինչպեսև միշտ, հաշվի առնելով այցելուների մեծ հոսքերը ոչ միայն թանգարան` այլ նաև Էրեբունիի ամրոցի միջնաբերդ, արգելոց-թանգարանի տարածքում լրացուցիչ ուժեղացված ծառայություն իրականացրեցին ՀՀ ոստիկանության պետական պահպանություն իրականացվող ոստիկանները` ապահովելով ոչ միայն հասարակական կարգի, այլ նաև հնավայրի անխաթար պահպանություն:   Առավոտից մինչև ուշ կեսգիշեր ոտքի վրա էր րգելոց-թանգարանի ողջ աշխատակազմը:
Թեև Գիշերվա մեկնարկը խորհրդանշականորեն տրվելու էր արևամուտից, սակայն մայիսի 17-ի վաղ առավոտից Էրեբունին սկսեց ընդունել ՀՀ մարզերից ժամանող դպրոցական խմբերի` ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ: Բազմաթիվ խմբային այցելուների շարքում առանձնապես աչքի ընկավ Բյուրեղավանի դպրոցը, որն Էրեբունի էր եկել տոնական հատուկ ծրագրով և  տրամադրությամբ: Արին բերդի բարձրունքից բյուրեղավանցի դպրոշականները  բաց թողեցին տոնական փուչիկներ` այսկերպ ողջունելով 10-րդ Թանգարանային գիշերը մայրաքաղաքում: 
Ծնողների ուղեկցությամբ Էրեբունի այցելած ցածր դպրոցական տարիքի երեխաները ժամեր շարունակ անցկացրեցին արգելոց-թանգարանի ուսումնական պեղավայրում` դիտելով պատանի հնագետների ցուցադրական դասը պեղումների հրապարակում: Այդ պեղումները հետաքրքրեցին նաև շատ մեծահասակների: 
Ծրագրի շրջանակում 3 անգամ ցուցադրվեց <<Աշխարհը Բրիտանական թանգարանում>> ճանաչողական ֆիլմը, որի դիտորդները հիմնականում ուսանողներն ու մեծահասակներն էին: Ֆիլմը գլխավորապես հետաքրքրեց  մշակութային մասնագիտական կրթություն ստացողներին և, մասնավորապես, հնագետներին ու արվեստի պատմաբաններին:  
Էրեբունիում Թանգարանների գիշերը երաժշտական դարձրեց <<Վան>> ազգագրական երգ ու պարի համույթը` Անդրանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Թանգարանի ներքին բակում և առջևի հարթակում հնչեցին <<Ամռան գիշեր>>, <<Աշնան գիշեր>>, <<Ճախարակ>> երգերը, իսկ <<Ուրֆանե>>, <<Սեբաստիո>>, <<Զընգըրթա>> պարային համարներում ուղղակիորեն  ներգրավվեցին նաև այցելուները` համույթի հետ կազմելով պարային մեկ շրջան:  
Մեծ թվով այցելուների Էրեբունի էր բերել նաև 1-ին անգամ ցուցադրվող ագաթե կոճակի մ. թ. ա. 8-րդ դար 1-օրյա ցուցադրությունը: Շատերին էր հետաքրքրում, թե ինչպիսի՞ն է գրեթե 3-հազարամյա կոճակը: 
Ավելի ուշ, ժամը 21:00-ից Էրեբունին միացավ համացանցում օն-լայն ռեժիմով հասանելի <<Գեղագիտակ>> նախաձեռնությանը` մինչև կեսգիշեր դիտելով 10-րդ Թանգարանային գիշերվա հետաքրքիր կադրեր` մեկտեղված մեկ ալբոմում: Գեղադիտակը, որը հասանելի է http://prod.kinevision.fr/opes/display_wall_stack/349?user=musee&pwd=2014  հասցեում, ներկայացրել է հարյուր-հազարավոր կադրեր Եվրոպայի թանգարաններից: Սմարթֆոններ ունեցող հազարավոր այցելուներ ընդունել են Գիշերվա եվրոպական համակարգողների <<Նկարի°ր ինքդ>> առաջարկությունը և որսացել Եվրոպայի թանգարանային հավաքածուների հարստությունը ներկայացնող հրաշալի լուսանկարներ: Նախաձեռնությանն ակտիվորեն են մասնակցել Ֆրանսիան, Իտալիան, Ռումինիան, Իսպանիան, Ռուսաստանը, Հայաստանը: Էրեբունի թանգարանը Գեղադիտակում ներկայացված է Արգիշտիի բարձրաքանդակը ներկայացնող 1 լուսանկարով:  
2014թ. մայիսի 17-ին <<Էրեբունի >> արգելոց-թանգարան են այցելել 2400 այցելուներ, որոնցից 960-ը` 12-25 տարեկաններ: 
<<Էրեբունի>> արգելոց-թանգարանը շնորհակալություն է հայտնում իր բոլոր այցելուներին, գործընկերներին և աջակիցներին: Հատուկ շնորհակալություն այն այցելուին, ով ինքնալուսանկարի փոխարեն նախապատվությունը տվել է մեր սիրելի մայրաքաղաքի հիմնադրի` Արգիշտի արքայի բարձրաքանդակին` Եվրոպայով մեկ հանրառչակելով շուտով արդեն 2800-ամյա Երևանի հարատևության խորհրդանիշը:
Մինչ հաջորդ Թանգարանային գիշեր:
 
<<Էրեբունի>> արգելոց-թանգարան
 
    
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play