Հայկական ձուկը «արտաքին շուկայում»


Հայկական ձուկը «արտաքին շուկայում»

  • 19-05-2014 19:19:49   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանում այսօր կա 170-180 ձկնարտադրական տնտեսություն, որոնք զբաղվում են իշխանի և թառափազգի ձկների աճեցմամբ, բացի դրանից՝ կա նաև 35-40 կարպային տնտեսություն (հիմնականում տեղակայված Արմաշի տարածքում), որոնք դարձյալ արհեստական կերակրմամբ աճեցնում են ծածանազգի ձկներ` կարպ, սազան, պնդաճակատ, և դրանք հիմնականում իրացնում ներքին շուկայում:
 
«Իշխանի և թառափազգի ձկնատեսակների արտադրությունը 2013 թվականին կազմել է մոտ 13 500 տոննա, որից մոտ 1800 տոննան անցյալ տարի արտահանվել է հիմնականում Ռուսաստան, առավելապես` Մոսկվայի մարզ,- մեզ հետ զրույցում ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:- Մեր հիմնական շուկան ռուսական շուկան է, որտեղ մենք ունենք լրջագույն մրցակիցներ` հանձինս Թուրքիայի, Նորվեգիայի և եվրոպական այլ պետությունների, մեր հիմնական մրցակիցները Թուրքիան և Նորվեգիան են:
 
Հայկական ձուկը, ձկնամթերքը, մեր զրուցակցի տեղեկացմամբ, փոքր քանակությամբ պարբերաբար արտահանվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, բայց այն համակարգված բնույթ չունի, դարձյալ փոքր քանակությամբ արտահանվել է նաև Ուկրաինա, Ղազախստան, Ուզբեկստան, բայց այդ երկրներն առայժմ իրացման լուրջ շուկա չեն հայաստանյան ձուկ արտադրողների, արտահանողների համար: Իսկ Եվրոպա, ինչպես հիշյալ ՀԿ-ի ղեկավարը հավաստեց, առայժմ չի հաջողվել ձուկ արտահանել, փորձեր արվել են, բայց անհաջող:
 
«Մեր կայացած տնտեսություններից մի քանիսը հիմա նորից ցանկանում են այդ արգելքը, եղած բարդությունները հաղթահարել, համապատասխան կառույցները խոստանում են, որ մինչև 2014 թվականի սեպտեմբերը մենք կունենանք հնարավորություն Եվրոպա արտահանում իրականացնելու, բայց աշխատանքները շատ ծավալուն ու բարդ են,- ասաց Արթուր Աթոյանը:- Երեք տարուց ավելի է, ինչ պատրաստվում ենք Եվրոպա արտահանել, նախատեսում ենք, որ այնտեղ պետք է արտահանենք հիմնականում սև և կարմիր խավիար, քանի որ նրանց մոտ ձկան արտադրության ինքնարժեքը խիստ ցածր է: Նրանք շրջահայաց և իրատեսական միջոցառումների շնորհիվ կարողացել են հասնել համապատասխան լուծումների, որոնք, ցավոք, Հայաստանում առայժմ բացակայում են: Այդ խնդրի կապակցությամբ բազմիցս դիմել ենք մեր իշխանություններին, խոստում ենք ստացել, որ մեզ մոտ առաջացած խնդիրները պետք է լուծվեն»:
 
Երկրից հիմնական արտահանողը «Յունիֆիշ» խոշորագույն ընկերությունն է, որն իր արտադրանքը ոչ միայն Ռուսաստան է արտահանում, այլև հայկական տեղական շուկայում է իրացնում, որն առանց այն էլ խիստ գերբեռնված է: Այստեղ շուկայի հավասարակշռության հարցում կարևոր դեր է խաղում շատ արտահանողների արդարացի մուտքը արտաքին շուկա, որտեղ պետք է յուրաքանչյուրը դրսևորվի:
 
Օրինակ` Մոսկվայում «Պրոէքսպո»-յի վերջին ցուցահանդեսի կազմակերպիչների կայքում ներկայացված էր մասնակից միակ հայկական ընկերությունը` «Ֆիշարտ» ՍՊԸ-ն, որը ներկայացրել էր մեր ձկնային արտադրատեսակները, Հայաստանում արտադրված սև խավիարը, իշխանի կարմիր խավիարը և թառափը:
 
Հաշվի առնելով այս ոլորտի կարևոր նշանակությունը մեր պետության ու հասարակության համար, առաջիկայում մենք առավել մանրամասն կանդրադառնանք ձկնարտադրության խնդիրներին ու Հայաստանից ձուկ արտահանող կազմակերպություններին:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն