Մեկնարկել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային 4-րդ փառատոնը


Մեկնարկել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային 4-րդ փառատոնը

  • 02-06-2014 14:32:38   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնությամբ` (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան) տաղանդավոր պատանիների առջև արդեն չորրորդ անգամ իր դռներն է բացել «Նոր անուններ» միջազգային փառատոնը, որի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:  
 
«Կատարողական արվեստում հաջողության հասնելու համար երկար տարիների քրտնաջան աշխատանք և լսարանի առջև հանդես գալու փորձ է պահանջվում: Ներկայացուցչական դարձած այս փառատոնը թույլ է տալիս բեմը տրամադրել պատանիներին` նրանց կատարողական հնարավորություններն ու կարողությունները բացահայտելու և զարգացնելու համար: Ողջունում եմ «Նոր անուններ» փառատոնի հերթական մեկնարկը` համոզված լինելով, որ տաղանդավոր կատարողների նոր սերունդ բացահայտելուց բացի, այն հաճելի ապրումների առիթ կդառնա հանդիսատեսի համար»,-ասել է  ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Հունիսի 1-4-ը Երևանում նախատեսված փառատոնի կազմում ընդգրկվել են 10 երկրի` Հայաստանի, Ռուսաստանի, Դանիայի, Կանադայի, Կուբայի, Լատվիայի, Վիետնամի, Վրաստանի, Չեխիայի և Մալթայի  շնորհալի շուրջ 40 պատանի երաժիշտ-կատարողներ, ովքեր միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ և տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ են:
 
Փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի հիմնադրման 25-ամյակին և այդ առիթով կատարումներով հանդես են գալու նաև միջազգային ասպարեզում այսօր ճանաչված` «հին» նոր անուններ:
 
Պատանի երաժիշտները փառատոնի բացմանը կատրումներով հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
 
Փառատոնի ընթացքում երևանյան հանդիսատեսին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացվելու են մենանվագ կատարումներ: Փառատոնի հանդիսավոր փակումը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր Հարություն Արզումանյանի) պատանի մենակատարների ելույթը նախատեսված է հունիսի 4-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play