Թուրքիայի խայծերը՝ 2015-ին ընդառաջ


Թուրքիայի խայծերը՝ 2015-ին ընդառաջ

  • 03-06-2014 16:04:49   | Վրաստան  |  Վերլուծություն
Լրագրող վերլուծաբան Հայկանուշ Ալոյանը «Մեդիամաքս» կայքում տեղադրված իր
հոդվածի մեջ գրում է.
 
«2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Թե՛ հայկական,
թե՛ հատկապես թուրքական կողմը հանգամանորեն պատրաստվում են 2015-ին: Եվ
այսպես, ամփոփելով փաստերը, համախմբելով մինչև հիմա Թուրքիայի կատարած
քայլերը, պիտի փորձեմ ներկայացնել Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ
քայլերի իմ տեսակետը:
 
Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին նախապատրաստական աշխատանքներ
են տարվում ոչ միայն Հայաստանի հանրապետությունում և հայկական Սփյուռքում,
այլև՝ Թուրքիայում, ուր այդ հարցին շատ ավելի լուրջ ու համակարգված
մոտեցում են ցույց տալիս:
 
2001-ի մայիսի 25-ին թուրքական կառավարության կողմից ստեղծվել է «Անհիմն
ցեղասպանության պնդումների դեմ պայքարը համակարգող խորհուրդ»։ Կառույցի
նախագահ է նշանակվել այն ժամանակվա փոխվարչապետ Դևլեթ Բահչելին, իսկ
խորհրդի համակարգող՝ Ազգային անվտանգության խորհրդի ընդհանուր քարտուղարի
առաջին տեղակալը։ «Խորհրդի ստեղծման նպատակը տարբեր երկրներում օրակարգ
բերվող ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի չեզոքացումն էր։ Խորհրդի
կազմում ներառված էին գրեթե բոլոր պետական մարմինները, ինչպիսիք էին
օրինակ՝ ազգային պաշտպանության, արդարադարտության, ներքին և արտաքին
գործերի նախարարությունների, ազգային հետախուզության կազմակերպության,
Թուրքական պատմագիտական ընկերության նախագահության, Պետական արխիվների
գլխավոր վարչության և այլ մարմինների ներկայացուցիչներ։ Խորհուրդը
ղեկավարել է նաև Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլա Գյուլը:
 
Խորհրդի գործունեության շնորհիվ տպագրվել են հարյուրավոր գրքեր, Թուրքիայի
դպրոցներում, համալսարաններում ու այլ կառույցներում կազմակերպվել են
ուրացման հարյուրավոր «գիտաժողովներ»։ Վերջերս էլ լույս տեսան 35 հատորանոց
«Հայերն ու թուրքերը պատմության մեջ» «գիտական» աշխատության 10 հատորները,
որոնց վրա աշխատել է շուրջ 350 գիտնական։ Նախատեսվում է հատորաշարքի 6-7
հատորները թարգմանել գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն։ Մյուս
հատորները լույս պիտի տեսնեն 2015-ին:
 
Կարելի է համարել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին
Թուրքիայի պետության նախապատրաստությունների ծիրի մեջ եղել է նաև Ռեջեպ
Թայիպ Էրդողանի` հայերին ուղղված ուղերձը, որ հրապարակվեց սույն թվականի
ապրիլի 24-ի նախօրյակին:
 
(…)կարող ենք եզրակացնել, որ 2015 թվականի նախօրյակին թուրքական
իշխանությունները պիտի աշխատեն հետևյալ ուղղություններով՝
 
-Թուրքիայի կրթական համակարգի մեջ ուրացման քաղաքականության ամրապնդում՝
գիտաժողովներ կազմակերպելով և գրքեր հրատարակելով։ Հայկական սփյուռքի հետ
հարաբերությունների հաստատում:
 
-Ցեղասպանության զոհերի և պատերազմի ժամանակ ունեցած թուրքական
կորուստների հավասարեցում:
 
-Ցեղասպանության զոհերի ժառանգորդներին Թուրքիայի քաղաքացիության
շնորհում:
 
-«Հայտարարություն-խայծերի» միջոցով Հայաստանի հանրապետության
կառավարության հետ հարաբերությունների կարգավորում:
 
Ակնհայտ է, որ Թուրքիայի իշխանությունները 2015-ին պատրաստվում են
համակարգված, և բուռն իրադարձություններով լեցուն տարի է սպասվում, սակայն
հարցական է, թե հայկական կողմի պատասխանը որքա՞ն համակարգված ու համարժեք
կլինի թուրքական ժխտողականության հարձակողապաշտ քաղաքականության դեմ:»
 
text: http://armenian-community.ge/News/576?lang=arm
audio: https://soundcloud.com/miutyun-acg-4/2015a
Նոյյան տապան  -   Վերլուծություն