Մեծ Մետաքսի ճանապարհը եւ հայ-չինական առեւտրա-տնտեսական հարաբերությունները


Մեծ Մետաքսի ճանապարհը եւ հայ-չինական առեւտրա-տնտեսական հարաբերությունները

  • 06-06-2014 17:52:15   | Ռուսաստան  |  Վերլուծություն

Հայաստանի Հանրապետությունը 1991 թ. ստանալով քաղաքական անկախություն, իրավունք ստացավ մտնել համաշխարհային տնտեսական համակարգ: Ըստ էության,  դրանով նա դարձավ համաշխարհային տնտեսության օրգանական մասը: 
 
Հայաստանի  տնտեսական զարգացման  ռազմավարական  ծրագիրը կազմելիս  պետք է հաշվի առնել մեկ ամբողջություն դարձած եւ բազմաթիվ թելերով փոխկապակցված համաշխարհային շուկայի փոփոխությունների միտումները  ու զարգացման վեկտորները:
 
Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող եւ հարաբերությունների էլ ավելի սերտացման ձգտող Հայաստանը (ինչպես էլ որ հիմնավորվի այդ սերտացման անհրաժեշտությունը` տնտեսական, անվտանգության եւ այլն), ըստ էության  ունի երեք հիմնական հնարավորություններ.
 
1. Գնալ դեպի Եվրոպական միության եւ ընդհանրապես Արեւմուտքի շուկա, որտեղ Հայաստանը դեռեւս չունի մրցակցային առավելություն, նյութական բազա, այդ շուկայի պահանջներին բավարարող եւ նրա չափորոշիչներին համապատասխանող ապրանքներ եւ ներկայումս  այդ շուկայում կայուն սեգմենտ գրավելու իրական  հնարավորություն: 
 
2. ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները կապել հիմնականում Ռուսաստանի եւ Մաքսային միության շուկայի հետ. 
 
3. Ռուսաստանի եւ մաքսային Միությանը զուգահեռ  գտնել տնտեսական համագործակցության  զարգացման հնարավոր նոր վեկտորներ, հենվելով ավանդական  եւ պատմական կապերի  վրա:
3-րդ կետի առումով պետք է նշել, որ այդպիսի ուղղություններ կարող են դառնալ տնտեսական  հարաբերությունների զարգացումը  Իրանի եւ Չինաստանի հետ:
 
Այդ հարաբերությունները բնավ չեն հակասում, այլ ընդհակառակը լրացնում են  դեպի ռուսաստանյան եւ Մաքսային միության շուկա կողմորոշումը, ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական առոմով: Նման կապերի զարգացումը  ՀՀ տնտեսության համար կապահովի որոշակի դիվերսիֆիկացիայի հնարավորություններ: Առավել եւս, որ այս երկու երկրների հետ էլ Հայաստանը ունեցել է հազարամյա առեւտրական ակտիվ  հարաբերությունների  ավանդույթներ եւ  պատմություն:
 
Եթե Իրանի հետ ՀՀ տնտեսական հարաբերությունների սերտացումն ու զարգացումը ներկայումս փոքր-ինչ բարդացած է Իրան-Արեւմուտք ոչ այնքան բարենպաստ եւ  լարված հարաբերություւների պատճառով, որոնք առանձնակի սրվել են  Իրանի Ատոմային էներգետիկ ծրագրի հետ կապված, ապա Չինաստանի պարագայում նման բարդություններ չկան: 
 Թողնենք հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հարցի քննարկումն  առանձին հետազոտության եւ այժմ մի փոքր անդրադառնանք հայ-չինական առեւտրա-տնտեսական կապերի պատմությանը: 
 
Հայաստանը դարեր շարունակ առեւտրական կապեր  է ունեցել  Չինաստանի հետ` Մետաքսի ճանապարհի դարաշրջանում եւ մեծ ավանդ ունի այդ ճանապարհի կայացման մեջ:
 
Մեծ Մետաքսի ճանապարհն իր սկիզբն է առել Չինաստանի Սիան քաղաքից, որտեղից այն ճյուղավորվել է հյուսիսային եւ հարավային ուղղություններով: Չինացիք իրենց երկիրն անվանում են Երկիր մոլորակի կենտրոն՝ Չժուն Գուո, որը չինարենից թարգմանվում է Կենտրոն եւ պետություն:  Չինաստանը աշխարհում հայտնի է որպես մետաքսի, թղթի, վառոդի գյուտերի եւ թեյի հայրենիք։ Չինական պարիսպը աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է, որը մինչ այսօր պահպանվել է իր սկզբնական տեսքով։ Ի դեպ, չինական պարսպի կառուցման սկզբունքը լայնորեն կիրառել են  նաեւ հայ շինարարները: 
 
Առեւտուրը Մեծ Մետաքսի ճանապարհով սկսվել է II դարում մ.թ.ա. իմպերատոր Ու-դիի ժամանակ։ Պալատական Չժան Ցյանը առաջարկում է իմպերատորին երկրից արտահանել մետաքս եւ փոխանակել այն ձիերի,  մրգերի եւ գինու եւ այլ ապրանքների հետ։
 
Ասիայում շոգ եղենակին մետաքսը հարմար եւ գեղեցիկ գործվածք էր, որի շնորհիվ այն մեծ պահանջարկ ուներ։ Բացի մետաքսից Չինաստանից արտահանվում էր ճենապակի, մետաղյա ամենեղեն, բրինձ, թեյ, դիմահարդարանքի միջոցներ եւ այլն, իսկ Ասիայից եւ Կովկասից Չինաստանը ներմուծում էր ձիեր, ռազմական հանդերձանք, ոսկի, արծաթ, կիսաթանկարժեք մետաղներ, կաշի, բուրդ,  բամբակյա արտադրանք, առյուծներ, վագրեր, որսորդական շներ եւ այլն։
 
Մեծ Մետաքսի ճանապարհը հզոր զարկ տվեց հայ առեւտրին. մեծացան  ապրանքների շրջանառության ծավալները, ընդլայնվեցին շուկայի շրջանակները: 
 
Հայոց Արքայից Արքա  Արտաշեսը սեփական միջոցներով կառուցեց Մեծ Մետաքսի ճանապարհի մաս կազմող եւ դեպի Հայաստանի մայրաքաղաք՝ Արտաշատ  տանող ընդարձակ մայրուղին, որը կոչեց «Արքայական ճանապարհ»։ Հայ առեւտրականների քարավանները մեծացան,  ուղտերի թիվը քարավաններում հասավ մինչեւ 200-ի: Քարավաններին որպես կանոն ուղեկցում էին հայկական զինված ջոկատները` ճանապարհի անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ վանականներ, երգիչներ, խոհարարներ, բժիշկներ, արհեստավորներ եւ այլ մասնագետներ,  որոնք սպասարկում էին քարավանի անձնակազմին մինչեւ ապրանքների վաճառվելն ու փոխանակելը։ Ուղեկցող անձնակազմի մասնագետները Չինաստանում հիմնում էին իրենց «Փոքր բիզնեսը» եւ ստանում  լրացուցիչ եկամուտներ։ Հայ առեւտրականները գործնական բոլոր բանակցությունները վարում էին հյուրասիրության սեղանի շուրջ, որը նրանց  տալիս էր «մրցակցային առավելություն» ապրանքները վաճառելու եւ գնումներ կատարելու ընթացքում։ Սպասարկող անձնակազմը հաճախ մնում էր վաճառքի վայրերում՝ իրականացնելով բուն վաճառքը, իսկ առևտրականները վերադառնում էին ապրանքների նոր խմբաքանակ բերելու նպատակով: 
 
Այսպիսով վաճառքն իրականացնողներից զգալի մասը՝ հարմարվելով տեղի բնակիչների լեզվին, կենցաղային սովորություններին, նույնիսկ ամուսնանում էին տեղաբնակների հետ, ստեղծում էին բնակավայրեր իրենց ենթակառուցվածքներով, դպոցներ, մամուլի միջոցներ եւ այլն։ Տարիների ընթացքում հայ քրիստոնյա վաճառականների համար միայն Ավետարանը անբավարար էր, ուստի այստեղ եւս կառուցվում էին վանքեր։ Հայ պատմահայր՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատությունում (5-րդ դար) նշված է, որ հայերը կառուցում էին հայկական եկեղեցիներ եւ չինացիների շրջանում տարածում քրիստոնեությունը։
Հայ-չինական հարաբերությունների հազարամյա պատմությունն իր դրոշմն է դրել երկու հնագույն ժողովուրդների կյանքի տնտեսական, մշակութային, ազգային, կրոնական եւ այլ ոլորտներում:  
 
Հայերենում բազմաթիվ բառերի ծագումնաբանությունը կապված է Չինաստանի հետ: Օրինակ, գեղեցկություն բառի հոմանիշն է հանդիսանում չնաշխարհիկ բառը: Ճենապակի բառը նշանակում է ապակի՝ բերված Չինաստանից: Հայաստանում երկու արքայական՝ Մամիկոնյան եւ Օրբելյան տոհմերն ունեն չինական ծագում: Ավետարանի չինարեն առաջին թարգմանությունը հայ առեւտրականների հովանավորությամբ կատարել է կանտոնաբնակ հայ հոգեւորական եւ չինարենի ուսուցիչ Հովհաննես Ղազարյանը:
 
Հայաստանի եւ Չինաստանի առնչությունները ձոնվել են երգերում, դրանց մասին գրվել են գեղարվեստական գործեր, որոնցից մեկը միջնադարյան ուզբեկ նշանավոր պոետ Ալիշեր Նավոյիի «Ֆահրադ եւ Շիրին» պոեմն է՝ նվիրված չինական արքայական տոհմի թագաժառանգ դյուցազն  Ֆահրադի եւ հայ գեղեցկուհի Շիրինի սիրո պատմությանը։ Ֆահրադը հանուն իր սիրուհի Շիրինի հայկական լեռների մեջ բացում է ճանապարհ, կառուցում շատրվաններով եւ զարդաքանդակներով հրաշալի պալատ եւ այն նվիրում է իր սիրուհի Շիրինին։  Այդ պոեմը թարգմանվել է շատ լեզուներով։ 
 
Չինարեն «սիաո կան» հասկացությունը, որը  նշանակում է «կյանքի միջին բարեկեցության մակարդակով ապրող հասարակություն» շատ համահոնչ է հայկական մտածելակերպին, որն արտահայտվում է «քչով չբավարարվողը` շատին չի հասնի» հայտնի ասույթի հետ: 
 
Հայ-չինական հարաբերությունները այժմ էլ հանդիսանում են Հայաստանի գիտական աշխարհի ուսումնասիրության առարկա: Այսպես, 2011 թվականին Երեւանում, Հայաստանի Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտը կազմակերպել էր Միջազգային համաժողով, նվիրված հայ-չինական քաղաքակրթական ներթափանցման հարցերին: Չինաստանի եւ Հայաստանի հարաբերությունների մասին բազմաթիվ գիտական աշխատություններ են  հրատարակվել՝ սկսած 4-րդ դարից մինչեւ այսօր, որոնց մասին փաստաթղթերը պահպանվում են Երեւանի հին ձեռագրերի եւ փաստաթղթերի պահպանման եւ ուսումնասիրման կենտրոն Մաշտոցի անվան Մատենադարանում: 
 
Հետաքրքրական է, որ անվանի գերմանական «Մաքսպլանկ» կազմակերպությունը եւ Օքսֆորդի համալսարանի դասախոս Գարեթ Գելենթալը 2014 թվականին հրապարակել են գիտական հետազոտություն եւ առցանց քարտեզ այն մասին, թե ինչ գենետիկ առնչություններ կան աշխարհի տարբեր ժողովուրդների միջեւ:  Այս աշխատության մեջ ներկայացված տվյալներով, հայկական գենը չինացիների գենոֆոնդում կազմում է 3.9 տոկոս, մինչդեռ հարեւան ճապոնական գենը չինական գենոֆոնդի մեջ կազմում է ընդամենը 0.6 տոկոս: Ըստ այդ հետազոտության, հայկական գենը առկա է աշխարհի 33 ազգերի գենոֆոնդում, այդ թվում՝ լեզգինների մոտ ՝ 13.8 տոկոս, վրացինների մոտ՝ 12.4 տոկոս, թուրքերի մոտ՝ 9.9 տոկոս, իրանցիների մոտ՝ 7.5 տոկոս եւ այլն: 
 
Մեծ Մետաքսի ճանապարհը մեծ դեր է խաղացել պետությունների եւ ազգերի միջեւ կրոնական, տնտեսական, կենցաղային, մշակութային հարաբերությունների ձեւավորման եւ միմյանց մեջ ներթափանցելու գործընթացին: 
Մեծ Մետաքսի ճանապարհի ամենանշանավոր դերը կայանում էր նրանում, որ բոլոր այն երկրները, որոնց տարածքով անցնում էր այդ ճանապարհը, պարտադիր ապահովում էին   առեւտրականների եւ նրանց ապրանքների անվտանգությունը՝ անկախ նրանց կրոնական եւ այլ պատկանելիության: 
Սակայն հետագայում անգլիական Օստ-Ինդիա ընկերությունը՝ ցանկանալով նվաճել չինական շուկան, Չինաստան ներկրեց եւ այնտեղ տարածեց թմրանյութեր եւ այդ երկիրը երկու հարյուր տարուց ավելի պահեց ստրկական կախվածության մեջ: 
 
Բարբարոս հրոսակների հարձակումների հետեւանքով Մեծ Մետաքսի Ճանապարհը որպես այդպիսին 15-րդ դարում դադարեց գործել: Սակայն հետագայում, 20-րդ դարի սկզբներին, կապիտալիզմի բուռն զարգացումն ապրող Օվկիանոսային երկրներ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն էժան հումքի աղբյուրներ եւ նոր շուկաներ նվաճելու նպատակով ձգտեցին նվաճել բնական պաշարներով  հարուստ եվրասիական երկրները: Այդ նպատակով 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի եւ եվրասիական երկրների վերաբերյալ հատուկ տնտեսագիտական հետազոտություններ կատարվեցին: Ռուս տնտեսագետ Վլադիմիր Ուլյանովը իր «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» եւ անգլիացի տնտեսագետ Զելֆորդ Մակինդերը «Պատմության աշխարհագրական առանցքը» աշխատություններում տնտեսագիտական գնահատական տվեցին աշխարհագրական այդ շրջանների տնտեսական ներուժի վերաբերյալ: Լենինը վերոհիշյալ աշխատության  մեջ եզրակացնում է, որ Ռուսաստանն իր կապիտալի կենտրոնացման եւ արտադրության համակենտրոնացման մակարդակով Եվրոպայում գրավում է առաջին տեղը, իսկ Գերմանիան իր տեխնիկական պոտենցիալով կարող է առաջիկայում առաջ անցնել Անգլիայից, եւ միանալով Ռուսաստանի հետ, մոտ ապագայում կուլ կտա Անգլիային եվրոպական շուկայական մրցապայքարում: 
 
Մակինդերն իր աշխատության մեջ նշում է, որ եվրասիական առանցքում, որը ձգվում է Եվրոպայից մինչեւ Չինաստան, տեղաբաշխված է աշխարհի մարդկային եւ բնական ռեսուրսների 30-35 տոկոսը: Այդ առանցքի կենտրոնական դերը պատկանում է Ռուսաստանին եւ, ըստ նրա,  որ կտիրի Ռուսաստանին, նա էլ կիշխի Եվրասիական առանցքին, իսկ ով կիշխի Եվրասիական առանցքին՝ նա կդառնա աշխարհի տերը:  
Նման հետեւություններից բխող հեռանկարը ԱՄՆ եւ Անգլիայի համար մահացու մարտահրավեր էր: Այն կանխելու եւ պատմության անիվը շրջելու համար Օվկիանոսային երկրներն ընդունում են 20-րդ դարի գլխավոր ռազմավարական ծրագիը: Անգլիան, որն այն ժամանակ իշխում էր համաշխարհային շուկայի 25 տոկոսին, ուներ հակասությունները տնտեսական մեթոդներով  եւ էվոլյուցիոն ճանապարհով կարգավորելու հարուստ փորձ: ԱՄՆ եւ Անգլիան սկսեցին հսկայական միջոցներ ծախսել իրենց երկրում ստեղծված մարքսիստական տեսությունը Ռուսաստան արտահանելու համար, որը նրանց պատկերացմամբ պետք է  քաոս մտցներ եւ թուլացներ իրենց գլխավոր մրցակցին: Ըստ մարքսիստական  տեսության, պրոլետարիատը համաշխարհային հեղափոխության միջոցով կթոթափի ստրկական շղթաները եւ կհաստատի իր դիկտատուրան աշխարհում: Վլադիմիր Ուլյանովը «զարգացնելով» այս տեսությունը, եզրահանգեց, որ կարելի է պրոլետարիատական հեղափոխություն իրականացնել միայն մեկ երկրում, այն էլ՝ Ռուսաստանում: Այս գաղափարն ուղղված էր Ռուսական իմպերիայի կործանմանը: 
 
Այսպիսով, 1917 թվականին Ռուսաստանում Անգլիան եւ ԱՄՆ Գերմանական բանկերի մասնակցությամբ իրականացրերին մի նախագիծ, երբ  հեղափոխության հաղթանակի միջոցով Ռուսական կայսրությանը  հասցվեց երեք հզոր հարված` քաղաքական, կրոնական եւ սոցիալ-տնտեսական: Քաղաքական հարվածի նպատակն էր երկրում պրոլետարիատի դիկտատուրայի հաստատումով վերացնել ցարական կառավարման համակարգը: Կրոնական հարվածը ուղղված էր Ռուս ուղղափառ եկեղեցուն, որը փոխարինվեց աթեիզմով` կտրելով ռուս ժողովրդին իր հոգեւոր եւ պատմական արմատներից: Սոցիալ-տնտեսական հարվածի նպատակն էր քաոս հաստատել Ռուսաստանի տնտեսական համակարգում` վերացնելով մասնավոր սեփականությունը արտադրամիջոցների եւ հողի նկատմամբ, ինչը պետք է կաթվածահար աներ ամբողջ տնտեսությունը: 
 
1928 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցավ կապիտալիստական աշխարհի ամենամեծ ճգնաժամը` «Մեծ դեպրեսիան»: Ճգնաժամից դուրս գալու համար անգլո-ամերիկյան ֆինանսական կապիտալը անցավ եվրասիական շուկան նվաճելուն ուղղված  իրենց նախապես մշակված ռազմավարական ծրագրի նոր փուլի իրականացմանը` որի գլխավոր նպատակն էր  երկու խոշոր պետությունների՝ Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ ստեղծել ռազմական հակամարտություն, որը կհանգեցներ այդ երկրների տնտեսապես թուլացմանը եւ կախվածությանը օվկիանոսային պետություններից: 
 
1933 թ. ավստրիացի անհաջող նկարիչ, հետագայում քաղաքական շիզոֆրենիկ Ադոլֆ Շիկլգրուբերը ընդունում է Գերմանական քաղաքացիություն եւ որոշ ժամանակ անց դառնում է Գերմանական նացիզմի լիդերը` Ադոլֆ Հիտլեր անունով: Նացիզմի նպատակն էր հասնել համաշխարհային տիրապետության, բայց առաջնահերթ խնդիրը` պատերազմի միջոցով Ռուսաստանը գրավելը եւ նրա ողջ հսկայական ռեսուրսներին տիրանալն էր: Գերմանական էկոնոմիկան ռազմական ռելսերի վրա  տեղափոխելու ամբողջ ծրագիրն իրականացվեց անգլո-ամերիկյան ուղղորդման` ֆինանսական եւ  գիտա-տեխնիկական աջակցության միջոցով:
 
ԱՄՆ եւ Անգլիան գիտատեխնիկական եւ ֆինանսական մեծ աջակցություն ցուցաբերեցին նաեւ ԽՍՀՄ տնտեսությունը ռազմական ռելսերի վրա տեղափոխելու խնդրում՝ արդեն  Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: 
 
Օվկիանոսային պետությունների կողմից երկու եվրոպական երկրներում հետեւողականորեն իրականացվեց գաղափարական թշնամության սերմանման քաղաքականությունը եւ 1941-45 թթ. Եվրոպայի ամենահզոր պետություններ Գերմանիան եւ ԽՍՀՄ-ը  հայտնվեցին ռազմական դաշտում դեմ առ դեմ: Այդ պատերազմն իր մեջ ներքաշեց մոտ 1.5 մլրդ մարդ ամբողջ աշխարհից, որոնց կյանքը անգլո-ամերիկյան  ֆինանսական իմպերիայի համար որեւէ արժեք չէր ներկայացնում:
Պատերազմի արդյունքում ԱՄՆ-ն, որը 1928-1933 թթ. ճգնաժամից հետո ուներ հսկայական պետական պարտքեր, Անգլիայի հետ միասին պատերազմից ստացված ֆինանսական օգուտների հաշվին  լցրեցին  իրենց  պետական գանձարանները` Եվրոպայի եւ աշխարհի  երկրների հաշվին, իսկ Գերմանիան եւ ԽՍՀՄ-ը, եվրոպակական մի շարք երկրների հետ մեկտեղ, ստացան  ավերված եւ քայքայված տնտեսություն, տասնյակ միլիոնավոր մարդկային զոհեր: 
 
Թողնելով պատմական իրադարձությունների գնահատակնները պատմաբաններին, տնտեսագիտական ուսումնասիրության տեսակետից կարելի է եզրակացնել, որ թե կոմունիզմը ԽՍՀՄ-ում, եւ թե ֆաշիզմը Գերմանիայում, համաշխարհային ֆինանսական իմպերիան  օգտագործեց ի նպաստ իր շահերի: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ եւ Անգլիան ջանք չէին խնայում գաղափարախոսական տեսանկյունից համաշխարհային հանրության առաջ բացասական իմաստով հավասարության նշան դնել այդ երկու, ըստ էության հակադիր համակարգերի եւ երեւույթների միջեւ:
 
Քաղաքակրթության ամենամարդասիրական գաղափարները՝ սոցիալիզմը եւ կոմունիզմը, 1917 թ. հեղափոխությունից հետո նենգափոխվեց պրոլետարիատի դիկտատուրայի հաստատումով, որը ծնեց տեռոր, սով եւ քաղաքացիական պատերազմ:  Ռուսաստանի հասարակության մեջ դասակարգային ատելութուն սերմանվեց եւ գործում էր «ով մեզ հետ չէ` մեր դեմ է» սկզբունքը: Մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը սովից եւ աքսորից մահացան տասնյակ միլիոնավոր մարդիկ, իսկ առաջատար մտավորականների հսկայական զանգվածը արտագաղթեց ԱՄՆ եւ Եվրոպա, դառնալով այդ երկրներում տնտեսության զարգացման հզոր գործոն (ԱՄՆ-ի ստորջրյա նավատորմի, ավիացիայի, էկոնոմիկայի հզոր զարգացումը պարտական է Ռուսաստանից վտարված աշխարհահռչակ գիտնականներ Սիկորսկուն, Լեոնտյեվին, Կանտարովիչին եւ մյուսներին):
 
 Պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարի ներդրնան հետեւանքով, ամբողջապես վերացվեվին շուկայական հարաբորությունները եւ շուկայական մեխանիզմները: Մասնավոր սեփականության տոտալ վերացման հետեւանքով  նենգափոխվեցին եւ փաստացի ոչնչացան տնտեսության զարգացման իրական նախադրյալները: Նենգափոխված գաղափարախոսության իրականացման ընթացքը  ծնեց իրեն իսկ ոչնցացնող հզոր մի հակազդող ուժ, եւ ինչպես ցույց տվեց պատմության հետագա ընթացքը, աշխարհի միջուկային գերտերություն հանդիսացող ԽՍՀՄ-ը իր  գոյության 70 տարուց հետո տնտեսական անկարողության հետեւանքով փլուզվեց առանց որեւէ կրակոցի: 
 
Պատմական միեւնույն ժամանակաշրջանում Չինաստանը, որը սոցիալիստական ճամբարի ամենահզոր պետություններից մեկն էր, ճիշտ գնահատելով մասնավոր սեփականության եւ շուկայի դերը, ժամանակին իրագործեց «սոցիալիստական շուկայի» գաղափարը՝ առավելագույն ձեւով օգտագործելով պատմականորեն կուտակված տնտեսական ներուժը եւ ազգային արժեքները, զարգացրեց մասնավոր սեփականության հիմնված վրա մանր, միջին եւ խոշոր ձեռներեցությունը եւ վերակառուցելով ողջ տնտեսությունը վստահորեն մտավ համաշխարհային շուկայական համակարգ եւ կարճ ժամանակ անց դարձավ համաշխարհային տնտեսության առաջատար: Չինաստանն այսօր արդյունաբերական արտադրության ծավալով եւ բնակչության մեկ շնչին ընկնող սպառման մակարդակով աշխարհում գրավում է առաջին տեղը: 
 
Այժմ Չինաստանը վերակենդանացնում է նաեւ պատմական ներուժ հանդիսացող համաշխարհային ճանաչում ունեցող Մեծ Մետաքսի Ճանապարհը (ՄՄՃ), որը հանդիսացել է իր ժամանակի միջազգային ամենագլոբալ մշակույթը եւ դեռեւս չի կորցրել իր նախկին իներցիան: ժամանակակից Չինաստանը՝ համագործակցելով Ռուսասատնի, Հնդկաստանի եւ Ասիական պետությունների հետ, օգտագործելով դարերի ընթացքում մեծ ճանաչում ունեցած ՄՄՃ-ն որպես նախատիպ, այսօրվա պատմական իրադրության մեջ ստեղծում է Եվրասիական առանցք, որն իրականում կարող է հանդիսանալ հզոր տնտեսական պատնեշ Օվկիանոսային պետությունների ստեղծած ֆինանսական իմպերիայի ինտերվենցիայի դեմ: Եվրասիական առանցքը երրորդ հազարամյակում կարող է դառնալ աշխարհի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության նոր էպիկենտրոն: 
Փաստորեն, 20-րդ դարի վերջում ԽՍՀՄ փլուզումից  հետո Չինաստանն առաջին երկիրն էր, որ ժամանակին գնահատելով մասնավոր սեփականության իրավունքի գերակա դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, հավատարիմ մնաց երկիրը սոցիալիստական սկզբունքներով կառավարելու քաղաքականությանը եւ առանց շոշափելի վնասներ պատճառելու երկրի տնտեսությանը, ղեկավարվելով չինական իմաստությանը հարիր սկզբունքներով, երկրի տնտեսական զարգացումը տեղափոխեց շուկայական ռելսերի վրա: Պահպանելով սոցիալիզմի ժամանակ ստեղծված տնտեսական ողջ պոտենցիալը, Չինաստանը ներդրեց նորագույն գիտելիքահեն տեխնոլոգիաներ, կառավարման միջազգային մենեջմենթի մեթոդներ եւ սկզբունքներ, վերակառուցեց երկրի տնտեսությունը եւ վստահորեն մտավ համաշխարհային շուկայական համակարգ: 
Այսպիսով, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը ոչ միայն չինական պարիսպն է, այլ նոր Չինաստանն է իր հնագույն եւ անընդմեջ պետականությամբ եւ պետական արդի տնտեսական քաղաքականությամբ:
Ռուսաստանը ներկայումս եւս իրականացնում է ազգային պետականության հզորացման կայուն քաղաքականություն  եւ ակտիվորեն ինտեգրվում է համաշխարհային շուկայական համակարգում: Առկա համաշխարհային շուկայական մրցապայքարում  Ռուսաստանը եւ Չինաստանը, օգտագործելով իրենց բնական, գիտական, տեխնոլոգիական, տեղեկատվական, դեմոգրաֆիկ ներուժը, պատրաստվում են ստեղծել «Մեծ Եվրասիական Միություն», որին ըստ ամենայնի կմիանա նաեւ Հայաստանը, իսկ «Մեծ Մետաքսի ճանապարհ» չինական ազգային ծրագիրը կարող է իր տնտեսական եւ քաղաքական նշանակությամբ ներդաշնակվել Եվրասիական առանցքի հետ եւ դառնալ դրա օրգանական մասը: 
 
Նշված ծրագրի իրականացումը մոտ ապագայում աշխարհի այս երկու գերհզոր պետություններին, ինչպես նաեւ նրանց միացած այլ երկրներին կապահովի մրցակցային առավելություն, տնտեսական եւ քաղաքական լիիրավ անկախություն եւ սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հզոր երաշխիք:
 
Շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար Մեծ Մետաքսի Ճանապարհի վերականգնումը եւս նոր եւ լուրջ հեռանկարներ կբացի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման համար: Հայ-չինական առեւտրական եւ բազմակողմանի այլ հարաբերություններն այս նոր իրավիճակում կարելի է փոխշահավետ ձեւով զարգացնել՝ հաշվի առնելով դարավոր դրական փորձը: Ինտեգրվելով Չինաստան-Ռուսաստան Եվրասիական առանցքի մեջ, Հայաստանը հնարավորություն կունենա զարգացնել իր գիտատեխնիկական եւ տնտեսական ներուժը,   ընդլայնել իր շուկաները,  որը եւ կարող է դառնալ ներկայիս սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս գալու կարեւորագույն ուղիներից մեկը:  
 
Արտաշես Միքայելյան
Մոսկվայի մենեջմենթի, էկոնոմիկայի և ինովացիայի
ինստիտուտի պրոֆեսոր, ՌԴ Մշակույթի նախարարության խորհրդական,
«Մշակույթների և քաղաքակրթությունների Եվրասիական երկխոսություն»
միջտարածաշրջանային  հիմնադրամի Մոսկվայի բաժանմունքի նախագահ
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play