«Ոսկե ծիրան»-ի ֆիլմերի ծրագրերն այս տարի ավանդաբար պահպանում է չորս մրցույթները


«Ոսկե ծիրան»-ի ֆիլմերի ծրագրերն այս տարի ավանդաբար պահպանում է չորս մրցույթները

  • 13-06-2014 16:07:05   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնն այսօր` հունիսի 13-ին, մամլո ասուլիսով ներկայացրեց փառատոնի` այս տարվա մրցութային ծրագրերը և Ժյուրիի կազմը: Փառատոնի ծրագրերի տնօերն Միքայել Ստամբոլցյանը, փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը և Հայկական համայնապատկեր ծրագրի համադրող Րաֆֆի Մովսիսյանը լրագրողներին ներկայացրին ընտրված ֆիլմերը, ընտրող հանձնաժողովներին, ինչպես նաև խոսեցին հրավիրյալ ժյուրիի անդամների մասին: 
«Ոսկե ծիրան»-ի ֆիլմերի ծրագրերն այս տարի ավանդաբար պահպանում է չորս մրցույթները: Մասնավորապես` ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն համապատասխանաբար Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում: 
Ներկայացված ավելի քան 1500 հայտերց (շուրջ 95 երկրից) մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրված է ընդհանուր թվով մոտ 70 ֆիլմ, այդ թվում` 10-ը միջազգային խաղարկային, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` Հայկական համայնապատկեր (որից 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում: 
ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ
Միջազգային խաղարկային մրցույթ
Մարկո Մյուլեր (կինոքննադատ, պրոդյուսեր, Իտալիա) – Ժյուրիի նախագահ
Քրիստիան Բերգեր (օպերատոր, Ավստրիա)
Պետրոս Մարկարիս (գրող, սցենարիստ, Հունաստան)
Սրդան Գոլուբովիչը (կինոռեժիսոր, Սերբիա)
Աննա Մուգլալիս (դերասանուհի, Ֆրանսիա)
 
Միջազգային վավերագրական մրցույթ
Երվանդ Ջանիկյան (ռեժիսոր, Իտալիա)- Ժյուրիի նախագահ
Սերգեյ Տրիմաչ (կինոքննադատ, Ուկրաինա)
Ջիոնա Նաձարո (կինոքննդադատ, Vision Du Reel կինոփառատոնի ծրագրերի ղեկավար, Շվեյցարիա)
Սվետոսլավ Ստոյանով (ռեժիսոր, Բուլղարիա)
Վիկտորիա Բելոպոլսկայա (կինոքննադատ. Ռուսաստան)
 
Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրրի
Ժան-Քրիստոֆ Ֆերարի, (կինոքննադատ, Ֆրանսիա)- ժյուրիի նախագահ
Մարատ Սարգսյան (կինոռեժիսոր, Լիտվա)
Մարիա Սահակյան (կինոռեժիսոր, Հայաստան)
Կարեն Արիկյան (պրոդյուսեր, ԱՄՆ)
Գեորգի  Գոգիբերիձե (կինոռեժիսոր, Վրաստան)
 
«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրի
Էրեզ Փերի, (կինոգետ, Իսրայել)
Ռոն Դայենս (պրոդյուսեր, Ֆրանսիա)
Դիլյարա Տասբուլատովա (կինոքննադատ, Ռուսաստան)
 
ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի կազմում հրավիրված են ընդգրկվելու կինոքննադատներ Վիկտոր Մատիցենը (Ռուսաստան) և Պաուլո Պորտուգալը (Պորտուգալիա), իսկ ԷԿՈՒՄԵՆԻԿ ժյուրիի կազմում կլինեն Թեո Պեպորտեն, Միքայել Մոգրենը և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:   
 
Հակիրճ կենսագրական տեղեկատվությամբ ստորև ներկայացնում ենք Ժյուրիի նախագահներին: Ժյուրիների մյուս բոլոր անդամների վերաբերյալ առավել ընդգրկուն տեղեկատվություն, ինչպես նաև մրցութային ծրագրի լիարժեք ցանկը և ներկայացված ֆիլմերի ու հեղինակ ռեժիսորների վերաբերյալ առավել ընդգրկուն տեղեկատվություն ներկայացված կլինի փառատոնի պաշտոնական կայքէջում (www.gaiff.am) շուտով:
 
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
 
ՄԱՐԿՈ ՄՅՈՒԼԵՐ (Marco Muller) (Իտալիա)
Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահ
1953-ին Հռոմում ծնված Մարկո Մյուլերը կինոյի մասին պատմող  վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է և սցենարի հեղինակ, ինչպես նաև կինոքննադատ և պատմաբան։ Կինոոճեր և տեխնիկա է դասավանդում իտալախոս Շվեյցարիայի Մարիո Բոտտա համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում։ Որպես փառատոնային կազմակերպիչ՝ իր գործունեությունն սկսել է «Էլեկտրական ստվերների» (Ombre elettriche) վրա աշխատելուց (Թուրին, 1981), որը չինական կինոյի ամենամեծ հետահայաց ցուցադրությունն էր Արևմուտքում, իսկ հետագայում Մյուլերը եղել է  Պեզարոյի (1982-1989), Ռոտերդամի (1989-1991), Լոկառնոյի (1992-2000) ՄԿՓ-երի տնօրենը։ 2004-2011 թթ. նա Վենետիկի ՄԿՓ-ի տնօրենն էր, 2012-ից դարձել է Հռոմի ՄԿՓ-ի տնօրենը։ Զուգահեռաբար Մյուլերը հանդես է եկել որպես պրոդյուսեր և համապրոդյուսեր՝ թողարկելով ավելի քան  15 գեղարվեստական ֆիլմ, որոնք արտադրվել են  Թուրքիայում, Իրանում, Կենտրոնական Ասիայում և Չինաստանում։
 
ԵՐՎԱՆԴ ՋԱՆԻԿՅԱՆ (Yervant Gianikian) (Իտալիա)
Միջազգային վավերագրական մրցույթի ժյուրիի նախագահ
Հայերի ընտանիքում ծնված Երվանդ Ջանիկյանը ճարտարապետություն է ուսանել Վենետիկում և կինոյի աշխարհին մոտեցել է Անջելա Ռիչչի Լուչիի հետ ծանոթության ազդեցությամբ: Վերջինս նկարչություն էր սովորում և մասնավորապես գեղանկարչությա դասեր առնում Օսկար Կոկոշկայից և տարված էր հատկապես պատկերներով և վիզուալ արտահայտչականության անվերջ փնտրտուքով: Նրանք երկուսով իրենց աշխատանքները ներկայացրել են բազմաթից միջազգային կինոփառատոների (Կանն, Ռոտերդամ, Վենետիկ) և աշխարհի ամենաառաջավոր ցուցասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի Մետրոպոլիտենը, Փարիզի Պոմպիդու կենտրոնը, Լոնդոնի Թեյթ Մոդեռնը (Tate Modern), Ռովերտոյի Մարտը, ինչպես և այնպիսի առաջատար միջոցառումներում, ինչպիսին է Վենետիկի Բիենալեն (2001):  
 
 
ԺԱՆ-ՔՐԻՍՏՈՖ ՖԵՐԱՐԻ (Jean-Christophe Ferrari) (Ֆրանսիա)
 
Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրիի նախագահ
 
Ծնվել է Ֆրանսիայում։ Փիլիսոփայության մեջ մասնագիտանալուց հետո կինոարվեստ է ուսանել։ 2006-ից ի վեր կինոյի գեղագիտություն, սցենարական գործ և լրագրություն է դասավանդում Ֆրանսիայում և Լիբանանում: «Positif» կինոհանդեսի քննադատ է և խմբագրական կոլեգիայի անդամ։ Աշխատակցելով նաև «Transfuge» և  «Evene» հանդեսներին՝ հարցազրույցներ է վարել այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Ջորջ Ա․ Ռոմերոն, Ժոաշեն Լաֆոսը, Միգել Գոմեսը, Խայմե Ռոսալեսը, Սոֆյա Կոպոլան, Բերտրան Տավերնյեն և Օլիվյե Ասայասը։ Ֆրանսիական կինոդարանի և Պոմպիդու կենտրոնի Forum des images-ի մշտական դասախոս լինելու հետ մեկտեղ համագործակցում է  նաև Ֆրանսիական ֆիլմադարանի մանկավարժական ծառայության հետ՝ վերապատրաստելով կինոքննադատություն և վերլուծություն դասավանդողների։ «Les Transparence» հրատարակչության նախկին տնօրեն Ֆերրարին մի շարք գրքեր է հեղինակել կինոյի մասին (էսսեներ Անդրեյ Տարկովսկու, Ժան Գրեմիյոնի, Կենձի Միձոգուտիի և Վոն Կար-վայի մասին), ինչպես նաև վեպեր ու բանաստեղծություններ։  Հանդես է գալիս որպես սցենարական խորհրդատու և այժմ աշխատում է երկու՝ խաղարկային ու վավերագրական նախագծերի վրա։
 
ԷՐԵԶ ՓԵՐԻ (Erez Pery) (Իսրայել)
«ԿՈՐԻԶ»  կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ
Իսրայելի Cinema South ՄԿՓ-ի գեղարվեստական տնօրենն է, ինչպես նաև կինոյի դասախոս Սափիր քոլեջում, որտեղ ամեն տարի հրատարակում է «Cinema South» քննադատական ժողովածուն։ Փերին համակարգել է ժամանակակից այնպիսի ռեժիսորների ստեղծագործության հետահայաց ցուցադրություններ, ինչպիսիք են Կարլոս Ռեյգադասը, Բրիլյանտե Մենդոսան, Բրյունո Դումոնը, Պաբլո Լարենը, Դընի Կոտեն և ուրիշներ։ Երուսաղեմի հրեական համալսարանի հաղորդակցության ուսումնասիրությունների բաժնում պաշտպանած նրա դոկտորական թեզն արծարծում էր հետպատերազմյան վավերագրական կինոյում նացիստական մահվան ճամբարները ներկայացնելու էթիկական և գեղագիտական հարցերը։ Որպես ռեժիսոր նկարահանել է մի քանի ֆիլմ, որոնցից է աշխարհով մեկ ցուցադրված «Անկատար կինոյի համար» աշխատանքը (2004):
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play