Արցախի Հանրապետության նախագահին ուղեկցող ավտոմեքենան վթարի է ենթարկվել


Արցախի Հանրապետության նախագահին ուղեկցող ավտոմեքենան վթարի է ենթարկվել

  • 18-09-2014 16:42:47   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169-րդ կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, «Դառոժնի դոմիկներ» կոչվող ճանապարհահատվածում, Toyota Corolla մակնիշի 157 ՈՍ 50 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սիսիանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Էդվարդ Համբարձումյանն ու Անդրեյ Հայրապետյանը:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ քննչական խումբը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Լեռնային Ղարաբաղի ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում: Է. Համբարձումյանը աշխատում է Արցախի ՃՈ-ում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով կապիտան է, իսկ Ա. Հայրապետյանը՝ տեսուչ, կոչումով՝ կապիտան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց ավտոմեքենան ուղեկցում էր Երևան մեկնող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: 

Ոստիկանությունը պարզում է, թե ով է եղել վարորդը:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն