Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Թեհրանի հանձնախմբի աշխտանքների վերաբերյալ ասուլիսի տեսագրությունը


Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Թեհրանի հանձնախմբի աշխտանքների վերաբերյալ ասուլիսի տեսագրությունը

  • 23-09-2014 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



«Մենք հավատացած ենք ,որ արդեն ինչ-որ տեղ Ցեղասպանության ճանաչման խնդիրն ունի արդյունք,  ուստի այժմ անհրաժեշտ է դատաիրավական հենքի վրա պահանջել հատուցում»,- սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Արա Շահնազարյանը: Նշվեց նաեւ, որ Թեհրանում, հետևելով Հայոց Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման պետական հանձնաժողովի որդեգրած սկզբունքներին և իրականացրած աշխատանքներին, ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի ոգեկաչման հանձնախումբ:
 
Ա.Շահնազարյանը, անդրադառնալով Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 100-ամյակին նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելիս համայնքը հիմնական շեշտը դնում է արտահամայնքային աշխատանքների վրա, ինչը թույլ կտա համայնքի անդամներին անմիջականորեն շփվել Իրանի պետական, մտավորական և լրատվական շրջանակների հետ:
 
Ըստ բանախոսի Իրանի իսլամական խորհրդում երկու հայ պատգամավորի ներկայությունը բավարար չէ պետական իշխանական մակարդակում Հայոց Ցեղասպանության հարցը ճանաչելի դարձնելու համար, սակայն նրանց միջոցով շարունակելու են այդ ուղղությամբ աշխատանքներ տանել:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև հայ-իրանական մշակութային և տնտեսական հարաբերություններին:
 
Հայ մարզա-մշակութային <<Նաիրի>> միության նախագահ Ֆրեդ Աշուղեանը տեղեկացրեց, որ Իրանում գործող  հայկական մշակութային 30 միությունների և Հայ դատի հանձնախմբի կողմից պարբերաբար կազմակերպվում են տարբեր մշակութային միջոցառումներ, որոնց շրջանակներում երկու երկրների ժողովուրդները հնարավորություն  են ունենում ծանոթանալ միմյանց մշակույթին:
 
 «Տարվա 12 ամիսների ընթացքում հայկական հարցի, պահանջատիրության և Ցեղասպանության հետ կապված,  անպայման իրականացվում են մշակութային, սպորտային, տեղեկատվական բնույթի  միջոցառումներ»,- նշեց Ֆ. Աշուղեանը:
 
Ներկայացնելով հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը` բանախոսները նշեցին, որ այս առումով լուրջ աշխտանքների կարիք կա, քանի որ թե իրանական, թե հայկական արտադրությունը ներկայացվում է ընդամենը ցուցահանդեսների միջոցով, մինչդեռ կարելի էր օգտագործել երկու երկրների հնարավորությունները և ունենալ փոխշահավետ համագործակցություն:
 
«Հայկական կողմից ճանապարհների դժվարանցանելիությունը մեծ խոչընդոտ է հայ-իրանական հարաբերությունների սերտացման հարցում բոլոր բնագավառներում: Եթե երկաթգծի կառուցումը գործնականում իրականացվի, ապա կբացվեն ոչ միայն առևտրային, այլև զբոսաշրջային մեծ հնարավորություններ»,- նկատեց Ա.Շահնազարյանը:
 
Նշենք, որ Իրանի հայկական համայնքն ունի 400 տարվա պատմություն, իսկ Թեհրանի հանձնախումբը ստեղծվել է 2013 թվականի սկզբին և բաղկացած է 11 անդամից:
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play