ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հանդիպել է ՏՏ ոլորտի առաջատար ուսանողների հետ


ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հանդիպել է ՏՏ ոլորտի առաջատար ուսանողների հետ

  • 06-05-2011 20:38:27   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մայիսի 6-ին «Սինոփսիս Արմենիա»-ում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի հաղթողների ակումբի անդամների հանդիպումը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի հետ: «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը համոզմունք հայտնեց, որ այսօրինակ մրցանակների հաղթողներն են մոտ ապագայում ձեւավորելու մեր երկրի տնտեսական, քաղաքական եւ մշակութային էլիտան: Իսկ երկրի հեղինակավոր անձանց հետ հանդիպումները մեծապես կնպաստեն այսօրվա առաջադեմ երիտասարդների աշխարհընկալման ընդլայնմանը: Վիգեն Սարգսյանն իր խոսքում նշեց, որ կարեւոր է վստահ լինել՝ այս երիտասարդները, նախագահի մրցանակ ստանալուց բացի, քաղաքացիական հասարակության եւս մեկ զանգված են ձեւավորելու՝ պատրաստ խոսելու եւ գործելու հանուն ճշմարտության: «Հաղթողի անունը պարտավորեցնող է: Աստվածաշնչյան ճշմարտություն է՝ ում ավելին է տրված, նրանից ավելին է սպասվում: Նախագահի մրցանակակիր դառնալուց հետո պետք է անտարբեր չլինեք, պետք է չվախենաք: Պետք է խոսել նաեւ այն ժամանակ, երբ պաշտպանելը դժվար է»: Նրա խոսքով, խորհրդային տարիներին տարբերվելը վտանգավոր էր: Անհրաժեշտ էր բարձրագույն կրթություն ստանալ, ծառայել սովետական բանակում, եւ կենսական մի շարք խնդիրներ լուծված կլինեին: Այսօր նույնիսկ ամենահեղինակավոր բուհի կրթություն ունենալը չի նշանակում, որ կայուն կյանք է ապահովված: Անհրաժեշտ է ավելին անել: Բանախոսը ներկայացրեց նաեւ տեղեկատվական հեղափոխության իր դիտարկումները, նշելով, որ այն մեր հասարակությունում արդեն իրականութուն է դարձել. մեր հասարակությունը տեղեկատվություն սպառողից դարձել է տեխեկատվություն տրամադրող: Իսկ իրավիճակում, երբ տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներ գոյություն ունեն, ֆիլտրեր են անհրաժեշտ, «այլապես հասարակությունը կկործանվի տեղեկատվության վատ հոսանքի մեջ: Դուք պետք է նաեւ կարողանաք զտել ինֆորմացիան»: Հաղթողների ակումբի անդամները տվեցին ի շարք հարցրեր կապված ՀՀ ազգային անվտանգության, կրթության կարեւորության, ՀՀ տնտեսական զարգացման եւ այլ թեմաներով: Իսկ վերջում հնչեց հանդիպումների ավանդական հարցն այն մասին, թե որն է եղել այն խորհուրդը, որը Վ.Սարգսյանն ամենահաճախն է կիրառում կյանքում: Պատասխանը կարճ էր. «Ազնիվ եղեք ինքներդ Ձեր հետ»: Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւը Սինոփսիս Արմենիայի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ իրականացվող մրցանակաբաշխություն է, որին մասնակցում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, ԵՊՀ-ին կից ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի, ՀՊՃՀ Երեւանի հենակետային վարժարանի, «Քվանտ» վարժարանի, Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի եւ «Մխիթար Սեաստացի» կրթահամալիրի ուսանողներն ու աշակերտները: Մրցանակները շնորհվում են հետեւյալ անվանակարգերում՝ Գլխավոր մրցանակ, Լավագույն ասպիրանտ, Լավագույն մագիստրանտ, Լավագույն բակալավր, Լավագույն սփյուռքահայ ուսանող, Լավագույն ուսանողուհի, Լավագույն աշակերտ: Մրցանակաբաշխությունն իրականացվում է՝ սկսած 2005 թվականից: Անցած վեց տարիների ընթացքում ՏՏ ոլորտի 158 լավագույն ուսանողներ եւ աշակերտներ արժանացել են այս պարգեւին: Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի աջակցությամբ բոլոր տարիների մրցանակակիրների կազմով ստեղծվել եւ գործում է Հաղթողների ակումբ, որի գործունեության շրջանակներում պարբերական հանդիպումներ են կազմակերպվում ակումբի անդամների եւ Հայաստանի ինչպես ՏՏ ոլորտի առաջնորդների, այնպես էլ հայտնի անհատականությունների հետ: Սինոփսիս Արմենիան, որպես նախագահական մրցանակաբաշխության կազմակերպիչ, ինչպես նաեւ հաղթողների ակումբի ստեղծման նախաձեռնող, նպաստում է վերը նշված հանդիպումների կազմակերպմանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play