Մզկիթը կքանդվի.Պետությունը հարգում է քաղաքացիների կրոնական զգացմունքները


Մզկիթը կքանդվի.Պետությունը հարգում է քաղաքացիների կրոնական զգացմունքները

  • 23-10-2014 16:31:45   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Հոկտեմբերի 22-ին Սամցխե-Ջավախքի շրջանի Ադիգենի մունիցիպալիտետի Մոխե գյուղում մուսուլմանների և իրավապահպան մարմինների ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել: Բախման արդյունքում ձերբակալվել է 14 տեղի բնակիչ: Բախման պատճառ է դարձել Մոխե գյուղի կենտրոնում գտնվող նախկին մզկիթի շենքի ապամոնտաժման աշխատանքների սկիզբը: Շենքի ապամոնտաժման գործընթացի սկսվելուն պես մզկիթի մոտ սկսեցին հավաքվել տեղի մուսուլմանները, որոնք պահանջում էին դադարեցնել շենքի քանդումը: Քանդելու լարված պայմանների ընթացքում շենքը շրջափակված էր ոստիկանների շարքերով: Արդյունքում բախում տեղի ունեցավ ոստիկանների և տեղի մուսուլմանների միջև: «Ձերբակալվել է 14 մարդ,որոնցից 3-ը մեղադրվում են ըստ Վրաստանի Քրեական Կոդեքսի (կազմակերպված դիմադրոթյուն ոստիկաններին): Բախման ընթացքում տեղի բնակիչները վնասել են մի քանի ոստիկանական մեքենաներ: Տեղացել են հայհոյանքներ և ֆիզիկական վիրավորանքներ իրավապահպան մարմինների ներկայացուցիչներին և դեպքի վայր ժամանած լրագրողներին», -ասված է Վրաստանի Ներքին Գործերի նախարարության հայտարարությունում: 14 մուսուլմանի ձերբակալությունից հետո Մոխե գյուղի մնացած բնակչությունը ուղևորվեց դեպի շրջանի կենտրոն`Ադիգեն,որտեղ ցույց է կազմակերպել և պահանջել,որ ազատ արձակեն «անօրինականորեն ձերբակալված» քաղաքացիներին:
 
Բառացիորեն ոստիկանների և մուսուլմանների միջև բախման սկսվելուց հետո մեկ ժամվա ընթացքում «Վրաստանի Մուսուլմանների միությունը» հանդես է եկել հատուկ հայտարարությամբ. «Այնպես, ինչպես շատ այլ եկեղեցիներ և մզկիթներ,Մոխե գյուղի մզկիթը ապօրինի է վերցվել մուսուլմաններից դեռևս խորհրդային ժամանակաշրջանում: Մենք պահանջում ենք, որ մեզ վերադարձնեն մեր շենքը, իսկ ի պատասխան մեզ` ասում են,որ այնտեղ պետք է ինչ-որ ակումբ բացվի: Մզկիթը մեզ համար սուրբ վայր է, և մենք թույլ չենք տա,որ այն վարկաբեկեն: Կա հարցի բարոյական կողմը: Վրաստանում չպետք է քանդվեն շենքերը, որտեղ մարդիկ աղոթում են: Դա ամենասարսափելի վիրավորանքն է, ինչը հնարավոր է պատկերացնել: Այն, ինչ կատարվում է մեր մզկիթի հետ,դա մարդու իրավունքների խախտում է: Նման գործողությունները աջակցում են հասարակության մեջ արմատական տրամադրությունների ուժեղացմանը», -ասված է «Վրաստանի մուսուլմանների Միության» հատուկ հայտարարությունում:
 
Շրջանի կենտրոնում`Ադիգենում անցկացված ոչ երկար տևած բողոքի ցույցից հետո Մոխե գյուղի բնակիչները և մունիցիպալիտետի ևս 11 գյուղի մուսուլմաներ` մուսուլման քահանաների ղեկավարությամբ ուղևորվեցին դեպի Ախալցիխե, որտեղ ամբողջ գիշերվա ընթացքում ցույց են անցկացրել տարածաշրջանային վարչության շենքի մոտ: Ցույցի մասնակիցները, ավելի քան 300 մարդ, պահանջում էին ազատել ոստիկանների հետ բախման ընթացքում Մոխեի ձերբակալված մուսուլմաններին, ինչպես նաև պահանջում էին վերադարձնել նախկին մզկիթի շենքը մուսուլմաններին:
 
«Սա ողբերգություն է: Թող Խորհրդարանը, Կառավարությունը, նախագահը և մնացած բոլոր կառույցները խելքի գան: Ինչպե՞ս կարելի է ծեծել և ձերբակալել մարդկանց միայն այն պատճառով, որ նրանք պահանջում են վերադարձնել մզկիթը: Ինչպե՞ս կարելի է կրոնական շենքում կառուցել ակումբներ և այլ ժամանցային հաստատություններ: Այդպես անում էին կոմունիստները…», -Ախալցխայում ոստիկանության վարչության շենքի մոտի բողոքի ցույցի ընթացքում հայտնել է մուսուլման քահանաներից մեկը:
 
«Մենք դժգոհ ենք իշխանությունների գործունեությունից: Ամբողջ գիշեր մենք պահանջում էինք ազատել մեր երեխաներին, բայց ոչ ոք չի արձագանքում: Ոստիկանության շենք երկու անգամ մտել են շտապօգնության բժիշկները, բայց ոչ ոք մեզ չի ասում, թե ինչ է կատարվում», - ասել է Սաիրմե գյուղի բնակիչ, ցույցի մասնակից Մալխազ Մարկոիձեն:
 
«Ադիգենի շրջանի բարձրալեռ գյուղերի մուսուլման դպրոցականները և նրանց ծնողները որոշում են ընդունել հոկտեմբերի 23-ից որպես բողոքի նշան չհաճախել դպրոց», -ասել է Դերծելի գյուղի բնակիչ Զուրա Միքելաձեն:
 
«Տեսնենք` ինչ կպատասխանի մեզ իշխանությունը: Մեր պատասխանը կլինի լայնամասշտաբ բողոքի ցույցեր կազմակերպելը երկրի ամբողջ տարածքով մեկ», -ցուցարարներին դիմելով` հայտարարել է Խուլո շրջանի (շրջան Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում) գլխավոր մուֆթի` Ասլան-Գուրամ Աբաշիձեն:
 
Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ թույլ չեն տա ոտնակոխել իրենց իրավունքները և «եթե պետությունը որոշել է սահման գծել մուսուլմանների և քրիստոնյաների միջև, ապա բոլոր մուսուլմանները կհավաքվեն Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում, և այդ սահմանը կանցնի Աջարիայի և Վրաստանի սահմանով»: «Եթե մենք Վրաստանում տեղ չունենք, ապա մենք կվերադառնանք մեր ինքնավար Աջարիան, որտեղից մեզ դուրս են քշել: Եթե նրանք սահման են ուզում գծել մուսուլմանների և քրիստոնյաների միջև, թող գծեն: Բայց այդ սահմանը կանցնի Աջարիայով: Մենք այլևս չենք հանդուրժի, որպեսզի մեզ վիրավորեն և ստորացնեն», -ցուցարարների առջև ելույթ ունենալով` հայտարարել է «Մուսուլման կանանց Միության» նախագահ Էթեր Աբաշիձեն:
 
Միևնույն ժամանակ, պետական կառույցները ևս հայտարությամբ են հանդես եկել. «Նախկին մզկիթի շենքում կկառուցվի գրադարան: Դա արդեն որոշված հարց է: Մենք չենք ցանկանում բախում մուսուլման բնակչության հետ, բայց այս շենքում մզկիթ չի բացվի», -հայտարարել է Սամցխե-Ջավախքի մարզպետը:
 
«Վրաստանի Մարդու իրավունքների Պաշտպանը արդեն մի քանի տարվա ընթացքում կոչ է անում երկրի Կառավարությանը լուծել խորհրդային ժամանակահատվածում կրոնական կազմակերպություններից խլված, այսօր «վիճահարույց» կարգավիճակ ունեցող շենքերի հարցը: Այդ հարցը վերաբերում է նաև Մոխե գյուղի մզկիթին: 
 
Մոխե գյուղում կատարվող իրադարձությունները նորից կրոնական հենքի վրա բախում առաջանալու սպառալիք են ստեղծում: Հաշվի առնելով հարցի զգայունությունն ու կարևորությունը` Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը կոչ է անում Ադիգենի շրջանի մունիցիպալիտետին դադարեցնել շենքի ապամոնտաժումը և հարցը լուծել տեղի բնակիչների և բոլոր շահագրգռված կողմերի միջև երկխոսության միջոցով: Ավելին, տվյալ հարցը կարող է գնահատվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված Հավատքի Ազատության և իրավունքի խախտում:
 
Հատկապես զայրույթ է առաջացնում այն տեղեկությունը, որի համաձայն Սամցխե-Ջավախքի նահանգապետը տեղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում կոպիտ ձևով հայտարարել է նրանց, որ շենքը քանդելու որոշումն արդեն ընդունված է, և Մոխե գյուղի մուսուլմանների կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում:
 
Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը կոչ է անում Կառավարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև Ներքին գործերի նախարարությանը գործել երկրի օրենսդրության շրջանակներում և պահպանել երկրի Սահմանադրության կողմից հաստատված Վրաստանի քաղաքացիների իրավահավասարության սկզբունքները», -ասված է Մարդու Իրավունքների Պաշտպանի հատուկ հայտարարությունում` տարածված հոկտեմբերի 22-ի գիշերը:
 
Ոստիկանների և մուսուլմանների միջև տեղի ունեցած բախման վերաբերյալ հայտարարություն է արել նաև Կրոնական հարցերով Պետական Գործակալությունը, ինչպես նաև Վրաստանի վարչապետը:
 
«Կրոնական հարցերով Պետական գործակալությունը անհանգստություն է հայտնում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Ուզում ենք նշել, որ տվյալ հարցով Մոխե գյուղի մուսուլման համայնքը դեռևս չի դիմել մեր գործակալությանը: Մեզ համապատասխան երաշխավորումներով դիմել է միայն Ադիգենի մունիցիպալիտետի Սակրեբուլոն (վարչություն): Կրոնական հարցերվ Պետական գործակալությունը կարծում է, որ տվյալ հարցի շուրջ անհրաժեշտ է անցկացնել տքնաջան աշխատանք, այդ իսկ պատճառով մենք կցանկանայինք ստանալ Ադիգենի մունիցիպալիտետից ամբողջական տեղեկատվություն:
 
Կրոնական հարցերով գործակալությունը համոզված է, որ երկրում պետք է հավասարապես պաշտպանվեն բոլոր կրոնական միավորումների իրավունքները և հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Քանի որ շենքը, որի պատճառով բախում է տեղի ունեցել, վիճահարույց է  մուսուլմանների և քրիստոնյաների միջև, ապա անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել հարցը և ընդունել անկողմնակալ որոշում», -ասված է Կրոնական հարցերով պետական գործակալության` հոկտեմբերի 22-ի հատուկ հայտարարությունում:
 
«Երբ ես Բաթումիում էի, հանդիպում կայացավ Սամցխե-Ջավախքի մուֆթիների հետ: Հանդիպման ընթացքում նրանք ինձ հայտնեցին, որ խնդիր գոյություն ունի Մոխե գյուղի մզկիթի հետ կապված, և խնդրեցին ինձ լուծել այդ հարցը: Մինչդեռ ես ուզում են հիշեցնել Վրաստանում գործող բոլոր կրոնական միավորումներին, որ մենք ստեղծել ենք Կրոնական հարցերով Պետական գործակալություն, որի նպատակն էլ նման հարցերի ուսումնասիրությունն է: Կրոնական հարցերով պետական գործակալությունը նախ պետք է քննարկի նման հարցերը, իսկ հետո միայն դիմի Կառավարությանը` իրենց աշխատանքով հիմնավորված երաշխավորումներով: Մոխե գյուղի մզկիթի դեպքում այդ գործընթացը չի կատարվել: Ես զրուցել եմ Սամցխե-Ջավախքի նահանգապետի հետ այս հարցի շուրջ, և նա հայտնել է ինձ, որ քննարկել է մզկիթի հարցը տեղի մուսուլմանների հետ և պայմանավորվել, որ մզկիթի շենքում կբացվի գրադարան, իսկ մուֆթիների նստավայրը կկառուցվի Մոխե գյուղում արդեն գործող մզկիթի տարածքում: Այն ինչ կատարվեց երեկ (հոկտեմբերի 22) շատ տխուր փաստ է: Ես քննադատում եմ ցանկացած տեսակի բռնություն: Օրենքի առջև հավասար են բոլոր քաղաքացիները` անկախ նրանց կրոնական պատկանելությունից», -հայտարարել է Վրաստանի վարչապետը հոկտեմբերի 23-ի առավոտյան անցկացրած երկրի Կառավարության նիստի ընթացքում:
 
http://armenian-community.ge/News/828 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը