Բուլղարիայի լրագրողների միության Պլովդիվի մասնաճյուղը խստորեն դատապարտել է Տեր Զորի Հայկական եկեղեցու պայթեցումը


Բուլղարիայի լրագրողների միության Պլովդիվի մասնաճյուղը խստորեն դատապարտել է Տեր Զորի Հայկական եկեղեցու պայթեցումը

  • 24-10-2014 16:17:30   | Բուլղարիա  |  Քաղաքական

Բուլղարական Պլովդիվ քաղաքի «Եվրոպրես» լրագրողների միությունը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է Տեր Զորի «Սրբոց Նահատակաց» հայկական եկեղեցու պայթեցումը, տեղեկացնում են ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղի պաշտոնաթերթ «Բարեգործականի Ձայն» երկշաբաթաթերթից: Հայտարարությունը կազմվել է «Բարեգործականի Ձայն» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Էռնիասյանի նախաձեռնությամբ և «Եվրոպրես» լրագրողների միության ատենապետ Գեորգի Նայդենովի անմիջական մասնակցությամբ: Այն միաձայն հաստատվել է միության ղեկավար մարմնի նիստի ժամանակ:
Հայտարարության մեջ նշված է, թե ինչպիսի սրբազան արժեք է իրենից ներկայացնում ողջ հայ ժողովրդի համար Տեր Զորի հայկական եկեղեցին: «Ճիշտ այն օրը, երբ Հայաստանը նշում էր իր Անկախության տոնը, անվերահսկելի իսլամական ագրեսորները պայթեցրեցին հայոց տաճարը և դրանով ցույց տվեցին աշխարհին, որ կրոնական հանդուրժողականությունը անծանոթ երևույթ է «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման անդամների համար»:
 
Հայտարարության մեջ ընգծվել է այն փաստը, որ այսօր էլ միլիոնավոր քրիստոնյաներ և այլադավաններ Իրաքում և Սիրիայում ենթարկվում են բռնությունների և բռնում են գաղթի ճամբան, ինչպես հարյուր տարի առաջ նույն ճակատագրին էր արժանացել հայ ժողովուրդը Տեր Զորի անապատում: «Միթե նրանք չեն հասկանալու, որ քրիստոնյա ժողովուրդները կշարունակեն ապրել իրենց ցավի մեջ, սակայն բռնությանը բռնությամբ չեն պատասխանի», ասված է հայտարարության վերջում:
 
Հայտարարության հեղինակները այն ուղղարկել են նաև Բուլղարիայի լրագրողների միության Կենտրոնական ղեկավար մարմնին և հույս են հայտնել, որ Հայկական եկեղեցու ավերումը կդատապարտվի նաև նրա կողմից, ինչպես նաև Բուլղարիայի միջկրոնական ազգային կենտրոնի կողմից:
 
24.10.2014, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական