Գոյություն չունեցող Թբիլիսիի լեգենդներն ու հեքիաթները


Գոյություն չունեցող Թբիլիսիի լեգենդներն ու հեքիաթները

  • 27-10-2014 16:48:26   | Վրաստան  |  Վերլուծություն
 
 
 
Անցյալ հանգստյան օրերին քաղաքը տոնում էր իր ծննդյան օրը` «Թբիլիսոբան»: Ըստ ավանդույթի` այդ օրերին քաղաքի կենտրոնում կազմակերպվում է միջոցառումների մի ամբողջ շարք` սկսած ավանդական շուկաներից և վերջացրած ժողովրդական համույթներից ու դասական երաժշտությունից: Ընդհանուր մթնոլորտն, իհարկե, ուրախ էր: Մարդիկ ուրախանում էին, շնորհավորում իրենց քաղաքին իր տոնի առթիվ: Այն մարդկանց մեծամասնությունը, ովքեր դուրս էին եկել` նշելու իրենց քաղաքի տոնը, օրվա վերջում անպայման  ընկերների և հարևանների հետ նստում են սեղանի շուրջ` խմելու քաղաքի, «թիֆլիսցի» հասկացության, «բոլորի միջև եղբայրության» կենացը և «կարևոր չէ, թե ո՞վ ի՞նչ ազգության է»:
 
Ընդհնուր առմամբ Թբիլիսիի բնակիչների մեջ, հատկապես բնակչության ավագ սերնդի մեջ «թբիլիսեցի» հասկացությունը և նրա հետևում կանգնած գաղափարախոսությունը, առանցքայինն է: Նրա հիմնական միտքն այն է՝ «ի՞նչ տարբերություն` ո՞վ ինչ ազգային պատկանելություն ունի. դու թիֆլիսցի ես, դա է ամենակարևորը: Մենք բոլորս` հայերը, վրացիները, ադրբեջանցիները, եղբայրներ ենք, որովհետև մենք ապրում ենք այստեղ Թբիլիսիում»: Ամենազարմանալին այն է, որ այդ գաղափարախոսության ամենավառ հետևորդներն են հատկապես հայերը: Թբիլիսահայերը մանկական միամտությամբ հավատում են, որ քաղաքի բնակիչները քույրեր և եղբայրներ են: Եվ այդ գաղափարախոսությանը հավատացող Թբիլիսահայերի դեպքում խոսքը միայն ավագ սերնդի մասին չէ… Ավագները ավանդաբար փոխանցել են այդ «արժեքը» երիտասարդ սերնդին, և նա իր հերթին կանի նույնը… Չնայած որ Թիֆլիսը իր իրական ավանդույթներով և մշակույթով վաղուց արդեն անցյալի գիրկն է գնացել, թբիլիսահայերը, այնուամենայնիվ, կապրեն վաղուց գոյություն չունեցող քաղաքում: Կապրեն վաղուց արդեն չգործող կանոններով…
 
Իսկապես, զարմանալի քաղաք է Թբիլիսին: Շատ վաղ ժամանակներ չէին, երբ հայերը կառուցողական աշխատանքներ էին կատարում Թբիլիսիում, ստեղծում էին Թբիլիսին: Հայերը ոչ միայն կառուցում էին, նրանք նաև ղեկավարում էին քաղաքը.  քաղաքի ինքնակառավարման մասին առաջին հիշատակման պահից (XII դար) մինչև Վրաստանի առաջին հանրապետության հռչակումը (1918թ), քաղաքն ուներ ավելի քան 40 ղեկավար-քաղաքապետ, որոնք ազգությամբ հայ էին: 40 և ավելի հայ քաղաքապետեր հիմնում էին քաղաք, գեղեցկացնում, զարգացնում քաղաքային ենթակառուցվածքն ու տնտեսությունը` քաղաքի կյանքը դարձնելով ավելի  հարմարավետ:
 
Այն հայերի համար, ովքեր ղեկավարում էին քաղաքը, իսկապես տարբերություն չկար, թե ով ինչ ազգության է: Իրենք հայեր էին, բայց գործերը, որոնք նրանք իրականացնում էին, արվում էին բոլոր նրանց համար, ովքեր ապրում էին Թբիլիսիում` վրացիների, պարսիկների, թաթարների, հրեաների: Չենք սկսի թվարկել այն ամենը, ինչ կառուցվել է, ստեղծվել, նվիրվել  քաղաքին այն տարիներին, երբ քաղաքի ղեկավարները հայ քաղաքապետեր էին: Դա չէ տվյալ հոդվածի նպատակը: Կասենք միայն մի բան: Այսօր մենք ապրում ենք ոչ թէ Թիֆլիսում, այլ Թբիլիսիում: Սա լրիվ ուրիշ քաղաք է: Եվ միայն գիտակցելով և ընդունելով այդ անսխալ ճշմարտությունը` քաղաքի հայերը կկարողանան առաջ շարժվել, կկարողանան զարգանալ:
 
Այնքան էլ շատ ժամանակ չի անցել, երբ Թբիլիսիում քաղաքապետ հանգիստ կարող էր ընտրվել հայը: Հայկական ներկայությունը զգալի էր նաև քաղաքային խորհրդում` Սակրեբուլոյում: Այսօր Թբիլիսիի հայ քաղաքապետի մասին խոսելը ծիծաղելի է: Իսկ Քաղաքային խորհրդում` Սակրեբուլոյում ոչ մի ազգությամբ հայ պատգամավոր չկա, արդեն չենք խոսում այն մասին, որ Համայնքը առաջադրի իր ներկայացուցչին Քաղաքային Խորհրդում:
 
Եթե խոսել Թբիլիսիի Քաղաքային Խորհրդի մասին, անհնար է ուշադրություն չդարձնել ժամանակակից Թբիլիսիի պաշտոնական կայքի վրա: Երբևէ մտե՞լ եք այդ կայքը: Մտե´ք: Կայքում կա առանձին բաժին` քաղաքի ղեկավարները անվանմամբ: Ինչքան էլ տարօրինակ է, քաղաքի բազմադարյա պատմության ամբողջ ընթացքից կայքում նշված է ընդամենը 9 ազգանուն, կենսագրությունները համընկնում են: Թույլ տանք մեզ ենթադրել, որ քաղաքի Քաղխորհուրդը շատ զբաղված է և ուղղակիորեն չի հասցրել կայքում տեղադրել քաղաքի բոլոր ղեկավարների ամբողջական ցանկը, որպեսզի քաղաքի բնակիչները իմանային` ում շնորհակալություն հայտնել, ում աստվածացնել, իսկ ոմանք գուցե արժանի չեն հատուկ ուշադրության և հարգանքի… Բայց ուշադրություն է պահանջում մեկ այլ փաստ, ոչ թե Քաղաքապետերի համառոտ թվարկումը… «Ընտրված» 9 քաղաքապետերի մեջ հայտնվել է երկու ազգանուն`  «Մատինով» և «Արղութիշվիլի»:
 
Կարդալով քաղաքապետ «Մատինովի» կենսագրությունը աչքի է ընկնում Մատինովի ազգանունը՝ փակագծերում նշված Մաթիաշվիլի: Հիշատակենք միայն այդ փաստը, որ ի ծնե Ալեքսանդրը կրում էր Մատինյանց ազգանունը: Նույն ազգանունն էլ նշված է եղել քաղաքապետի գերեզմանաքարին, որը գտնվում էր հայկական Վանքի բակում (որը  ավերվել է XX-րդ դարի 30-ական թվականներին, և նրա փոխարեն էլ այսօր գտնվում է Վրաստանի Մշակույթի նախարարությունը և Արդարադատության Տունը):
 
Քաղաքապետ Մատինյանցի օրոք էլ կառուցվել է Քաղխորհրդի ժամանակակից շենքը, բացվել Բաթումի-Թբիլիսի-Բաքու երկաթուղային գիծը, կառուցվել  ջրմուղը և այլն: Մատինյանցը մահից հետո քաղաքին կտակել  է  50 000 ռուբլի  (այն ժամանակների համար հսկայական գումար): Մատինյանցի մահից մի քանի տասնամյակ անց քաղաքի իշխանությունները որոշել են փոխել նրա ազգանունը և դարձնել նրան վրացի:
 
Նույն բանը պատահել է Թբիլիսիի մյուս քաղաքապետի` Արղութիշվիլիի հետ, որի գերեզմանաքարի վրա (թաղված է Երկայնաբազուկ-Արղությանց (Զաքարյանների  իշխանական տոհմ) դամբարանում, Սանահինի կուսանոցում) գրված է` «Փառահեղ հայ իշխանական սերնդի արժանի ներկայացուցիչ, կայսրական գերազանցություն, ծառայապետ, իրական պետական խորհրդական, իշխան  Նիկողայոս Բասեղյան Արղության-Դոլգոռուկի»:
 
Ինչու՞ է քաղաքապետարանը, այլանդակում,  կեղծում իր իսկ քաղաքի պատմությունը: Չէ՞ որ, ինչպես սիրում են ասել թբիլիսահայերը. «ի՞նչ տարբերություն, թե ինչ ազգություն ունես, կարևորը որ դու թբիլիսեցի ես»… երևում է, այնուամենայնիվ, տարբերություն կա… և ժամանակն է դա հասկանալ:
 
http://armenian-community.ge/News/836
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն