«Հայերի ու ասորիների ցեղասպանությունը ծրագրված է եղել». Յըլմազ Մուրաթ Բիլիջան


«Հայերի ու ասորիների ցեղասպանությունը ծրագրված է եղել». Յըլմազ Մուրաթ Բիլիջան

  • 30-10-2014 14:44:07   | Թուրքիա  |  Վերլուծություն

TurqՆերկայիս Թուրքիան, որպես հանրապետություն, գոյություն ունի 91 տարի: Հոկտեմբերի 29-ը թուրքական պետության հերթական տարեդարձն էր, որը պաշտոնապես միշտ նշվում է մեծ շուքով: Թուրքիայի Հանրապետության անցած ավելի քան 9 տասնամյակներին հետահայաց անդրադարձել է թուրք բլոգեր Յըլմազ Մուրաթ Բիլիջանը: «T 24» ընդդմիադիր լրատվակայքում հրապարակվել է նրա «Կարճ պատմությունը Թուրքիայի Հանրապետության» հոդվածը, որտեղ մատնանշվում են արյունոտ ու ամոթալի էջերը:

600 տարվա կայսրությունից մնացած հողերի վրա 1923-ին հռչակվեց Թուրքիայի Հանրապետություն: Ըստ Բիլիջանի` դեռևս երիտթուրքերի ժամանակվանից խնդիր էր դրված ազգ ստեղծել մեկ ինքնության շուրջ, որը պետք է լիներ թուրքական: Այլ էթնիկ ինքնությունները կամ զտվելու էին, կամ ձուլվելու, կամ էլ հեռացվելու:
«Ծրագրված էր 1914-20-ականներին ասորիներին, 1915-ին էլ հայերին ենթարկել ցեղասպանության, որը հաջողությամբ իրականացվեց»,- նշում է Բիլիջանը: Բացի բնակչությանը թուրքացնելուց որոշված էր նաև թուրքականացնել երկրի տնտեսությունը: Հոդվածագիրը նկատել է տալիս, որ դրա համար տնտեսության մեջ էական դերակատարում ունեցող ոչ մահմեդական զանգվածներին (հայեր, հույներ և այլն) կամ հրի և սրի մատնեցին, կամ ժամանակ տվեցին, որպեսզի նրանք հեռանան: Սկսեցին Իզմիրից (Զմյուռնիա): Օրեր շարունակ Իզմիրը կրակների մեջ վառվում էր: Տեղի հայ և հույն բնակչությունից գրեթե մարդ չմնաց:
«Երկու ամսվա ընթացքում բոլոր տեղերը «մաքրեցինք» նրանցից և հպարտ զգացինք մեզ: Այնուհետև ունևորության հարկ մտցրեցինք: Ազգությամբ հայ, հրեա և հույն քաղաքացիներից մեկ առ մեկ խլեցինք իրենց ունեցվածքը»:
Հետո պարտադրաբար թուրքերեն լեզվով խոսելու արշավ սկսվեց: Պետության բնակչությունը տեսակավորվեց երեք խմբի` թուրք, քուրդ և ոչ մուսուլման, և բոլորին պարտադրվեց խոսել միմիայն թուրքերեն: Այնուհետև վրա հասան 1955թ. սեպտեմբերյան աղետալի դեպքերը: Թուրք բլոգերը պատմում է, թե ինչպես կոտորվեցին ու կողոպտվեցին Իզմիրի հույները, հայերը և հրեաները: Դրանից հետո ողջ մնացած ոչ մահմեդականների մի զգալի մասը լքեց Թուրքիան: Հեղինակը հիշեցնում է, որ այդպիսի էթնիկ զտումներ անելով հանրապետական Թուրքիայի իշխանությունները ըստ էության շարունակեցին արթուն պահել երիտթուրքերի ոգին:
Մի խոսքով,- եզրափակում է թուրք բլոգերը,- ասածս էն էր, որ մեր պետության մեջ դեմոկրատիա չկարողացավ լինել, բայց արի ու տես, որ հանրապետութունը 91 տարի է ողջ ու առողջ ոտքի վրա է»:
 

Նօրաթերթ.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն