Հարութ Սասունյան.Համահայկական խնդիրների լուծման համար արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ


Հարութ Սասունյան.Համահայկական խնդիրների լուծման համար արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ

  • 10-12-2014 12:14:31   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Այս շաբաթ մխրճվում եմ մի կնճռոտ հարցի մեջ, որը մտահոգում է աշխարհասփյուռ  հայությանը. մեծ աղմուկ է առաջացել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի կողմից համացանցում տեղադրված խիստ քննադատական և կոշտ նամակից՝ ուղղված Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
 
Հայաստանի և Սփյուռքի ղեկավարության տարբեր հեղինակավոր անձինք խնդրեցին ինձ մեկնաբանել այս բանավեճը՝ հուսալով հանդարտեցնել շիկացած մթնոլորտը: Ես համաձայնեցի, ոչ թե այն պատճառով, որ կարծում եմ, թե իմ հոդվածը կլուծի բուն հարցը, այլ որպեսզի անդրադառնամ ավելի մեծ խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև մեր պատմության այս ճակատագրական պահին:
 
Երուսաղեմի պատրիարքի ծավալուն նամակը երկու հատուկ բողոք է պարունակում. իր ըմռնումը, որ անցյալ սեպտեմբերին Էջմիածնում կայացած ժողովում քննարկում է եղել Երուսաղեմի պատմական և ինքնավար պատրիարքարանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թեմի վերածելու վերաբերյալ: Երուսաղեմի պատրիարքարանը Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական չորս Աթոռներից մեկն է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Պոլսո Հայոց պատրիարքարանի հետ միասին: Պատրիարք Մանուկյանն իր նամակում նաև բողոքում է Գարեգին Բ-ի կողմից Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանական ժողովի խնդրանքով Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանի եպիսկոպոսական ձեռնադրությունը մերժելու մասին:
 
Թեև Գարեգին Բ-ն ու նրա մի քանի արքեպիսկոպոսները կտրականապես ժխտում են, որ երբևէ քննարկում է եղել Երուսաղեմի պատրիարքարանը թեմի վերածելու վերաբերյալ, սակայն սեպտեմբերին կայացած ժողովի որոշ մասնակիցներ այլ բան են հաղորդել: Ավելի քան մեկ տասնամյակ առաջ նման մի վեճ էր առաջացել Պոլսո Հայոց պատրիարքարանի առնչությամբ: Այն ժամանակ, պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը նույնպես զայրացած նամակ էր գրել Գարեգին Վեհափառին՝ դատապարտելով ցանկացած փորձ, որով Պոլսո պատրիարքարանի կարգավիճակը կիջեցնի Սուրբ Էջմիածնի թեմի մակարդակի: 
 
Ի պատասխան Երուսաղեմի պատրիարքի նոյեմբերի 24-ի նամակի՝ Գերագույն Հոգևոր Խորհուրդը դեկտեմբերի 1-ին հանդես եկավ հայտարարությամբ, որը հետևեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը մի քանի արքեպիսկոպոսների անհատական նամակներին՝ դատապարտելով պատրիարքի նամակի «անընդունելի» ոճը եւ «հորինված» բովանդակությունը: Նրանք նաև վրդովմունք հայտնեցին, որ պատրիարք Մանուկյանը ոչ թե մասնավոր նամակ է ուղարկել Գարեգին Բ Կաթողիկոսին, այլ այն տեղադրել է համացանցում: Պատրիարքն արդարացրել էր իր որոշումը՝ բացատրելով, որ Գարեգին Բ-ն չէր պատասխանել իր նախորդ նամակին: Տարօրինակ է, որ արքեպիսկոպոսները դատապարտում են Երուսաղեմի պատրիարքին՝ իր նամակը համացանցում տեղադրելու համար, սակայն նույն բանը իրենք են անում, ավելի հրապարակային դարձնելով պատրիարքի նամակը և հրահրելով բանավեճը:
 
Երուսաղեմի պատրիարքի նամակի շուրջ առաջացած վիճաբանությունը չպետք է դիտարկել որպես առանձին միջադեպ: Սա պարզապես հայ ժողովրդին պատուհասած շատ լուրջ, բայց անտեսված փորձությունների դրսևորումներից ընդամենը մեկն է: Նման բարձրաստիճան մակարդակի առճակատումները միայն կբարդացնեն մեր առկա խնդիրները, ներառյալ՝ Հայաստանում և Սփյուռքում ղեկավարների հանդեպ ժողովրդի անվստահությունը, եկեղեցի հաճախելու նվազումը, համայնքային կազմակերպությունների անդամակցությունից հրաժարվելը, արտագաղթի պատճառ դարձած տնտեսական ճգնաժամը, Հայաստան-Սփյուռք տարաձայնությունները և Սփյուռքում մշակութային ինքնության թուլացումը: Այս ներքին թերությունները նվազեցնում են ժողովրդի կարողությունը, որպեսզի դիմակայի գոյատևման խնդիրները, ինչպիսիք են՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, Արցախյան հակամարտությունը, Թուրքիայից հայկական պահանջները, Սիրիայի հայկական համայնքի գոյատևումը և Երուսաղեմի ու Պոլսո Հայոց պատրիարքարանների պահպանումը:
 
Այս լուրջ մարտահրավերները, որոնք կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման համար, չեն կարող լուծվել նամակագրական արշավներով: Համընդհանուր համակարգված ջանքեր են անհրաժեշտ համահայկական լուծումներ գտնելու համար: 
 
Մի այդպիսի հնարավոր լուծում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված համասփյուռքյան մարմնի ստեղծումը, որը կարող է իսկապես ներկայացնել յոթ միլիոն հայերին ամբողջ աշխարհում՝ Հայաստանից և Արցախից դուրս: Սփյուռքի այս ներկայացուցիչները, Հայաստանի և Արցախի ղեկավարության հետ միասին, կարող են հանդես գալ համայն հայության անունից: Ամեն անգամ, երբ ճգնաժամ առաջանա, այս եռյակը իրավասություն և կշիռ կունենա լուծելու բոլոր քաղաքական, եկեղեցական և սոցիալ-տնտեսական տարաձայնությունները հայերի միջև, ինչպես նաև ազգը պաշտպանել արտաքին սպառնալիքներից:
 
Նման համաշխարհային ընտրովի կառույցի բացակայության պայմաններում, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առկա հանձնաժողովը պետք է վերակազմվի,  որպեսզի հաջորդ տարվա ապրիլից հետո կարողանա համակարգել բոլոր կարևորագույն հարցերը՝ Հայաստանի, Արցախի և խոշորագույն հայկական կազմակերպությունների ղեկավարների, և որոշ երևելի դեմքերի հետ միասին:
 
Բոլոր հայերի պարտքն է համախմբվել և լուծել իրենց վճռորոշ հարցերը, նախքան որ ներքին տարաձայնություններն ու արտաքին վտանգները սպառնան այս հինավուրց ժողովրդի գոյատևմանը...
 
Հարութ Սասունյան       
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն