Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 3-րդ համագումարի մասնակիցներին


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 3-րդ համագումարի մասնակիցներին

  • 24-12-2014 13:11:50   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ուղերձ է հղել ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 3-րդ համագումարի մասնակիցներին:
 
Ուղերձում ասված է.
 
<< Համագումարի հարգելի մասնակիցներ,
Ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 3-րդ համագումարի մեկնարկի ու կազմակերպության 10-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ հաջող ու արդյունավետ աշխատանք: 
Գոհունակությամբ պետք է նշենք, որ այս բոլոր տարիների ընթացքում արհմիությունների ֆեդերացիան կարողացել է կայանալ եւ կատարել ծավալուն աշխատանք` իրականացնելով իրեն վերապահված գործառույթները: Մենք կառուցում ենք ժողովրդավարական պետություն եւ քաղաքացիական հասարակություն, որի առանցքում մարդն է, նրա իրավունքներն ու ազատությունները: Եվ այս գործում մեծ է նաեւ արհմիությունների ֆեդերացիայի դերակատարությունը: 
Աշխատավորների օրինական շահերի պաշտպանությանը, նրանց սոցիալական հարցերի լուծմանը, գործատուների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ձեր գործունեությունը կարեւոր է ու պահանջված:  Մենք ակնկալում ենք, որ այդ աշխատանքները կլինեն ավելի ակտիվ ու համակարգված` ընդլայնելով ու խորացնելով համագործակցությունը տարբեր կազմակերպությունների հետ` ինչպես մեր պետության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: 
Արցախի իշխանությունները շահագրգռված են եւ շարունակելու են հնարավորինս աջակցել ձեր աշխատանքներին, քանի որ բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն այն հիմնական խնդիրներից են, որոնց լուծմանն են ուղղված մեր բոլոր ջանքերը:
Թանկագին բարեկամներ, 
Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել ձեր գալիք Նոր տարին ու Սուրբ Ծնունդը եւ մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու բարօրություն ձեզ, ձեր հարազատներին եւ մերձավորներին>>: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն