Հայ առաքելական եկեղեցին դարձրել է իշխանությունների հաճոյակատարը և նրանց շեփորահարը.Սամվել Հովասափյան
05-01-2015 11:49:48 | Գերմանիա | Վերլուծություն
Մեր օրերում, երբ մենք բոլորս ընդվզումով կորցրել ենք մեր հավատը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, ովքեր, ինչպես նաև նրանց մոտ շրջապատը բացարձակորեն և անխնա հարստահարում են երկիրը, քաղաքների աշխատավորությանը, գյուղացիությանը, որոնք, անկախ արհմիությունների և դատարանների բացակայության պարագայում, անպաշտպան ենթարկված են նրանց և վերնախավի հայեցողությանը և այդպիսով վտանգում հայ ազգի և երկրի ապագան, ապա հնարավոր էր, որ հայ եկեղեցին այն հաստատությունը հանդիսանար, որը իր կեցությամբ կհակակշռեր նրանց կամայականություններին և չնայծ որ զարմանալի կլիներ, սատար կկանգներ հայաստանաբնակ հասարակ ժողովրդին: Սակայն մենք վկան ենք մի այնպիսի իրականության, որը վեր է մեր բոլորի երևակայություններից: Այն է, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգեն Երկրորդը, հայ առաքելական եկեղեցին դարձրել է իշխանությունների հաճոյակատարը և նրանց շեփորահարը: Բացի այդ, նա կաթողիկոսական աթոռին ոչ հարիր իր արարքներով և հայտարարություններով զարմանալի արագությամբ, սպառում է իրեն, թե՝ որպես անձնավորություն, թե՝ որպես հայ, թե՝ որպես հավատացյալ և թե՝ որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս, ով հաջորդել է, Ամենայն Հայոց Կաթողիկոսներ՝ Խրիմյան Հայրիկին, Վազգեն և Գարեգին առաջիններին, այն կաթողիկոսներին, որոնց հայ ժողովուրդը գնահատել և մեծարել է իրենց ազգանվեր աշխատանքների և կեցվածքի շնորհիվ: Փոխարեն նա հետևեր և շարունակեր նրանց մեծարման արժանի աշխատանքները, իրեն թույլ է տալիս այնպիսի սայթաքումներ, որ դրանց հետևանքուվ ժողովրդի մոտ նա այնպիսի համբավ է վայելում, որը երևի եզակի է լինելու հայոց պատմության մեջ, որ և ժողովուրդը և գիտակները և համարձակները և հայ ժողովրդի և հայ եկեղեցու ապագայով տագնապած անձինք (ոչ թե, մի քանի «տգետներ») լավ իմանալով, որ նա ցմահ է ընտրվել, նրա հրաժարականն են պահանջում:
Վերջին տարիներին հայ հասարակայնությունը վկան է նաև մի այլ աննախադեպ երևույթի, սփյուռքի շատ հոգևորականների բացեիբաց ընդվզումը նրա դեմ: Ըստ երևույթի Էջմիածնի կաթողիկոսարանի և սփյուռքի որոշ էջմիածնական թեմերի հարաբերությունը այնքան է սրվել, որ որոշ արքեպիսկոպոսներ և հոգևորականներ հրապարակայնորեն և այո, հոգևորականին ոչ վայել նրան հանդիմանում են, ինչպես նաև այլևայլ պիտակներ են կպցնում, որը ընդհանուր առմամբ պատիվ չի բերում ոչ միայն համայն հայության և հայ եկեղեցուն, այլ մասնավորապես Էջմիածնի կաթողիկոսական աթոռին:
Հայ հասարակայնությունը զարմանքով հետևելով եկեղեցու ներսում ընթացող նման սրված և ոչ հարգալից պայքարին, որը ընթանում է հայկական թերթերի ու կայքերի էջերում, ինքն իրեն հարց է տալիս, այս ո՞ւր է գնում հայ եկեղեցին, ինչի՞ համար է նման սրված և կարելի է ասել՝ ոչ պատվաբեր պայքարը:
Իհարկե, շատ ճշմարտություններ և մանրամասնություններ մնում են մթության մեջ և հայ հասարակությունը անկարող է, իր բազմաթիվ հարցերի վերջնական և սպառիչ պատասխանները ստանալ և գնահատել, թե՝ որքան են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նրա եղբայրը՝ արքեպիսկոպոս Եզրասը չարաշահում կաթողիկոսական աթոռը և իրենց դիրքը՝ հանուն իրենց անձնական շահերի, որում նրանց մեղադրում են նրանց քննադատողները: Բայց որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր բարձրության վրա չէ, դա կարող ենք նաև մենք՝ ինքներս նկատել և գնահատել...
Ոչինչ ավելի լավ չի սահմանում նրա, իր աթոռին ոչ վայել պահվածքը, քան հայկական հեռուստատեսությամբ արած նրա հայտարարությունները և հանրությանը հայտնի գործելակերպը՝
-Նա ՝ իր քննադատողներին՝ «նենգ», «չարակամ», «տգետ», «անտեղյակ» է անվանում և իր անձը պատնեշելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի տիտղոսով, իրեն անքննադատելի է համարում:
-Նա՝ չի ցանականում լեռների վրայի եկեղեցիները կործանումից փրկել, բայց ամենուր, նույնիսկ Երևանի կենտրոններում, նոր եկեղեցիներ է կառուցել տալիս: Եվ այդ այն դեպքում, երբ աղետի գոտում դեռ շատ բազմազավակ մայրեր, թիթեղյա տնակներում են ապրում և շատ հայ ընտանիքներ թուրքերին են ապավինել, տաք անկյուն և աշխատանք փնտրելու համար և իրենց մանկահասակ երեխաներին նրանց մոտ աշխատանքի են ուղարկում: Տարիներ առաջ հայկական կայքէջերում կարելի էր կարդալ այն 8-ը տարեկան երեխայի առօրյաի մասին, ով իր թուրք գործատիրոչը ավելի էր սիրում, քան ընտանիքին լքած իր հորը: Սա մի շառաչույն ապտակ էր Հայաստանի իշխանությունների երեսին, իհարկե եթե նրանք հասկանային, թե դա ինչ է նշանակում և եթե նրանք այդքան հեռացած չլինեին ժողովրդից և մինչ այդ աստիճանի չարհամարեին նրան:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երևանում քանդել է տալիս ակադեմիական շենքը, տեղը ի՞նչ ավելի կարևոր շինություն կառուցելու համար..., Երևի նրա մոտ հարցը այսպես է դրված՝ ինչո՞ւ չնմանվել Գագոներին, Գռզուներին, այլևայլ «օլիգարխներին» և նրանցից օրինակ չվերցնել: Ինչո՞ւ չունենալ սեփական պալատ:
-Ինչո՞ ւ Քոչարյանների, Սարգսյանների նման չգործադրել անառարկելի իշխանույթուն և չվայելել իշխանական աթոռի փառքը և հմայքը:
Նա քամահարում է ոչ միայն հայաստանաբնակ ժողովրդի կարծիքը և ցանկությունները, այլ շվեցարահայ թեմի երեսին շպրտում է ՝ «ես ինչ ուզեմ, կանեմ»: Այո նա հզոր է, նա ամենակարող է, ով ի վերուստ և ի պաշտոնե իրավունք ունի որոշում կայացնելու, հրամաններ տալու: «Ես եմ ճշմարտությունը, չկա այլ ճշմարտություն ինձանից բացի», չէ որ նման ասացվածքը, կրոնական օրինականություն է հայտարարված...
Որ հայ առաքելական եկեղեցու շատ սպասավորներ իրենց արարքով, նաև իրենց կրոնական մոլեռանդ քարոզչությամբ, երբեմն բացասական ազդեցություն են ունեցել հայ ժողովրդի դարավոր պատմության ընթացքում, դա անառարկելի է: Րաֆֆին, իր վեպերի հերոսների լեզվով, բազմիցս քննադատել է ժամանակի հայ հոգևորականներին, իրենց բացառապես Աստծոն ապավինելու քարոզչության և կեցվածքի պատճառով, ինչը որ կործանարար է եղել հայ ժողովրդի համար: Անցյալից մեզ քաջ հայտնի է հետևյալը՝ պարսիկ, կամ թուրք մոլաները միացած խուժանին, իրենց հավատացյալներին քարոզում էին՝ կոտորեք անհավատներին և ձեր տեղը դրախտում ապահովված կլինի, իսկ այդ նույն ժամանակ հայ հոգևորականները փակվում էին եկեղեցիններում, մոմեր էին վառում և քարոզում՝ «ով սուր վերցնի, սրով էլ կընգնի»:
Դեռ վերջերս մենք վկան եղանք հայ եկեղեցու կողմից բանեցրած՝ անզորության և ապակողմնորոշող ցայտուն մի այլ օրինակի: Սիրիայում իսլամիստները զենքի ուժով գրավում են Քեսաբը, տեղի հայ բնակչությունը անգամ ևս լքում է իր հայրենիքը, իսկ հետո ի՞նչ է կատարվում, հետո, ամենուր հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվում և երկու կաթողիկոսներից մինչև սովորական հոգևորականներ, Աստծո փեշերն են քրքրում և «հայոց տառապյալ հոգու համար» թողություն հայցում, ինչպես միշտ, ինչպես ամենուր: Այսունման կեցվածքը ոչ միայն ամոթալի է, այլ ստորացուցիչ, նվաստացնող:
Դեռ ի սկզբանե, հայ առաքելական եկեղեցին, նախ թագավորական զենքի ուժով և հետո քրիստոնեական ուսմունքի քարոզչությամբ, ստորացնելով հայ ժողովուրդին, կռտել է նրան, նրանից խլել է նրա ինքնապաշտպանության բնական բնազդը, ակամայից նրան դարձնելով իշխանների և օտար նվաճողների վասալ, կամակատար:
Մինչև ե՞րբ է ցանկանում հայ եկեղեցին նման սխալ և ապակողմնորոշող քարոզչությունը շարունակել: Մինչև եր՞բ են ցանկանում Հայաստանի իշխանությունները, և նրանց հոգևոր սպսավորները, հայ ժողովրդին կրոնով մոլորեցնելով, ամրապնդել իրենց աթոռը:
Տարիներ առաջ էր, դոկտոր պրոֆեսոր Ա. Բ-ը Հ1 հեռուստակայանով մեկ ժամ խոսեց հայ ժողովրդի պատմության և եղեռնի շուրջ, իսկ վերջում ոչ այլևայլի, հանդիսավոր և հպարտորեն, ասես ինչ որ գյուտ արած լիներ, հայտարարեց. «Աշխարհում ինչ որ կատարվում է, կատարվում է Աստծո կամքով»: Դրան կարելի էր նաև, հենց այնպես, ուշադրություն չդարձնել: Բայց հարցը նրանումն է, որ այսօր Հայաստանում՝ նմանը, ասես մի ինչ որ պակասության տեղը լրացնելու համար, կրկնում են շատերը, Զորի Բալայանից սկսած, մինչև Էջմիածնի տաճարում՝ ծնկաչոք եկած, բոլոր տեղերից կտրված ձեռքները աղերսանքով դեպի երկինք պարզած, քարերը համբուրող, տառապյալ և անօգնական կանայք: