Անկարգությունը տիրում է ռուսական բանակի գրեթե բոլոր զորամասերում, և Գյումրու ռազմաբազան բացառություն չէ.Փորձագետ

14-01-2015 14:18:14   | Ռուսաստան  |  Հարցազրույցներ
DSCN0062_3

ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Հասարակություն և բանակ» միջազգային հասարակական նախաձեռնության իրավական փորձագետ Մաքսիմ Բուրմիցկիի հետ:

-Պարո՛ն Բուրմիցկի, ինչպես հայտնի է, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հանձնաժողովը ժամանել է Գյումրի՝ տեղի ունեցած ողբերգության պատճառները պարզելու համար: Ի՞նչ եք կարծում, հանձնաժողովը արդյո՞ք կհետաքննի հենց ռազմաբազայում տեղի ունեցածը: Հնարավո՞ր է արդյոք սպայական անձնակազմի դեմ քրեական գործերի հարուցումը:

-Հանձնաժողովի իրավասությունը տարածվում է միայն ռազմաբազայի տարածքի վրա, հետևաբար, նրա լիազորությունների մեջ է միայն ծառայության վայրը լքելու հետ կապված փաստերի արձանագրումը, եւ հնարավոր է՝ հայ քննիչների հետ համագործակցությունը՝ սպանությանը վերաբերող հարցերում: Բազայի ղեկավարությունը ցանկացած պարագայում կպատժվի, նույնիսկ եթե գրանցվեր միայն զենքը ձեռքին ծառայության վայրը լքելու դեպքը՝ առանց ողբերգական հետևանքների: Հավանաբար պատիժը կլինի ոչ թե կարգապահական, այլ քրեական՝ հաշվի առնելով գործի միջազգային բնույթը:

-Ի՞նչ եք կարծում, 102-րդ ռազմաբազայի ղեկավարությունը պե՞տք է հրաժարական ներկայացնի այս դեպքի պատճառով:

-Կարծում եմ՝ այո: Եթե նույնիսկ սեփական ցանկությամբ հրաժարական չտան, ամենայն հավանականությամբ, նրանք կհեռացվեն:

-Ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ 6 հոգու սպանության մեջ կասկածվող եւ փնտրվող անձն անցյալում խուսափել է զինվորական ծառայությունից, նրա անունը շրջանառվում էր մի քանի մանր հանցագործությունների մեջ: Արդեն հայտնի է, որ նրա եղբայրը անազատության մեջ է: Ինչպե՞ս կարող էր նման բնութագրով մարդը անցնել ծառայության ՌԴ զինված ուժերում, այն էլ այլ երկրում:

-Ամբողջ տեղեկատվությունը հակասական է, ծառայությունից նա չէր կարող խուսափել, լրացել էր 18 տարին, և նա առաջին զորակոչով անցել է ծառայության, իսկ այն, որ նա պիտանի չէր ծառայության հոգեբանական խնդիրների պատճառով, դա բացահայտ է: Դրանում մեղավոր է զինվորական կոմիսարիատը և զինակոչային հանձնաժողովը, սակայն դա սովորական երևույթ է: ՌԴ զինված ուժերում գրեթե չկան ծառայությանը ամբողջությամբ պիտանի երիտասարդներ, և եթե ֆիզիկապես մարդը պիտանի է, ապա նրա հոգեկան վիճակն այնպիսին է, որ նրան չարժե զենք տրամադրել: Այսպիսին է ռուսական բանակի տխուր իրականությունը, որն էլ բերում է նման ողբերգությունների:

-ՌԴ և ՀՀ միջև գործող Համաձայնագրի 4 կետի համաձայն, ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի ներկայացուցչի կողմից իրականացրած հանցագործության դեպքում կիրառվում է ՀՀ սահմանադրությունը և գործում են պատասխանատու մարմինները: Սակայն այս պահին հետաքննությունն իրականացնում է ռուսական կողմը: Սա ՀՀ օրենսդրության ու ՌԴ և ՀՀ միջև համաձայնագրի կետերի խախտու՞մ է:

-Անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է ռուսական կողմը ինչ-որ բան հետաքննել: ՊՆ հանձնաժողովը կարող է հետաքննել միայն ռազմաբազայի տարածքում տեղի ունեցածը, ընդ որում, քրեական գործ վարել կարող են միայն քննչական մարմիններն ու քննիչները: Այդ պատճառով ես կարծում եմ, որ հետաքննությունը կարող են վարել միայն հայկական կողմի պատասխանատու մարմինները, իսկ ռուսական պատկան մարմինները պետք է զբաղվեն զենքը ձեռքին ծառայության վայրը լքելու փաստով և, իհարկե, օգնեն հայկական կողմին ՝ օրինակ տեղեկատվությամբ կիսվել և չխոչընդոտել գործի հետաքննությանը ռուսական ռազմաբազայի տարածքում:

-Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական զինծառայողների անուշադրության պատճառով Գյումրիում մարդիկ են մահանում: Շատ է խոսվում այն մասին, որ ռազմական ստորաբաժանումներում անկարգություն է տիրում: Կարո՞ղ է արդյոք անպատժելիությունը, անկարգությունը բազայի ներսում նման հանցագործությունների պատճառ դառնալ:

-Իհարկե, զորամասերի հրամանատարները սովորաբար հակված են թաքցնել բոլոր խախտումները, որպեսզի չպատժվեն, այդ պատճառով էլ անկարգությունը տիրում է ռուսական բանակի գրեթե բոլոր զորամասերում, և Գյումրու ռազմաբազան բացառություն չէ:

Գոռ Ալեքսանյան

Մոսկվա

 

 

 

Ք. Մոսկվ

 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 820 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար