Եթե թուրքերը չժխտեին Ցեղասպանությունը, CBS-ն այս տեսաֆիլմը<br /> չէր հեռարձակի<br />


Եթե թուրքերը չժխտեին Ցեղասպանությունը, CBS-ն այս տեսաֆիլմը
չէր հեռարձակի

  • 03-03-2010 22:00:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքերը պետք է միայն իրենք իրենց մեղադրեն Հայոց Ցեղասպանության մասին փետրվարի 28-ին CBS հեռուստաընկերության կողմից հեռարձակված հաղորդման պատճառով իրենց դժգոհության համար: Եթե չլինեին թուրքական կառավարության անընդհատ ժխտումներն ու խեղաթյուրումները, ապա Հայոց Ցեղասպանությունը կարող էր վերածվել մի մոռացված իրադարձության համաշխարհային պատմության մեջ: Բայց, քանի որ թուրքերը հրաժարվում են դիմակայել իրենց ոճրագործությունը եւ համառորեն կրկնում են իրենց հորինած աղաղակող ստերը, ուստի ազնվաբարո մարդիկ ամենուր, տարբեր միջոցներով ձգտում են ի լուր աշխարհի հայտնել ճշմարտությունը, ինչպես դա արեց ամերիկյան հայտնի CBS-ն իր «60 րոպե» հաղորդման մեջ նախորդ կիրակի: Քանի դեռ թուրքերը շարունակում են հրաժարվել ճշմարտությունն ընդունելուց, նրանք միջազգային հանրության կողմից անարգվելու են որպես զանգվածային մարդասպաններ եւ ցեղասպանության ժխտողներ. արժանի պատիժ նման նողկալի ոճրագործություն իրականացնելու եւ այն քողարկելու համար: Հայ ժողովրդի դահիճներ Թալեաթի, Էնվերի եւ Ջեմալի եռյակը երբեւէ չէր կարող պատկերացնել, որ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, նույնիսկ մեկ դար անց հիշելու են 1915 թվականին նրանց իրագործած ստոր ու անմարդկային ոճրագործությունները: Ուշագրավ է, որ CBS-ի այս հաղորդման հեռարձակումից մի քանի օր առաջ թուրքական կազմակերպություններն արդեն կոչ էին անում իրենց անդամներին նամակներ հղել հեռուստաընկերության ղեկավարներին` բողոքելով Հայոց Ցեղասպանության տեսաֆիլմի դեմ, նույնիսկ բովանդակության մասին ոչինչ չիմանալով: Հայկական հայտնի ասացվածքը` «գող` սիրտը դող» դիպուկ է ներկայացնում թուրքական այս տարօրինակ պահվածքը: Այս արտահայտությունը բնութագրում է «բացահայտումից վախեցող գողին»: Իմանալով իրենց մեղավորությունը, թուրքերը մշտական երկյուղի մեջ են, թե կմեղադրվեն եղեռնագործություն կատարելու համար եւ աղաղաակում են իրենց «անմեղության» մասին` նախքան որ որեւէ մեկը նրանց կմեղադրի նման ոճրագործության համար: Հայոց Ցեղասպանության մասին պատմող տասներկու րոպե տեւողությամբ տեսանյութը ամբողջովին մերկացրեց անմեղության թուրքական առասպելը: CBS-ի թղթակից Բոբ Սայմոնը պրոֆեսոր Պիտեր Բալաքյանի հետ մեկնել էին Դեր Զորի անապատը` «հայկական Օսվենցիմ», որտեղ նրանք հայ զոհերի ոսկորների բեկորներն էին հանում, ավազի մակերեսը մատների ծայրերով ուղղակի փորփրելով: Վստահաբար այս ցնցող պատկերներն անջնջելի հետք թողեցին միլիոնավոր հեռուստադիտողների գիտակցության վրա: Շաղակրատող թուրք ժխտողները չէին կարող ջնջել այն ամենը, ինչ հեռուստադիտողները տեսան իրենց սեփական աչքերով: Ոչ ոք չի կարող հավատալ նախկին թուրք դեսպան Նաբի Սենսոյի ստահոդ խոսքերին, որ հայերը չեն սպանվել, այլ պարզապես տեղահանվել են: Բոբ Սայմոնի ճնշման տակ, Սենսոյը, նախ անտեսեց հողից հանված ոսկորների նշանակությունը, ապա փորձեց իր կեղծ պնդումներին կարեւորության շունչ հաղորդել` նշելով, որ ՄԱԿ-ի ցեղասպանության սահմանումը պահանջում է «մտադրություն» տարրի առկայությունը: Ի վերջո նա ընդունեց, որ բազմաթիվ հայեր են «ոչնչացվել», սակայն ըստ նրա` թուրքերն այդպիսի մտադրություն չեն ունեցել: Օսմանյան կայսրության չորս կողմերից տեղահանված 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք ու երեխաները ու՞ր եւ ինչպե՞ս անհետ կորան: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը, ով այդ հարցազրույցից հետո առանց ձեւականությունների ազատվեց պաշտոնից, միտումնավոր չհիշեց ՄԱԿ-ի` ցեղասպանության սահմանման մեկ այլ հոդված. «Որեւէ խմբի համար կանխամտածված այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնք պատճառ կդառնան նրա ֆիզիկական ոչնչացման»: Մնում է ափսոսալ, որ CBS-ն այս Ցեղասպանության ժխտողին ազատ ամբիոն տրամադրեց, մի բան, որը երբեք տեղի չէր ունենա, եթե ծրագրում խոսք գնար Հոլոքոստի մասին: Արդյո՞ք CBS-ը թույլ կտար որեւէ նացիստի կամ Հոլոքոստը ժխտողի եթերում ներկայացնել «այս հարցի մյուս երեսը»: Իհարկե, հնարավոր չէ տասներկու րոպեների ընթացքում ներկայացնել Հայոց Ցեղասպանության ամբողջական պատկերը: «60 րոպե» հաղորդման տեսաֆիլմը կարող էր ավելի ցնցող տպավորություն թողնել, եթե արտադրողները փոքր-ինչ բծախնդիր լինեին իրենց հետաքննության մեջ: Օրինակ, ճիշտ չէ, որ «Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ երբեք չի արտասանել ցեղասպանություն բառը»: Հանրահայտ է, որ նախագահ Ռեյգանը 1981 թվականի ապրիլի 22-ի իր նախագահական Հռչակագրում վկայակոչել է Հայոց Ցեղասպանությունը: Բոբ Սայմոնը նաեւ հայտարարեց, որ թուրքական կողմի քաղաքական ճնշումների շնորհիվ ձախողվեց Հայոց Ցեղասպանության բանաձեւի անցկացումը ԱՄՆ-ի Կոնգրեսում 2007 թվակյանին: Նա չնշեց այն երկու բանաձեւերը, որոնք Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել են 1975 եւ 1984 թվականներին: Երբ Սայմոնը թուրք դեսպանից հետաքրքրվեց, թե ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարների ությակն ինչու էր համախմբվել Թուրքիայի ետեւում 2007 թվականի բանաձեւը վիժեցնելու համար, դեսպան Սենսոյն իր պատասխանում մատնանշեց Թուրքիայի կարեւորությունը Միացյալ Նահանգների համար: Ըստ թուրք դեսպանի, աշխարհաքաղաքական նկատառումները շատ ավելի ծանրակշիռ են քան 1.5 միլիոն մարդկանց կյանքը: Վերջում Բոբ Սայմոնը սխալ մեկնաբանություն կատարեց` հայտարարելով, որ հայ-թուրքական արձանագրություններում առկա հոդվածը պահանջում է ստեղծել մի պատմական հանձնաժողով, որը «կորոշի Ցեղասպանության իրողությունը»: Չնայած այդ հոդվածը շատ հստակ ձեւակերպված չէ, սակայն այն չի ենթադրում նման փաստահավաք հանձնաժողովի ստեղծում: Անկախ այս մի քանի բացթողումներից, միլիոնավոր ամերիկացիներ, ովքեր դիտեցին այս հաղորդումը, էկրանից հեռացան քաջ գիտակցելով, որ թուրքերը 1915 թվականին մասնակցել են «ռասայական բնաջնջման», ինչպես ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն էր զեկուցել Պետդեպարտամենտին: CBS-ին թուրքական բացասական մեկնաբանությունների հեղեղումներին հակազդելու համար, մեր ընթերցողներին խնդրում ենք իրենց երախտագիտական նամակները հղել «60 րոպե»-ին, նրա լուսաբանող հաղորդման համար, որն արդյունավետորեն պայքարում է ցեղասպանության ժխտման դեմ: Հեռուստածրագիրը դիտելու եւ մեկնաբանություն ուղարկելու համար խնդրում ենք սեղմել այստեղ. http://www.cbsnews.com/video/watch/?id=6253043n Միաժամանակ մեր շնորհակալությունն ենք հայտնում պրոֆ. Բալաքյանին` նրա համոզիչ պարզաբանումների եւ CBS-ի անձնակազմին Սիրիայի անապատներն ուղեկցելու համար: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ. Ռ.Ավագյանի
Նոյյան տապան  -   Վերլուծություն