ՀՀ ԳԱԱ-ն անընդունելի է համարում Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի դիրքորոշումը ՀՀ ԳԱԱ-ի վերաբերյալ


ՀՀ ԳԱԱ-ն անընդունելի է համարում Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի դիրքորոշումը ՀՀ ԳԱԱ-ի վերաբերյալ

  • 20-01-2015 14:30:32   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

2015թ-ի հունվարի 16-ին` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության ընդլայնված նիստում, քննարկվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հայրությունյանի դիրքորոշումը ՀՀ ԳԱԱ-ի վերաբերյալ, որն արտացոլված է «Голос Армении» թերթի 2014թ-ի դեկտեմբերի 22 համարի «Национальная академия наук: вчера, сегодня, завтра» հոդվածում: ՀՀ ԳԱԱ նախագահության նիստին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենները, ինչպես նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ) նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի աշխատակիցները: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների 2014թ. դեկտեմբերի 26-ին եւ 27-ին տեղի ունենալիք ընտրությունների նախօրեին հրապարակված հոդվածում Սամվել Հարությունյանը վարկաբեկում է ՀՀ ԳԱԱ-ի գործունեությունը, կասկածի տակ է դնում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գոյության անհրաժեշտությունը, թերագնահատում է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիոսների եւ թղթակից անդամների գիտական մակարդակը: Հոդվածի վերաբերյալ ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ ակադեմիկոսներ Յուրի Չիլինգարյանը, Վիլեն Հակոբյանը, Էդուարդ Ղազարյանը, Լենսեր Աղալովյանը, Վանիկ Զաքարյանը, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանը, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ.Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Թոփուզյանը, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը, Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արսեն Հախումյանը, Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը, ինչպես նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: ՀՀ ԳԱԱ-ն համարում է, որ գիտության քաղաքականության ձեւավորմամբ եւ իրականացմամբ զբաղվող լիազորված մարմնի ղեկավարն իր դիրքորոշումը բազմիցս կարող էր արտահայտել գիտության խնդիրներին նվիրված քննարկումների ժամանակ, մասնավորապես, ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովների ընթացքում, որոնց Սամվել Հարությունյանը հրավիրվել է եւ ում արվել է զեկուցման առաջարկ: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մասնավորապես նշեց. «Լիազորված մարմնի ղեկավարը հետեւություն է անում, որ ՀՀ ԳԱԱ-ի ընտրություններն ընդհանրապես պետք չեն, երբ ընտրությունները նշանակված են եղել կառավարության որոշումով…Նա հարցականի տակ է դնում գիտություննների ազգային ակադեմիայի գոյության անհրաժեշտությունը … Նա ակադեմիայի պատմությունը սկսում է 1992 թվականից, եւ անհասկանալի է, որ դրանից առաջ 50 տարիների ակադեմիայի փառապանծ պատմությունը մոռացել է, երբ հայոց գիտությունը հայ ժողովրդին բերել է փառք ու պատիվ: Վերլուծության համար Սամվել Հարությունյանը վերցնում է 1990-ականների տարիները, երբ ամբողջ երկիրը գտնվում էր շատ ծանր վիճակում: Ակադեմիայի ինստիտուտներն այդ ժամանակաշրջանում տարին 3-4 ամիս չէին աշխատում ջեռուցման, լույսի եւ ջրի բացակայության պատճառով:…»: Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Սամվել Հարությունյանը բարձրաձայնում է խնդիրներ` չհստակեցնելով դրանք եւ մոռանալով, որ այդ խնդիրների կարգավորումը գիտության պետական կոմիտեի գործունեությունը պետք է լիներ: Նիստում նշվեց, որ Սամվել Հարությունյանը գիտության ոլորտում ձեռքբերումները վերագրել է 2007թ-ին ստեղծված եւ իր կողմից ղեկավարվող գիտության պետական կոմիտեին` թերագնահատելով ՀՀ ԳԱԱ-ի ամբողջ համակարգի գործունեությունը: Նիստում ներկայացվեցին միջազգային տարբեր ցուցանիշներ, որոնք վկայում են Հայաստանի գիտության բարձր վարկանիշի մասին: Այսպիսով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010 թ-ի զեկույցի համաձայն` Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի 10 երկրների ցանկում գիտական աշխատությունների թվով Հայաստանը 2008թ-ին զբաղեցրել է 2-րդ տեղը Իսրայելից հետո: Մեջբերման ինդեքսով ԱՊՀ երկրների ցուցակում 1991-2010 թվականներին զբաղեցրել է 3-րդ տեղը Ռուսաստանից եւ Բելառուսից հետո: Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանում գիտական հրապարակումների թիվը կրկնապատկվել է: ՀՀ ԳԱԱ-ն ակտիվացրել է միջազգային գիտական համակգործակցությունը եւ միայն 2013թ-ին իրականացրել է 72 ծրագիր միջազգային դրամաշնորհների շրջանակներում` ISTC-ի, FP7-ի, ANSEF-ի, NFSAT-ի, ԳԱՏՀ-ի, ԵԳԱԾ ԱՄՆ-ի, ՔՀՄՀ Գլոբալի, DAAD-ի, Եվրամիության եւ այլ միջազգային դոնորների աջակցությամբ: 2013թ-ին ՀՀ ԳԱԱ ինստիտուտները կազմակերպել են 65 գիտաժողովներ եւ սիմպոզիումներ: Այս բոլոր ցուցանիշներից եւ ոչ մեկը Սամվել Հարությունյանի գնահատականի մեջ նշված չեն եղել: ՀՀ ԳԱԱ ընդլայնված նիստի մասնակիցների մեծամասնությունը նշեց, որ լիազորված մարմնի ղեկավարի դիրքորոշումը ՀՀ ԳԱԱ-ի նկատմամբ անձնական բնույթ է կրում, չի համապատասխանում նրա լիազորությունների շրջանակին եւ փորձ է վարկաբեկելու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ինչն անընդունելի է: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին կոչ արվեց կառուցողական մոտեցում ցուցաբերել Հայաստանի գիտության խնդիրների վերաբերյալ: Նիստում ելույթ ունեցավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով անհրաժեշտ համարեց գիտության խնդիրների շուրջ կառուցողական քննարկումներ կազմակերպել:

 ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play