««Պատրիդա»-ն դիմում է ԼՂՀ և Արևմտյան Հայաստանի կառավարություններին՝ ընդունել հույների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» թեմայով ասուլիսի տեսագրությունը


««Պատրիդա»-ն դիմում է ԼՂՀ և Արևմտյան Հայաստանի կառավարություններին՝ ընդունել հույների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» թեմայով ասուլիսի տեսագրությունը

  • 23-01-2015 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հունվարի 23-ին ժամը 12,00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի  ունեցավ  ասուլիս:
 
Թեման՝ ««Պատրիդա» Հայաստանի և ԼՂՀ հույների հասարակական կազմակերպությունը դիմում է ԼՂՀ և Արևմտյան Հայաստանի կառավարություններին ընդունել հույների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում»:
 
Բանախոսն է՝
 
Էդուարդ Պոլատով - «Պատրիդա» հունական կազմակերպության նախագահ
 
 
Ուղերձ 
 
ԼՂՀ նախագահ պարոն Բակո Սահակյանին
ԼՂՀ վարչապետ պարոն Արայիկ Հարությունյանին
ԼՂՀ ԱԺ նախագահ պարոն Աշոտ Ղուլյանին
ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար տիկին Ժաննա Գալստյանին
ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար պարոն Գագիկ Պետրոսյանին
ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար պարոն Արմեն Սարգսյանին
 
 
ԴԻՄՈՒՄ
 
Հայերի ցեղասպանություն իրականացրած Թուրքիան մի ամբողջ դարի ընթացքում բազմիցս հնարավորություն ուներ զղջման համար, թեկուզև Գերմանիային հետևելով, սակայն բավարար ազնվություն և տղամարդկայնություն չունեցավ գոնե այդ օրինակից օգտվելու: Ավելին` նա ոչ միայն ժխտում է իր կատարած հրեշավոր չարագործությունը, այլև շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որում ցեղասպանությունն առաջվա պես դիտվում է որպես նպատակներին հասնելու միջոց: Ահա թուրքերի, ինչպես նաև նրանց ջանասեր աշակերտների` ադրբեջանցիների իրականացրած չարագործությունների համառոտ թվարկումը Մեծ Եղեռնից հետո. • 1955թ: Հրդեհվել է Աթաթուրքի տուն-թանգարանը, ինչից հետո Անկարան, հրդեհը որպես առիթ օգտագործելով, կազմակերպեց Թուրքիայի հույների սպանդ, որի ընթացքում տուժեցին նաև հայերը: Հետո պարզվեց, որ հրկիզումն իրականացրել էին իրենք` թուրքերը: • 1974թ: Թուրքիան բռնազավթեց Կիպրոսի տերիտորիայի 37% -ը: Ե՛վ Հունաստանը, և՛ Թուրքիան այն ժամանակ ՆԱՏՕ-ի անդամներ էին, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքը թուրքական ագրեսիային հակադարձող ոչինչ չարեց: Դրա հետևանքով զոհվեցին և անհետ կորան հազարավոր հույներ, որոնց ճակատագիրն անհայտ է առ այսօր: Ինչպես և ցեղասպանության այլ դրվագներում, հույների հետ տուժեցին և հայերը: • 1981թ: Ստամբուլում հանդիսավոր պայմաններում նշվեց քրիստոնյա ժողովուրդների սպանդի հեղինակ Թալիաթի մահվան 60-ամյակը: Կատարվեցին ավանդական թուրքական արարողակարգեր մարդկանց հոծ զանգավածների ուղեկցությամբ, պետական և ռազմական ղեկավարների ներկայությամբ: • 1988-1992թթ: Թուրքերի մշակած տեխնոլոգիաներով ադրբեջանցիների կողմից իրականացվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ բնակչության կոտորած: Արտաքսվեցին հարյուր հազարավոր հայեր: Ղարաբաղում գրավվեց ու ավերվեց հունական Մեխմանա գյուղը, բնակիչները արտաքսվեցին: • 1993թ: Ղարաբաղյան ճակատով մեկ լայնածավալ հարձակման նախապատրաստման համար թուրքական կառավարությունը Ադրբեջանին որպես օգնություն տրամադրեց կենդանի ուժ և տեխնիկա, կազմակերպվեց 5 հազար վարձկանների հավաքագրումն ու ֆինանսավորումը: • 2004թ: Եվրոպայի սրտում` Բուդապեշտում, զինվորական և գաղափարական պատրաստականությունը Կիպրոսի բռնազավթված տարածքում տեղակայված թուրքական ճամբարներում ձեռք բերած ադրբեջանական բանակի սպան ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնով սպանում է ՀՀ բանակի քնած հայ սպային` Գ. Մարգարյանին: • 2007թ: Սպանվեց հայտնի լրագրող և իրավապաշտպան Հրանտ Դինքը, որը խոսում էր ցեղասպանությունից և հանդես էր գալիս հօգուտ երկու ժողովուրդների հաշտեցման: Կոնստադնուպոլսի տասնյակ հազարավոր քրդեր, քրիստոնյաներ և թուրքեր դուրս եկան լրագրողին ու իրավապաշտպանին ուղեկցելու վերջին ճանապարհին` «Մենք բոլորս Դինք ենք», «Դինքին սպանեց Թուրքիան» ցուցապաստառներով: Սակայն մի քանի օր անց ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր: Թուրքիայի ազգայնամոլական մամուլում հայտնվեցին հոդվածներ` «Թուրքիան` թուրքերի համար», «Մենք բոլորս օգյուն ենք» կարգախոսներով և նմանատիպ քարոզչական նյութերով: Զուգահեռաբար սկսվեցին վախեցնել հայ հոգևորականությանը: Ակամայից հիշում ես ադրբեջանցիների հանրահավաքները` հաջակցություն Սումգայիթում հայերին սպանողների, հետո` հաջակցություն հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովի: Եթե 1998թ-ին հանրահավաքներն անցկացվում էին «Սումգայիթի հերոսներին` ազատություն», «Ադրբեջանը` ադրբեջանցիների համար» կարգախոսներով, ապա 2004թ-ին վանկարկում էին` «Մենք բոլորս Ռամիլ ենք». ադրբեջանական մամուլը հպարտորեն հաղորդում էր, որ այդ օրերին բազմաթիվ նորածին տղաների և աղջիկների անվանակոչել էին մարդասպանի անունով` «Ռամիլ» կամ «Ռամիլա»: Այսօր Թուրքիան կենտրոնացրել է իր զորքերը Սիրիայի սահմանին և սպառնում է բռնազավթել Սիրիայի տարածքները` վերջնագրային եղանակով առաջարկելով հայերին լքել իրենց տները: Սպառնալիքներից անցնելով գործի` թուրքերը գրավեցին և ամայացրին Քեսաբ քաղաքը` հալածելով քաղաքի հայ բնակչությանը: Այն բանից հետո, երբ հոշոտված հայերի, հույների և այլ ժողովուրդների ոսկորների վրա ստեղծվեց Թուրքիայի Հանրապետությունը, դրա նոր ղեկավարությունը չտարանջատվեց զանգվածային սպանդների կազմակերպիչներից ու իրականացնողներից, այլ ընդհակառակն, բարձր պետական պաշտոններ տրամադրեց երիտթուրքերին, որոնք ցեղասպանություն իրականացրած «Հատուկ կազմակերպության» անդամներ էին: Առ այսօր Թուրքիայում հանցագործների հիշատակը սրբերեն հարգում են: Ի դեպ, թուրք դահիճների նկատմամբ հոգատար վերաբերմունքով առանձնանում է և ֆաշիստական Գերնամիան: Իսրայելական «Էտիոտ Ախրոնատ» թերթի (12.12.1983.) վկայությամբ` Հիտլերն անձամբ էր զբաղվում հայերի և հույների դահճի` Թալեաթ փաշայի վերաթաղման հարցերով` 1943թ-ի սկզբին հանձնարարելով Մարտին Բորմանին թուրքական կառավարության հետ համատեղ Բեռլինից Ստամբուլ տեղափոխել մարդասպանի մնացորդները: Հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը չճանաչող, Հայաստանը շրջափակած, Կիպրոսի տարածքի մի մասը բռնազավթած, հանցագործներին հերոսների շարքում դասող, մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարող, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները խախտող Թուրքիան ձգտում է ընդգրկվելու Եվրամիության կազմի մեջ: Կասկած չի հարուցում այն, որ Եվրամիության մեջ ընդգրկվելով որպես լիիրավ անդամ` Թուրքիան վերջնականապես կսեփականացնի ջարդարարությամբ և կողոպուտով ձեռք բերած սպանված ժողովուրդների ժառանգությունը Ընդհանուր դիմումի մեջ չենք նշում զոհերի վիճակագրությունը, թե որտե՛ղ, ե՛րբ, և որքա՛ն անզեն հայ, հույն և ասորի կոտորվեց: Այդ թվերն զգալիորեն նվազեցվել են Թուրքիայի նախագահ Քեմալ Աթաթուրքի ջանքերով: Հենց նա 1931թ-ին հրապարակեց «Թուրքական պատմաբանական նախաձեռնություն» ստեղծելու հրահանգը. «Նախաձեռնության» կազմի մեջ ներառվել էին թուրք և օտարազգի վարձու պատմաբաններ, որոնց պատվեր էր տրված արխիվները մաքրելու, կեղծելու և հորինելու օսմանյան սրի տակ ապրած ժողովուրդների հին ու նոր պատմությունը: Բնականաբար, թուրք պատմաբանների ուշադրության կենտրոնում հայտնվեցին հույներն ու հայերը, որոնք Եվրոպայի ժողովուրդների լեզուներով իրենց կորուստների հարցը բարձրացրին: Ցավոք, թուրքական կեղծարարության մեջ որոշակի փուլում ներգրավվեցին նաև լենինյան պատգամներով պատմության նենգափոխման փորձ ունեցող խորհրդային պատմաբանները: Արդյունքում` հույն-թուրքական պատերազմը ձեռք բերեց հակահունական և հակահայկական մեկնաբանություն: Այդ նույն բաղադրատոմսն օգտագործվեց և այն ժամանակ, երբ ստեղծվում էր Ադրբեջանի պատմությունը, որից հայերը` որպես այսօրվա Ադրբեջանի տարածքի բնիկներ, ջնջված են: Թուրքական ցուցումների համաձայն` հայերի ստեղծարար դերակատարումը նույնպես չի ճանաչվում: Մնում է զարմանալ այն բանի վրա, թե ինչու այդքան «աննշան» ժողովուրդը «արժանացավ» ցեղասպանության և արտաքսման: Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի հայերը, որոնք բազմիցս ենթարկվել են թուրքերի և թուրքական ցեղերի ասպատակություններին, այսօր պաշտպանում են իրենց պետականությունը և իրենց հողի վրա ապրելու իրավունքը: Համոզված ենք, որ նրանք կկարողանան դրանք պաշտպանել հարձակողականորեն տրամադրված, ռևանշիստական զառանցանքներ ունեցող հարևանից: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հույների և ասորիների` Թուրքիայում իրականացված ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է, բայց կուզենայինք, որ հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես բոլոր առումներով կայացած պետություն, հայկական երկու պետություններից առաջինը լիներ, որ կդատապարտեր հույների և ասորիների ցեղասպանությունը Թուրքիայում: Ժամանակին Կիպրոսի Հանրապետությունը (1982թ) ճանաչեց և դատապարտեց հայերի ցեղասպանությունը, և միայն դրանից հետո դա արեց Հունաստանը: Ճիշտ է, Հունաստանն ավելի առաջ գնաց և երկրի խորհրդարանը 2014թ-ի սեպտեմբերի 9-ին ընդունեց օրենք` Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղսպանության ժխտումը քրեականացնելու մասին: Ամփոփելով վերն ասվածը` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» կազմակերպությունը դիմում է Ձեզ` Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանության ճանաչման գործընթացն սկսելու խնդրանքով: Մենք կոչ ենք անում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների հետնորդներին և միջազգային ամբողջ հանրությանը այսօրվա Թուրքիային ներկայացնելու դատական հայց` մեր ժողովուրդների դեմ կատարած հանցագործությունների պատասխանատվության ենթարկելու և յուրացրած պատմական, մշակութային և այլ արժեքներն իսկական տերերին վերադարձնելու պահանջով: Մեզ հետ է Աստված և մեր նախնիների հիշատակը
 
Արցախի և Հայաստանի հույների «Պատրիդա» կազմակերպության
 
Նախագահ
 
Էդ. Պոլատով (Պոլատիդիս)
 
Հունական կազմակերպությունների միության նախագահ
 
Ա. Խիտարով
 
ՀՀ, Երևան, Սեբաստիա 141 / 2բն.,11 Հեռ.` (+374) 99774500; Էլ. փոստ` epolatov@rambler.ru 23.12. 2014.
 
 
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1.ArmeniaTV
2.NT.am
3Aravot.am
 
Ասուլիսի լուսանկարներն այստեղ
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին:
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ