Համահայկական հռչակագիրը լավագույն պատասխանն էր Թուրքիայի վարած պառակտիչ քաղաքականության. Ռուբեն Սաֆրաստյան


Համահայկական հռչակագիրը լավագույն պատասխանն էր Թուրքիայի վարած պառակտիչ քաղաքականության. Ռուբեն Սաֆրաստյան

  • 30-01-2015 18:01:05   |   |  Քաղաքական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկը հերթական ծուղակն է Հայաստանի համար, սակայն ի պատիվ հայ պատմաբանների` հաջողվեց դրանից խուսափել: Նման կարծիք հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ  Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ նրա` այսպիսի առաջարկով Թուրքիայի իշխանությունները ոչ միայն ցանկանում են խեղաթյուրել և հարցականի տակ դնել պատմական փաստերը, այլև համաշխարհային հանրությանը ցույց տալ, թե իբր Թուրքիան  պատրաստ է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության հարցը:
«Այս հայտարարությունները Թուրքիայի իշխանություններն անում են` թիրախ ունենալով ժամանակակից աշխարհի հասարակական-քաղաքական տարբեր շրջանակաները, այդ իսկ պատճառով մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը աշխարհի երկրների մտավորականների, հասարակական և քաղաքական  շրջանակաների ներկայացուցիչների  հետ նրանց իրազեկելու նպատակով»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Անդրադառնալով հունվարի 29-ին ՀՀ նախագահի կողմից հրապարակված Համահայկական հռչակագրին` Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ այն աննախադեպ երևույթ էր Հայաստանի իրականության մեջ: 
Ըստ նրա` առաջին անգամ Հայաստանը և Սփյուռքը` ի դեմս բազմաթիվ կազմակերպությունների, հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ինչը վկայում է այն մասին, որ 2015 թվականին Ցեղասպանության 100-ամյակը ընկալվում է համայն հայության կողմից:
Բանախոսի համոզմամբ` հռչակագիրը լավագույն պատասխանն էր թուրքական իշխանությունների վարած պառակտիչ քաղաքականության:
«Լրջորեն պետք է սկսել և տրամաբանական ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության խնդիրը` այն  իրավական դաշտ տեղափոխելով»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը` հավելելով, որ տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը պայքարել է ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, «իսկ այսօր հասունացել է պահը, որպեսզի իրավական դաշտում պահանջենք փոխհատուցում»: 
Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի կողմից նախապատրաստված մի շարք նախաձեռնությունները թուրքագետը բնութագրեց որպես  քաղաքական խուճապի դրսևորում: 
«Թուրքիայի վերնախավը գտնվում է մեծ ճնշման տակ` կանխազգալով, որ այս տարին կլինի շատ բարդ իրենց համար, քանի որ աշխարհը փոխվել է և հին մեթոդներով դժվար կլինի շարունակել ցեղասպանության ժտողականությունը»,- նշեց բանախոսը:
Ռ. Սաֆրաստյանի գնահատմամբ,  ապրիլի 24-ին Թուրքիայի կողմից Գալիպոլիի ճակատամարտի նշումը և Հայաստանի նախագահին ուղղված հրավերը հերթական ցինիկ նախաձեռնություններից է, որը չի հասնի իր նպատակին:
Պատասխանելով լրագրողին այն հարցին, թե հնարավոր են արդյոք 100-ամյակին ընդառաջ հայ-թուրքական շփումները նախագահների մակարդակով, Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ այս հարցի շուրջ ոչ միայն լուրջ շփումներ չեն լինի, այլև հայ-թուրքական արձանագրությունների էջը կարելի է փակված համարել:
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play