Մրցույթ-փառատոն՝ ժողովուրդների մշակույթների մերձեցման և բարեկամության ամրապնդման


Մրցույթ-փառատոն՝ ժողովուրդների մշակույթների մերձեցման և բարեկամության ամրապնդման

  • 20-02-2015 15:01:51   | Հայաստան  |  Մշակույթ

ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ VI ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 
 
2014թ. ապրիլի 10-22-ը Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում կայացավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VI մրցույթ-փառատոնը նվիրված կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի 135 ամյակին: 
Միայն մասնակիցների քանակը եւ մասնակից երկրների աշխարհագրությունը վկայում է այն մասին, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության մանկական եւ երիտասարդական երաժշտական արվեստի խոշորագույն միջազգային տոնահանդեսը, որին մասնակցեցին շուրջ 2706 մարդ աշխարհի 33 երկրներից:
 
Ձեւավորված ավանդույթի համաձայն երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VI մրցույթ-փառատոնն սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ եւ  անցնում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի  բարձր հովանու ներքո: 
 
Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է նպաստել տարբեր ազգերի եւ ժողովուրդների մշակույթների մերձեցմանը, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, մշակութային կյանքի զարգացմանը ՀՀ մարզերում: 
 
Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են. ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն: 
 
Բոլոր մասնակիցներին եւ հյուրերին ողջույնի ջերմ ուղերձներ էին հղել ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը, Երեւանի պետական կոնսերվատորիայի խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը, մշակույթի, գիտության, պետական եւ հասարակական բազմաթիվ այլ գործիչներ:
Ողջյունների լրիվ տեքստերը հրապարակված են երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VI մրցույթ-փառատոնի գրքում:
 
«Վերածնունդ» փառատոնի Հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահներն են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, ՀՀ Առաջին տիկին Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը:
«Վերածնունդ» փառատոնի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, կազմկոմիտեի նախագահն է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Սարգսյանը: 
Հոգաբարձուների խորհրդի կազմում են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջին, անվանի ջութակահար ՌԴ ժողովրդական արտիստ, Սանկտ-Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Միխայիլ Գանդվարգը, անվանի դաշնակահարուհի, Ղազախստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, Կուրմանգազիի անվան ազգային կոնսերվատորիայի ռեկտոր Ժանիա Աուբակիրովան, անվանի ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանը (Ֆրանսիա), Բուլղարիայի Պլովդիվի երաժշտության պարի եւ կերպարվեստի ակադեմիայի ռեկտոր Միլչո Վասիլեւը, կոմպոզիտոր, Ղրղզստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ազգային կոնսերվատորիայի ռեկտոր Մուրադբեկ Բեգալիեւը, անվանի երգեհոնահար, ՌԴ ժողովրդական արտիստ, Կազանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Ռուբին Աբդուլինը, Երեւանի պետական կոնսերվատորիայի խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը եւ ուրիշներ:
 
«Վերածնունդ» փառատոնի գլխավոր հովանավորն է «Լույս» կրթական հիմնադրամը: 
 
Մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ էին ներկայացրել 2706 երաժիշտ-կատարողներ, որից 712-ը՝ աշխարհի 32 երկրներից, մնացածը Հայաստանի բոլոր մարզերից:
Մրցույթի 14 անվանակարգերում մասնակցում էին երաժիշտ-կատարողներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Բելոռուսիայից, Բուլղարիայից, Բելգիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Իսրայելից, Իրանից, Իտալիայից, Լատվիայից, Լեհաստանից, ԼՂՀ-ից, Լիբանանից, Լիտվայից, Լյուքսեմբուրգից, Հարավային Կորեայից, Հունաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Սիրիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Շվեդիայից, Չինաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Մոլդովայից, Հայաստանից:  
Ամենամեծ պատվիրակությունները ներկայացնում էին Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Իրանը եւ Վրաստանը:
Մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ 2014թ. ապրիլի 12-ին ժամը 18:00 Գյումրու դրամատիկական թատրոնում:
Մրցութային ծրագրի ունկընդրումները կատարվեցին ապրիլի 11-17-ը Գյումրու մշակութային եւ ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերով (դաշնամուր, 
լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, էստրադային երգեցողություն եւ էստրադային նվագախմբի գործիքներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն): 
Մասնակիցները հանդես եկան հինգ տարիքային խմբերով. ամենակրտսեր մասնակիցը 5 տարեկան էր, ամենամեծը՝ 51: 14 մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված էին 82 արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 21 երկրներից` (Հայաստանից, Ղազախստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լատվիայից, Ղրղզստանից, Իսպանիայից, Ռուսաստանից, Հունաստանից, Իտալիայից, Պորտուգալիայից, Արգենտինայից, Հարավային Կորեայից, Սիրիայից, Իրանից, Էստոնիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Ֆրանսիայից, Մոլդովիայից):
 46 ենթաանվանակարգերում I,II,III կարգի դափնեկրի կոչմանը արժանացան 378 մասնակիցներ: Մյուսները ստացան տարբեր խրախուսական դիպլոմներ, այդ թվում՝ «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող», «Մասնագիտական հանձնաժողովի խրախուսական», «Բեմական հմայք», «Ազգային երգի լավագույն կատարող» եւ այլն: 
Մրցույթ-փառատոնի մասնակիցների համար սահմանված էին բազմաթիվ այլ մրցանակներ եւ հուշանվերներ: Սահմանված էին հատուկ մրցանակներ անվանի երաժիշտներ՝ Ռոբերտ Անդրեասյանի անվան (դաշնամուր), Հրաչյա Բոգդանյանի անվան (լարային գործիքներ), Աբգար Մուրադյանի անվան (փողային գործիքներ), Գոհար Գասպարյանի անվան (ակադեմիական երգեցողություն), Թաթուլ Ալթունյանի անվան (երգչախումբ), Կոմիտասի անվան լարային քառյակի անվան (կամերային անսամբլ), Լեւոն Մադոյանի անվան (ժողովրդական գործիքներ), Հովհաննես Բադալյանի անվան (ազգային երգեցողություն), Շառլ Ազնավուրի անվան (էստրադային-ջազային երգեցողություն), Տիգրան Մանսուրյանի եւ Ավետ Տերտերյանի անվան (կոմպոզիցիա), Արմեն Տիգրանյանի անվան (երաժշտական թատրոն):
 
Փառատոնի շրջանակներում անցկացվեցին՝ ծառատունկ եւ «Վերածնունդ» պուրակի հիմնում, ընդունելություններ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի. ՀՀ Շիրակի մարզպետի, Գյումրու քաղաքապետի մոտ: 
 
Փառատոնի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում Մշակույթի տարվա կապակցությամբ անցկացվեց «Ռուսական մշակույթի օրեր», որի շրջանակներում տեղի ունեցան արվեստի անվանի գործիչների եւ կոլեկտիվների համերգները ու ստեղծագործական երեկոները ՀՀ տարբեր մարզերում:  
Ապրիլի 14-ին հատուկ ընդունելություն կազմակերպվեց Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատանը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Նշանավոր երաժիշտների կողմից Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում տրվեցին մի շարք համերգներ:
Համերգներին մասնակցեցին դաշնամուրային դուետ Նորմունդ եւ Անտրա Վիկսնեները (Լատվիա), երգեհոնահար Ռուբին Աբդուլինը, ջութակահար Միխայիլ Գանտվարգը, երգիչներ Զուրաբ Սոտկիլավան (ՌԴ), Է.Ասանալիեւը (Ղրղզստան), Շ.Աբիլովը (Ղազախստան), դաշնակահար Յուրի Մարգուլիսը (ԱՄՆ), Մ.Մորդվինովը (Գերմանիա), 
 
ֆլեյտահար Նեվարտ Գալիլեասը (Հունաստան),  Ղազախստանի Աբայի անվան ազգային օպերայի եւ թատրոնի բալետային խումբը: 
 
Փառատոնի օրերին նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երեւանում եւ Ստեփանակերտում անցկացվեցին 151 վարպետության դասեր:
Վարպետության դասեր անցկացրեցին դաշնակահար, Վրաստանի վաստակավոր արտիստ Վ.Սարաջաշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նինո Կատամաձեն, ՌԴ վաստակավոր արտիստ, թավջութակահար Լեւ Եվգրաֆովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Զուրաբ Սոտկիլավան, պրոֆեսոր Պիտեր Պաէմուրուն (Էստոնիա), պրոֆեսոր Վիտաուտաս Տետենսկասը (Լիտվա), Վրաստանի ժողովրդական արտիստ Շալվա Մոսիձեն, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ջութակահար Համիկ Դուրգարյանը (Իսպանիա) եւ այլն:
 
Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների առաջավոր երաժշտական բուհերի ղեկավարների կլոր սեղան, որի ընթացքում արծարծվեցին գիտամանկավարժական մի շարք խնդիրներ, կատարվեց առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար, կնքվեցին երկկողմ պայմանագրեր:
 Հանդիպումներին մասնակցում էին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, արվեստագիտության դոկտոր Կ.Զենկինը, Ալմաթայի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, կոմպոզիտոր Ակտոտի Ռաիմկուլովան, Սանկտ-Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Մ.Գանդվարգը, Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի ռեկտոր Գ.Մայարովսկայան, Ռոստովի Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Մ.Սավչենկոն, Կազանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Ռ.Աբդուլինը, Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շ.Շահինյանը, Ղրղզստանի ազգային կոնսերվատորիայի ռեկտոր Մ.Բեգալիեւը, Պլովդիվի (Բուլղարիա) երաժշտության, պարի եւ կերպարվեստի ակադեմիայի ռեկտոր Մ.Վասիլեւը եւ ուրիշներ:
 
Փառատոնի օրերին կազմակերպվեց մի շարք այցելություններ եւ ուղեւորություններ: Մասնակիցները եւ հյուրերը ծանոթացան Գյումրիի եւ Շիրակի մարզի (Հառիճ, Սառնաղբյուր, Մարմաշեն) պատմաճարտարապետական հուշարձաններին, եղան Երեւանում եւ Ստեփանակերտում:
 
Փառատոնի շրջանակներում կազմակերպվեց Մշակույթների երկխոսություն միջազգային 7-րդ գիտաժողովը, որին մասնակցեցին շուրջ ինը տասնյակ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից:  
 
2014թ. հուլիսի 15-ից 22-ը Վրաստանի Հանրապետության Քոբուլետի քաղաքում կազմակերպվեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողների եւ մրցանակակիրների ամառային դպրոցը, որին մասնակցեցին շուրջ 87 երաժիշտ-կատարողներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Կիրգիզիայից եւ Վրաստանից: 
Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցները հանդես եկան համերգներով, անցկացվեցին վարպետության դասեր Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գայանե Գեղամյանի, Ղազախստանի Կուրմանգազիի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Զամզագյուլ Իսմուրատովայի, Վրաստանի արվեստի գործիչների միության նախագահ Նինո Կուպատաձեի կողմից:
Փառատոնի օրերին հանդիպումների ժամանակ Ռուսաստանի Դաշնության,Ղազախստանի, Բելոռուսի, Ղրղզստանի, Վրաստանի, Մերձբալթյան երկրների եւ Հայաստանի արվեստի եւ մշակույթի բազմաթիվ գործիչների կողմից հնչեցին առաջարկություններ ստեղծելու Եվրասիական պետությունների արվեստի գործիչների միություն, որի կենտրոնակայանը կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքը: Ընդունվեց որոշում, որ 2015թ. գարնանը «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի ընթացքում տեղի է ունենալու Եվրասիական պետությունների արվեստի եւ մշակույթի գործիչների I համաժողովը, որի ընթացքում կազմավորվելու է նշված մշակութային հասարակական կազմակերպության ղեկավար եւ գործադիր մարմինները:
 
«Վերածնունդ» փառատոնի համանախագահ,արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր,
ԵՊԿ ԳՄ տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
 Կարինե Ավդալյան
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play