Խնդրանք հեռուստահաղորդումների բոլոր ղեկավարներին...


Խնդրանք հեռուստահաղորդումների բոլոր ղեկավարներին...

  • 03-03-2015 15:16:06   | Հայաստան  |  Վերլուծություն

"Ես 80 տարեկան կին եմ: Ապրում եմ Հայաստանում եւ արտագաղթելու մտադրություն բնավ չունեմ: Սակայն այն, ինչ տեսնում եմ այսօր՝ ինձ խորը ցավ է պատճառում, ուստի դիմում եմ հեռուստահաղորդումների բոլոր ղեկավարներին՝ խնդրանքս հաշվի առեք, հանեք մարդկանց այս ծանր հոգեվիճակից: 
Ընտրեք լավագույն հոգեբաններին և թույլ տվեք նրանց շաբաթվա մեջ մեկ օր ելույթ ունենան հեռուստատեսությամբ, որպեսզի մի փոքր թեթևացնեն այս տառապող ժողովրդի հոգեկան վիճակը: Անարդարությունը, երկրի անկառավարելի վիճակը, բուժման հնարավորություն չունեցող հիվանդները, օրվա հաց վաստակելու անհնար վիճակը, խառնաշփոթությունը, մարդասպանությունը եւ ինքնասպանությունները, հանցագործներին հովանավորելը, չբացահայտելը, էլի շատ ու շատ այլ բաներ, որոնք հնարավոր չէ թվարկել, մեզ բոլորիս դարձրել են հոգեկան հիվանդներ, ամբողջ ժողովուրդը հոգևարքի մեջ է: Հոգեբանի օգնության խիստ կարիք կա: Հուսադրեք մարդկանց, որ այսպես չի մնա, վիճակը կլավանա:
Ես իմ մասին չեմ անհանգստանում, քանի որ ես իմ կյանքն ապրել եմ, բայց չէ՞ որ մայր եմ և տատիկ, ուստի մտահոգվելու շատ բան ունեմ:
Այս երկրի համար պայքարել են մեր պապերը, հայրերը, որդիները, հիմա էլ՝ թոռները: Ես այս երկրի քաղաքացի եմ, քաղաքական գործերից հեռու, սակայն մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես  եիրտասարդ զինվորները սահման են պահում իրենց կյանքի գնով, պայքարում թշնամու դեմ, զոհվում, բայց պատերազմը թիկունքում է: Զինվորի մայրը պահանջ է ներկայացնում համապատասխան մարմիններին, ոստիկանները նրան գցել են հատակին եւ ուշաթափ վիճակով քարշ են տալիս, որ տանեն բաժին: Տեսել եմ հեռուստատեսությամբ:
Եթե այսպես շարունակվի, ոչ թե հոգեբույժի կարիք կլինի, այլ գժանոցի: Եթե 80 տարեկանը ծանր է տանում այս ամենը, ապա ինչ վիճակի մեջ են գտնվում երիտասարդ, ապրելու հեռանկար ունեցող մարդիկ:
Խնդրում եմ առաջարկիս ուշադրություն դարձրեք, հոգեբանորեն օգնեք ժողովրդին, հույս հայտնեք, որ այսպես չի մնա, մի օր արդարությունը բեմ կբարձրանա, պատասխանատվությունը անխուսափելի կլինի մեղավորների համար…"
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play