ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ


ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ

  • 04-03-2015 17:28:29   | Արմավիրի մարզ  |  Տնտեսություն

 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր` անձամբ հավաստիանալու համար, որ մարզում ոռոգման սեզոնի բացմանն ընդառաջ պատասխանատուների կողմից պատշաճ կերպով իրականացվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները: Նախարարին ուղեկցում էին Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը, ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների տնօրեններ և այլ պաշտոնատար անձինք: 
Այցի շրջանակում նախարարը եղել է Հուշակերտի պոմպակայանում, Շենավան, Գետաշեն, Նալբանդյան համայնքներում, որտեղ ծանոթացել է ներտնտեսային ոռոգման ցանցերի աշխատանքներին: Այստեղ պատասխանատուները հավաստիացրել են, որ բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, և իրենք լիովին պատրաստ են ոռոգման սեզոնի բացմանը:
Շուրջ 6 հազար հեկտար փաստացի ոռոգվող տարածք ընդգրկող «Մերձափնյա» ՋՕԸ  գործադիր տնօրեն Արշավիր Հայրապետյանը տեղեկացրել է, որ ՋՕԸ-ի կողմից սպասարկվող 16 համայնքներից տասում այս պահին ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները, մնացած 6-ում առկա  որոշակի տեխնիկական խնդիրները կվերացվեն մեկշաբաթյա ժամկետում:
Այնուհետև նախարարն ուղևորվել է Մրգաշատի  միջտնտեսային  ջրանցք: Այստեղ բնակիչները դժգոհություն են հայտնել այն մասին, որ ջրանցքում երկար տարիներ չեն կատարվել մաքրման աշխատանքներ: Նախարարը հանձնարարել է անհապաղ սկսել մաքրման  գործընթացը, և դրանց  արդյունքների վերաբերյալ զեկուցել իրեն:  
Արմավիրի մարզում նախարարի այցելության վերջին կանգառը Զարթոնքի պոմպակայանում էր, որտեղ շրջայցի ընթացքում ևս նախարարը տեղեկացել է, որ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են և պոմպակայանը լիովին պատրաստ է ջրամատակարարման շրջանին:
 «Արմավիրի մարզում կատարված դիտարկումը ցույց տվեց, որ ոռոգման համակարգում նախատեսված վերանորոգման և նախապատրաստական աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավարտված են: Ընդհանուր առմամբ հանրապետության ամբողջ ոռոգման համակարգը արդեն իսկ պատրաստ է սեզոնի մեկնարկին»,- լրագրողների հետ զրույցում նշել է նախարարը:
Նախարարի խոսքով` հանրապետության ցածրադիր գոտիներում` մասնավորապես Արարատի և Արմավիրի մարզի մի շարք համայնքներում, որտեղ վեգետացիան ավելի վաղ է սկսվում, արդեն իսկ ջրամատակարարումը սկսված է:   
Նախարարը նաև հավելել է, որ թեպետ ավանդաբար ոռոգման սեզոնը մեկնարկում էր ապրիլ ամսից, սակայն հաշվի առնելով ընթացիկ տարվա եղանակային պայմանները` հանձնարարարական էր տրված վերանորոգման և այլ նախապատրաստական աշխատանքները ավարտին հասցնել մինչև մարտի 1-ը,  և համակարգը բերել աշխատունակ վիճակի` առաջին իսկ պահանջի դեպքում գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու համար: 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ այցի ավարտին  նախարարը խորհրդակցություն է անցկացրել  Խոյի ջրօգտագործողների ընկերությունում, որին ներկա էին ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների տնօրենները, Արմավիրի մարզի թվով ինը ՋՕԸ-երի պետերը, Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, մարզային կառույցի ղեկավարները  և  ոլորտի այլ պատասխանատուներ: 
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին դիտարկման արդյունքում հայտնաբերված թերացումները և ոռոգման ոլորտում առկա  այլ խնդիրները: Նախարարը նշել է, որ հաշվի առնելով նախորդ տարվա դժվարություններն ու գյուղացիական տնտեսությունների արդարացի դժգոհությունները, պետք է այս տարի գործընկերային համաբերություններ ստեղծվեն գյուղացիական տնտեսությունների հետ` բացառելու հետագա դժգոհությունները կապված արդար ջրաբաշխման հետ:  Նախարարը հանձնարարել է պատասխանատուներին սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել դրանց շուտափույթ շտկման ուղղությամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն