Կանանց աշխատանքը ՏԻՄ-երում բարձր է գնահատվում


Կանանց աշխատանքը ՏԻՄ-երում բարձր է գնահատվում

  • 04-03-2015 19:53:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կանանց միջազգային օրվան ընդառաջ «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մարտի 4-ին, Երևանի «Դալան» պատկերասրահում բացվեց «Հայաստանի ՏԻՄ-երի կին քաղաքական գործիչները» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ՏԻՄ կին քաղաքական գործիչներ, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, այլ նախարարությունների, ինչպես նաև գենդերային խնդիրներով զբաղվող միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցուցադրության նպատակն էր ընդգծել Հայաստանի ՏԻՄ համակարգում կին քաղաքական գործիչների դերը: Նկարների հեղինակը լուսանկարչուհի Միլա Տեշաիևան է` ծագումով Ուկրաինայից: Ցուցասրահում ներկայացված աշխատանքների հերոսուհիները համայնքների ղեկավար և տեղում մանկավարժական գործունեություն ծավալող կանայք էին` պարզ ու հասարակ, իրենց աշխատանքային առօրյայում կամ դրանից դուրս, բայց մշտազբաղ ու մտահոգ` իրենց հանձնված խնդիրների լուծմամբ:

Բացման խոսքով ելույթ ունեցավ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Կեմպան.
- Միջազգային հանրությունը եկել է այն համոզմանը, որ գենդերային հավասարությունը մարդկության զարգացման առանցքային նախապայմաններից է: Մեր ծրագիրը կարևորում է տեղական և տարածաշրջանային մակարդակով քաղաքականության մեջ կանանց դերի բարձրացման անհրաժեշտությունը` հզորացնելով կին քաղաքական գործիչների կարողությունները և խրախուսելով նրանց մասնակցությունը պլանավորմանը, բյուջետավարմանը, ինչպես նաև արդյունավետ ծառայությունների մատուցմանը: Այս ցուցահանդեսը վկայում է Հայաստանի ՏԻՄ համակարգում կանանց ներկայացվածության արդյունավետության մասին, և և մեր հիմնական խնդիրն է տարածել լավագույն փորձը և մեծացնել նրանց ներգրավվածությունը համայնքային կառավարման ոլորտում:

ՀՀ ՏԿԱԻ նախարարի և նախարարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը.
- Սա շատ լավ առիթ է գնահատելու մեր գործընկերների ներդրումը տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման գործում: Այս ցուցահանդեսը նոր խոսք է ու հնարավորություն նրանց տեսնելու այլ միջավայրում: Իհարկե, 1990-ականների համեմատ` հիմա կանայք ավելի ակտիվ են, սակայն նրանց ներգրավվածության աստիճանը դեռ հեռու է ցանկալի մակարդակից: Միևնույն ժամանակ` նրանց քիչ ներգրավվածությունը փոխհատուցվում է համայնքային ղեկավարի դերում հանդես եկող կանանց ինտելեկտուալ արժանիքներով: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` ձեր աշխատանքի, ինչպես նաև մեր բոլոր գործընկերներին` ՏԻՄ-երին ու համայնքներում ժողովրդավարության զարգացմանն աջակցելու համար:

«Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն՝ ՀՀ ՏԿԱԻՆ համագործակցությամբ: Այն ուղղված է կանանց իրավունքների առաջխաղացմանը և հասարակության մեջ նրանց դերակատարման բարձրացմանը:

«Հայաստանի ՏԻՄ-երի կին քաղաքական գործիչները» խորագրով ցուցահանդեսը գործելու է մեկ շաբաթ:

 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն