Մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ


Մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ

  • 05-03-2015 13:41:45   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Մարտի 5-ի գիշերը սկսված ձյան տեղումների հնարավոր հետևանքները կանխելու նպատակով մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այնուհետ նաև բակային տարածքներում իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ: Գործընթացը մեկնարկել է տեղումների առաջին իսկ ժամից` վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունների տեխնիկական ու մարդկային ռեսուրսների ներգրավմամբ:
Լուսադեմին քաղաքի բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք անցանելի են եղել: Մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է համապատասխան ծավալի տեխնիկական աղ և շլաքային ավազ: Ձնամաքրման աշխատանքներին միացել են նաև տնտեսվարող սուբյեկտները, որոնք, Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման նորմերի որոշման համաձայն, ձմեռային ամիսներին պարտավոր են մաքրել տնօրինած կառույցներին հարակից տարածքները:
Ձնամաքրումն այժմ համապատասխան ծառայությունների աշխատակիցների և համատիրությունների ուժերով ծավալվել է բակային տարածքներում ու հարակից աստիճանավանդակներում, մայթերում ու ներբակային ճանապարհներում: Մայրաքաղաքի ձյան մաքրման աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը, իսկ տեղերում`վարչական շրջանների ղեկավարները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ անհրաժեշտության դեպքում ձնամաքրումը կշարունակվի նաև օրվա երկրորդ կեսին:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն