ԲՀԿ-ն պատրաստ չէր գնալու մինչեւ վերջ. Ալեքսանդր Մարգարով
05-03-2015 16:07:56 | Հայաստան | Քաղաքական
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և նրա ղեկավարությունը փորձեց փոփոխության ենթարկել սեփական նշանակությունը և դերակատարության կշիռը քաղաքականության մեջ, սակայն նշված ցանկությունը պետք է լինի հիմնավորված»,- մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Նրա գնահատմամբ՝ ԲՀԿ-ի ներկայացրած հիմնավորումը չէր անցել ժամանակի ստուգումը, հետևաբար նման պարագայում հնարավոր էր երկու սցենար. կամ ԲՀԿ-ը պետք է պատրաստ լիներ գնալու մինչև վերջ` ներկայացնելով և փոխելով սեփական դիրքորոշումը քաղաքական դաշտում, դրա համար ձեռնարկելով համապատասխան քայլեր, կամ պետք է պատրաստ չլիներ, ինչն էլ իրականում տեղի ունեցավ:
Ա. Մարգարովի կարծիքով ՀՀ նախագահի հայտնի ելույթն իրականում ԲՀԿ-ի որպես այլ քաղաքական կշիռ ունեցող կուսակցություն ներկայանալու ցանկության արձագանքն էր:
«Մարդիկ, որոնք հանդես էին գալիս որպես ԲՀԿ անդամ, լքեցին կուսակցությունը և սա տեսականորեն սպասելի էր, քանի որ կուսակցության կազմում իրենց համար այդքան էլ հասկանալի չէր սեփական դերակատարությունը»,- նշեց Ա. Մարգարովը` անդրադառնալով ԲՀԿ-ի շարքերն օր-օրի լքող կուսակցականներին:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հետագա դերակատարությանը, ապա քաղաքագետը կարծում է, որ Գ. Ծառուկյանը դուրս կգա ակտիվ քաղաքական կյանքից, իսկ ԲՀԿ-ի դերակատարությունը, ըստ բանախոսի, այլ հարց է և կախված է Գ. Ծառուկյանի կողմից հետագայում ֆինանսավորվելու հանգամանքից:
«Եթե Գ. Ծառուկյանն իր անձնական միջոցներով շարունակի ֆինանսավորել կուսակցությանը, ապա վերջինիս հնարավորություն կտրվի որոշ իմաստով մնալ քաղաքականության մեջ, սակայն շատ ավելի փոքր դերակատարությամբ՝ ԱԺ-ում»,- նշեց Ա. Մարգարովը: Հակառակ պարագայում, ըստ նրա, ԲՀԿ-ը կվերածվի սովորական շարքային կուսակցության և չի ունենա էական ազդեցություն քաղաքական կյանքում: