Գրիգոր Նարեկացին առաջին հայ Սուրբն է, ում կաթողիկե եկեղեցին շնորհելու է վարդապետի կոչում


Գրիգոր Նարեկացին առաջին հայ Սուրբն է, ում կաթողիկե եկեղեցին շնորհելու է վարդապետի կոչում

  • 05-03-2015 19:12:16   |   |  Մշակույթ

Հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ և փիլիսոփա Սուրբ Գրիգոր Նարեկացին 36-րդ վարդապետն է և առաջին հայ սուրբը, ում  Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհել է «Եկեղեցու վարդապետ» տիտղոսը: Ինչպես մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Գյումրիի և Աշոցքի շրջանի ժողովրդապետ Հայր Պետրոս վարդապետ Եսայանը, վարդապետ նշանակվում է այն սուրբը, որն ունի մեծ ներդրում աստվածաբանական եկեղեցու համար և կարևոր դեր ու ազդեցություն է ունեցել ժողովրդի հոգևոր կյանքում:
Ըստ նրա` ներկայիս աշխարհում, որտեղ չարն ամենուր է, շատ կարևոր է հասարակության կողմից Գ. Նարեկացուն ավելի լավ ճանաչելը և նրա ստեղծագործությունները հնարավորինս շատ կարդալը:
Այս առումով Հայր Պետրոսը կարևորեց այն բոլոր նախաձեռնությունները, որոնք խթանում և մեծ հետաքրքրություն են առաջացնում հասարակության մեջ Նարեկացու նկատմամբ:
«Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդի կողմից Գ. Նարեկացու մասին ֆիլմ է նկարահանվել, որը կոչվում է «Հովիվ», սակայն պետք է նշեմ, որ սա առաջին փորձն է և շատ հեռու է կատարելիությունից»,- ասաց վարդապետը:
Նրա կարծիքով բացի գրքերից, պետք է շատ լինեն Նարեկացու մասին պատմող ֆիլմերը,  երեխաների համար նախատեսված մուլտֆիլմերը, աղոթքների ձայնագրություններով սկավառակները:
Մեկնաբանելով կաթողիկե եկեղեցու վերոնշյալ որոշումը` հանդիպմանը ներկա փիլիսոփա, «Մատյան Ողբերգության» թարգմանիչ Աշոտ Պետրոսյանը նշեց, որ դա պայմանավորված էնրանով, որ Գրիգոր Նարեկացին կարողացել է վերծանել ամբողջ մարդկության հոգեբանությունը, գաղտնիքները, ցույց տալ մարդու բուն էությունը, նրա մեղսական բնույթը և այդ մեղքերից ազատվելու ճանապարհը:
Ըստ նրա` Գ. Նարեկացին համարվում է փոքր Աստվածաշունչ և համաշխարհային պատմության անզուգական դեմքերից մեկը:
«Հայերս պետք է մեծ պարտավորվածություն և հպարտություն զգանք, որ կրում ենք այդ անունը և լինենք նրա արժանի հետևորդը»,- նշեց Ա. Պետրոսյանը` հավելելով, որ պարզապես անհրաժեշտություն է հասկանալ Նարեկացու թողած ժառանգության արժեքը և խորհուրդը:
Ա. Պետրոսյանի համոզմամբ` 32 լեզուներով թարգմանված Նարեկը, յուրաքանչյուր ընթերցողի հասու է իր չափով:
Նշվեց, որ վերոնշյալ որոշման մասին Հռոմի Պապը կհայտարարի ապրիլին Վատիկանում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցվող պատարագի ժամանակ:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Մշակույթ