Ցուցահանդես ՄԱԿ-ի կենտրոնակայանում


Ցուցահանդես ՄԱԿ-ի կենտրոնակայանում

  • 06-03-2015 17:53:46   | ԱՄՆ  |  Մշակույթ

Մարտի 5-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Հայ Օգնության Միության (ՀՕՄ) հետ համատեղ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպել էր ընդունելություն, որով ազդարարվեց «Ասեղնագործություն գոյատևելու համար» խորագրով հայ կանանց ձեռագործ իրերի ցուցահանդեսի պաշտոնական մեկնարկը:
 
Ընդունելությանը ներկա էին հոգևոր դասի, ՄԱԿ-ի անդամ պետությունների, տեղական ու միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ։
 
Ընդունելությանն իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ցուցահանդեսի միջոցով ներկայացվում է մի ժողովրդի պատմություն, ով ճիշտ 100 տարի առաջ ենթարկվել է ոճրագործության, ինչն այն ժամանակ բնութագրվել է որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»։ Ըստ Մնացականյանի` ուսումնասիրելով հայերի դեմ իրագործված այդ եղեռնագործությունը` Ռաֆայել Լեմկինը երեք տասնամյակ անց ստեղծել է «ցեղասպանություն» տերմինը։
 
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց ցուցահանդեսի առաձնահատկությունը, քանի որ այն, միահյուսելով «խորհրդանշականն ու իրականությունը», ի ցույց է դնում եղեռնից մազապուրծ եղած կանանց մասին պատմություն: Ըստ դեսպանի` հայ կանայք, ապաստան գտնելով այլ երկրներում, ի զորու են եղել վերականգնել իրենց կյանքը և վերահաստատել իրենց ինքնությունը` հարմարվելով նոր միջավայրին ու իրականությանը: Երախտագիտություն հայտնելով ՀՕՄ-ին և ցուցահանդեսի մյուս աջակիցներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտեց, որ իր ժողովուրդը ոչ միայն կառողացավ ուժ գտնել` հիմնելու հզոր կառույցներ սփյուռքում, այլև, ի վերջո, ճանապարհ հարթեց` վերականգնելու իր պետականությունը և կանգնելու ՄԱԿ-ի մյուս անդամների կողքին։
 
Իր խոսքում ՀՕՄ-ի ատենապետ Վիքի Մարաշլյանը մատնանշեց ցուցահանդեսի կարևորությունը կանանց առաջխաղաղացման ու Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի լույսի ներքո։ ՀՕՄ-ի ատենապետը նշեց․ «Արվեստի այս գործերի ցուցադրմամբ մենք այսօր միասին հավաքվել ենք` տոնելու մեր նախնիների, մայրերի ու կանանց տոկունությունը, զարթոնքն ու ձեռքբերումները»։
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսում ներկայացված են ԱՄՆ հայկական թանգարանից բերված հայ կանանց գործվածքային ձեռագործ իրերի ցուցանմուշներ` 19-րդ դարի վերջերից մինչև մեր օրերը: 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play